Թուրք քրեական հեղինակություն Սեդաթ Պեկերը, ով երկրի իշխանությունների կողմից հետապնդվելու պատճառով փախել է արտասահման եւ, ինչպես ինքն է վկայում, պաշտպանվելու համար այժմ ամեն օր փոխում է իր ապաստարանը, հերթական՝ 8-րդ տեսաուղերձն է հրապարակել: Այն վերաբերում է Սիրիայում Էրդողանի վարչակազմի ռազմական հանցագործություններին: Պեկերը հայտարարել է, որ ինքն անձամբ ներգրավված է եղել հանցավոր սխեմաներում, եւ իրենք «օգնության» բեռնատարներով, որոնք ուղարկվել են Սիրիա, ահաբեկիչներին, մասնավորապես՝ «Ալ-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությանը զենք են մատակարարել:
Կազմակերպված քրեական խմբավորման ղեկավար Պեկերն իր տեսաուղերձներում, որոնք հրապարակել է նախկինում, տարբեր հանցագործությունների կատարման մեջ մեղադրել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ նրանց, ովքեր մտերիմ հարաբերություններ ունեն Էրդողանի հետ: Դրանք լուրջ մեղադրանքներ են, որոնք հնչել են «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչների՝ նախարարների ու այլ ղեկավարների հասցեին: Պեկերը նրանց մեղադրում է նաեւ կոռուպցիայի մեջ, խոսում իշխանական կառուցվածքում կեղտոտ հետաքրքրությունների մասին, որոնց ինքը նույնպես մասնակցել է:
Թուրքիան մշտապես փորձել է հերքել մեղադրանքները, որ կապ ունի իսլամական ծայրահեղական եւ ահաբեկչական խմբավորումների հետ, սակայն Պեկերի հայտարարությունը լույս է սփռում Անկարայի որդեգրած դիրքորոշման վրա:
Նշվում է, որ այդ զենքերն ուղարկվել են պաշտպանության, շինարարության, արդյունաբերության եւ առեւտրի միջազգային խորհրդատվական ընկերության (SADAT) միջոցով, որը հիմնադրել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ադնան Թանրիվերդին:
Սեդաթ Պեկերի հայտարարություններն իրականում Սիրիայում Էրդողանի վարչակազմի ռազմական հանցագործությունների մասին հայտնի փաստերի շարադրանք են եւ կարող են դիտարկվել որպես պատերազմական հանցագործությունների բացահայտում: Տեսանյութում Պեկերը, խոսելով Սիրիայի եւ Լիբիայի մասին, օգտագործում է «արդյոք անհրաժե՞շտ է մուտք գործել Սիրիա-այո, արդյոք անհրաժե՞շտ է մնալ-այո», «շատ կարեւոր է, որ մենք Լիբիայում լինենք», «Կապույտ հայրենիք» եւ այլ արտահայտություններ: Սա նշանակում է, որ Թուրքիայի իշխանություններն իրենց զավթողական ծրագրերի իրականացման գործում օգտագործել են Պեկերին, բայց վերջինս դեմ է, որ մրցանակներն «ազգային շահերի քողի» տակ միշտ բաժին հասնեն նույն մարդկանց:
Պեկերն իր տեսանյութում ասում է, որ իրեն առաջարկել են. «Եկեք ձեր մեքենաների հետ լրացուցիչ բեռնատարներ ուղարկենք»՝ իր «օգնության» շարասյան հետ, որն ուղարկվել է Բայիրբուջակի թուրքմեններին 2015 թ. նոյեմբերին, սակայն այդ բեռնատարները ստեղծվել են ոչ թե ազգային հետախուզական կազմակերպության կամ Թուրքիայի զինված ուժերի, այլ SADAT-ի կողմից, որը գլխավորել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ադնան Թանրիվերդին: Պեկերը չի մոռանում ավելացնել, որ այդ բեռնատարներում զենք է եղել: Այնուհետեւ նա նշել է, որ տարածաշրջանի թուրքմենները պատմել են, թե այդ զենքերն ուղարկվել են «Ալ-Նուսրա» խմբավորմանը, եւ ինքը նույնիսկ հարցրել է, թե ինչու է զենք մատակարարվել «Ալ-Նուսրային», որը պատերազմում է շիա թուրքմենների հետ:
Պեկերի մեկ այլ կարեւոր հայտարարությունը վերաբերում է «Ալ-Նուսրայի» հետ զենքի եւ անմշակ նավթի միլիարդավոր դոլարների առեւտրին: Պեկերն ասել է, որ գործարքները նախ հավանության է արժանացրել Թուրքիայի նախագահի վարչակազմի վարչական բաժնի ղեկավար Մեթին Քիրաթլին, որից հետո գործի է անցել «MT Grup»-ը՝ Մուրատ Սանջաքի եւ Ռամազան Օզթյուրքի, այնուհետեւ՝ տնտեսական գծով «Ալ-Նուսրայի» պատասխանատու Աբու Աբդուռահմանի գլխավորությամբ:
Մուրատ Սանջաքի անունն իր վրա ուշադրություն է գրավում նաեւ այն բանով, որ նա նույնպես BMC-ի տնօրենների խորհրդի անդամ է: BMC-ն նախագահ Էրդողանի ամենամոտ ընկերություններից մեկն է եւ առաջատար խաղացող պաշտպանական արդյունաբերության ոլորտում:
Պեկերը վստահեցնում է, որ SADAT-ն անվտանգության մասնավոր ընկերություն է, որը հիմնադրվել է բրիգադային գեներալ, Էրդողանի գլխավոր խորհրդական եւ մոտ ընկեր Ադնան Թանրիվերդիի կողմից եւ այդ պատճառով կոչվում է Էրդողանի «ռազմականացված ուժ»: Այդ «ընկերությունը» ստեղծվել է 2012 թ. սկզբին՝ սիրիական պատերազմի սկզբնական փուլում, որում Էրդողանի վարչակազմը փորձեց գլխավոր դեր ստանձնել՝ հավակնելով տարածաշրջանային տերության կարգավիճակի եւ սուննի իսլամական աշխարհում առաջնորդի դերի: Թուրքիայի «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները նույնպես ժամանակին հայտարարել է, որ ինքը տեղեկություններ ունի Քոնիայում ու Թոքատում SADAT-ի մարզումային ճամբարների առկայության մասին:
Հասկանալու համար, թե ինչու են այդ զենքերն «Ալ-Նուսրային» մատակարարվել SADAT-ի, այլ ոչ թե ազգային հետախուզական կազմակերպության կամ բանակի միջոցով, հարկ է ուշադրություն դարձնել դրան նախորդած մի շարք իրադարձությունների:
2013 թ. մայիսին Էրդողանը, ով այդ ժամանակ վարչապետ էր, Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Այդ ժամանակ ԱՄՆ-ի ու Էրդողանի վարչակազմերի միջեւ տարաձայնություններ առաջացան: Բանն այն է, որ Միացյալ Նահանգները Սիրիայի արմատական իսլամական ուժերին սպառնալիք էր համարում ինչպես Մերձավոր Արեւելքում էներգետիկ ռեսուրսների վրա ԱՄՆ վերահսկողության, այնպես էլ տարանցիկ ուղիների եւ Իսրայելի անվտանգության հարցերում, իսկ Էրդողանի վարչակազմն աջակցում էր ջիհադական այդ խմբավորումներին, որոնք սկսում էին աստիճանաբար գերիշխող ուժ դառնալ: Բանակցություններում Օբաման ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Ֆիդանին ասաց. «Մենք գիտենք, թե դուք ինչ եք անում Սիրիայում արմատականների հետ»:
2014 թ. հունվարին Էրդողանի եւ նրա նախկին գործընկերների՝ գյուլենականների միջեւ առաջացած հակամարտության պատճառով Հաթայ նահանգի Կիրիկխանում եւ Ադանայի նահանգի Ջեյհան բնակավայրերում կանգնեցվեցին Սիրիա ուղեւորվող ազգային հետախուզական կազմակերպության բեռնատարները: Պարզվեց, որ դրանցում բժշկական սարքավորումների քողի տակ թաքցված են հարյուր հազարավոր միավոր զենք ու զինամթերք:
Միեւնույն ժամանակ Ասադի վարչակազմի կարեւորագույն աջակից Ռուսաստանը հաճախ է հայտարարություններ արել, որ ԴԱԻՇ-ի, «Ալ-Նուսրայի» եւ սիրիական պատերազմի մեջ ներգրավված ջիհադական այլ խմբավորումների հետ Էրդողանի վարչակազմի համագործակցության մասին ապացույցների է տիրապետում:
Ահա թե ինչու Էրդողանի վարչակազմը, որը միջազգային ասպարեզում ավելի ու ավելի ծանր վիճակի մեջ էր ընկնում Սիրիայում կատարած ռազմական հանցագործությունների եւ ջիհադական խմբավորումների՝ մարդկության թշնամիներին աջակցելու պատճառով, գործարկում է «անվտանգության մասնավոր ընկերություն»՝ SADAT անվամբ: Դասեր քաղելով բարդ իրավիճակից, որում ազգային հետախուզական կազմակերպության բեռնատարներն ուղղակիորեն «քաշել» են Էրդողանի վարչակազմին, իշխանությունները որոշում են հետագայում այդ հարաբերությունները շարունակել SADAT ընկերության միջոցով: Համաձայն այդ քաղաքականության՝ SADAT-ն այնուհետեւ օգտագործվում է նաեւ լիբիական պատերազմում:
«Ալ-Նուսրայի», իսկ այնուհետեւ ԻԳԻԼ-ի հետ առեւտրային կեղտոտ կապերի մասին ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը 2015 թ. հայտարարել է. «Համաձայն մեր տեղեկությունների՝ այդ հանցավոր բիզնեսում ներգրավված է երկրի քաղաքական բարձրագույն ղեկավարությունը, նախագահ Էրդողանն ու նրա ընտանիքը»:
Պեկերը, խոսելով այդ կեղտոտ հարաբերությունների մասին, որոնք Սիրիայում եւ Լիբիայում պաշտպանվում են «հայրենիք-ազգ», «ազգային շահեր» լոզունգներով, բողոքում է. «Ինչու են այդ տենդերները միշտ տրվում նույն՝ 5-10 ընտանիքներին, ընկերություններին»: Այնուհետեւ նրանց անվանում է Բերաթ Ալբայրաքի թիմ: Պեկերի այս բողոքը ոչ միայն ցուցադրում է այսօր տեղի ունեցող հակամարտության հիմնական պատճառները, այլեւ միեւնույն ժամանակ մատնանշում է, թե իրականում ում է ծառայում էքսպանսիոն քաղաքականությունը, որը ժողովուրդը պետք է կուլ տա որպես «ազգային շահ»:
Այսպիսով՝ Պեկերի հայտարարությունները պետք է դիտարկել որպես ռազմական հանցագործությունների ընդունում, որին նա նույնպես մասնակցել է: Այս խոստովանությունները ցույց են տալիս, որ «հայրենիք-ազգ» շղարշով ծածկված կեղտոտ հարաբերությունները մերկացնելու եւ այս նեխած կարգին պատասխանատվության ենթարկելու համար ժամանակն է դուրս գալ կատարվածին պարզապես հետեւելու շրջանակներից:
Էրդողանի իշխանության կատարած հանցագործությունների մասին այսօր գրում են նաեւ թուրքական ԶԼՄ-ները: Նշանակում է՝ Պեկերի հայտարարությունները տեղ են հասնում. քրեական հեղինակությունն իսկապես կատարում է խոստացածը՝ Թուրքիայի իշխանություններին ցուցադրելով, թե ինչեր կարող է անել մեռնող տղամարդը…