Եթե ժամանակակից աշխարհում գոյություն ունի ճշմարտության ճգնաժամ, ապա տվյալ խնդրի արմատը ճշմարտության փիլիսոփայական տեսությունների անհամապատասխանությունը չէ: Կարելի է նույնիսկ պնդել, որ ճշմարտության իր համառ որոնումների մեջ փիլիսոփայությունը փաստորեն սանձազերծել է այն թերահավատ ուժերը, որոնք հանգեցրել են իր հեղինակության խարխլմանը: «Որտեղից գիտեք» եւ «Ինչ նկատի ունեք…» հարցերը փիլիսոփայական բնույթի հարցեր են, որոնք աղավաղվել են ցինիկ հասարակության մեջ:
Մեր հիմնախնդիրն այն չէ հիմնականում, թե ինչ է նշանակում «ճշմարտություն», այլ թե ինչպես եւ ով է հայտնաբերում ճշմարտությունը: Ճշմարտությունը թվում էր պարզ, քանի որ դյուրին էր ենթադրել, թե այն, ինչը մենք համարում ենք ճշմարիտ, մեծավ մասամբ ճշմարտություն է, եւ որ սերնդե-սերունդ փոխանցվող իմաստությունը հավերժական է: Այս պարզությունը քայքայվել է տարատեսակ ուժերի բազմության ազդեցությամբ:
Գիտությունը ցույց տվեց, որ աշխարհի օրինաչափությունների մասին մեր իմացածի մեջ շատ սխալներ կան, եւ որ մենք թյուր գիտենք նույնիսկ մեր սեփական մտածողության օրինաչափությունները: Զարգացման տեմպը հարկադրում է ինքներս մեզ հարց տալու, թե այսօրվա անվերապահ ճշմարտությունն արդյոք վաղը չի դառնա հնացած սխալ: Ավելին, որքան աշխարհն ավելի է սեղմվում գլոբալացման ընթացքով, այնքան ավելի հիմք է առաջանում մեզ համար կասկածելու, թե այն, ինչը մենք մեր մշակույթի շրջանակում համարում ենք ճշմարտություն, արդյոք այդպիսի՞ն է իրականում, թե՞ դա ընդամենը տեղական նախապաշարմունք է:
Ժողովրդավարական հասարակությունների բաց լինելը նույնպես հնարավորություն է ընձեռել ազատ մամուլին ավելի ու ավելի շատ բացահայտելու իշխանության միջանցքներում կատարվողը՝ մեզ առավել տեղեկացնելով, թե ինչ եղանակներով են մեզ մոլորեցնում: Հոգեբանության զարգացումը հնարավորություն է ընձեռել բազում մարդկանց տիրապետելու ձեռնածության անթիվ-անհամար մեթոդների, բազում մարդկանց էլ՝ հասկանալու, թե ինչպես են դրանք գործում. խաբեության սպառազինության յուրատեսակ մի մրցավազք, որտեղ ճշմարտությունը հիմնական զոհն է:
Ճշմարտությունը դարձել է շատ ավելի նվազ շիտակ ու պարզ, բայց ես ոչ մի ապացույց չեմ տեսնում, թե մարդկանց մեծամասնությունը դադարել է հավատալ ճշմարտությանը: Մարդիկ շարունակում են կեղծիքից նախկինի պես վրդովվել, ինչն անիմաստ կլիներ, եթե նրանք չհավատային, որ դա ճշմարիտ չէ: Կեղծ մեղադրանք ներկայացրեք հետարդիականության ամենանվիրյալ ներկայացուցիչներին, եւ նրանք ուսերն իսկ չեն թոթվի ու կընդունեն իրադարձությունների ձեր մեկնակերպը որպես պատմության մի տարբերակ, իրողության կառուցակարգման մի տեսակ, որը նույնքան օրինական է, որքան ամեն մի այլ տեսակ: Նրանք կարող են սեմինարների ընթացքում ընդդիմանալ ճշմարտության լեզվին, բայց դատարանում պաշտպանվելիս իրենց լեզուն կկծեն եւ կերդվեն ասել ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը եւ ոչինչ ճշմարտությունից զատ՝ հրաշալի հասկանալով, թե դա ինչ է նշանակում եւ ինչու է դա կարեւոր:
Ահա թե ինչու «հետճշմարտային» (post-truth) հասարակության մասին խոսակցությունը վաղաժամ է եւ մոլորեցնող: Այն նույն փաստերը, որոնք ցույց են տալիս «ճշմարտություն» բառի գործածության դարուկեսյան անկումը, նաեւ վկայում են քսանմեկերորդ դարում այդ հասկացության վերածննդի մասին: Մենք նույնիսկ չէինք էլ խոսի հետճշմարտության մասին, եթե չհամարեինք, թե որքան կարեւոր է ճշմարտությունը: Աշխարհը ո՛չ պատրաստ է, ո՛չ էլ ցանկանում է հրաժեշտ տալ ճշմարտությանը, նույնիսկ քաղաքականության մեջ, որտեղից երբեմն թվում է, թե նա արդեն հեռացել է…. Իրականում, կեղծիքը կարող է տակավին քաղաքական գործիչներին գցել իսկապես շատ տհաճ իրավիճակների մեջ: Քաղաքական ճշմարտության հանդեպ հետաքրքրության կորուստը սերտորեն առնչվում է այդ գործիչների քաղաքական խոստումներին եւ վերջիններիս հիմնավորման համար օգտագործվող ապացույցներին: Ընտրազանգվածը գնալով ավելի ու ավելի է հակվում այն կարծիքին, որ ծրագրային խոստումները, ամրապնդված հատ-հատ ընտրված կամ հորինված փաստերով ու թվերով, չարժեն նույնիսկ այն թուղթը, որի վրա դրանք արդեն չեն էլ տպագրվում:
Այս հուսահատեցնող ցինիզմի հիմքում ընկած է յուրատեսակ պարտվողականությունը, այն բանի ընդունումը, թե մենք պաշարներ չունենք տարբերակելու համար ո՞վ է ասում ճշմարտությունը եւ ո՞վ՝ լոկ ճշմարտախոսի կեցվածք ընդունում: Չկարողանալով տարբերել ճշմարտությունը կեղծիքից՝ ընտրողները իրենց քաղաքական գործիչներին ընտրում են ըստ այլ, ավելի հուզական գործոնների: Կորցնելով վստահությունը մեր ուղեղի հանդեպ՝ մենք դրա փոխարեն հակված ենք հենվելու մեր զգացմունքների եւ սրտի վրա….
Վերականգնելու համար հավատը ճշմարտության ուժի եւ արժեքի հանդեպ՝ մենք չենք կարող շրջանցել դրա բարդությունը: Ճշմարտությունը կարող է լինել եւ հաճախ լինում է դժվար հասկանալի, բացահայտելի, բացատրելի, վավերացնելի: Ճշմարտությունը տագնապալի դյուրությամբ հնարավոր է թաքցնել, աղավաղել, գռեհկացնել կամ նենգափոխել: Հաճախ մենք չենք կարող վստահաբար պնդել, թե գիտենք ճշմարտությունը: Մեզ հարկավոր է վերլուծել տարբեր տեսակի իրական եւ ենթադրյալ ճշմարտություններ եւ հասկանալ, թե ինչպես է պետք պարզել դրանց իսկությունը: Եթե մենք կարողանանք դա անել, ապա, հնարավոր է, որ մենք հայտնվենք ոչ թե հետճշմարտության դարաշրջանի շեմին, այլ ավելի շուտ հետճշմարտության վաղանցիկ մի պահի մեջ, յուրատեսակ մշակութային ջղաձգման, որն իր ժամանակին տեղը զիջելու է հավասարակշռված հույսին….
Եթե մենք ուզում ենք ճշմարտությունն իմանալ, ապա թերեւս պիտի հասկանանք, որ ամենից առավել մեզ հարկավոր է հետազոտության որոշակի մեթոդ կամ փաստերի պարզաբանման համար կանոնների հավաքածու: Գաղափարների պատմությունը զերծ չէ նման սկզբունքներից եւ ընթացակարգերից, լինի դա Դեկարտի արտածական դատողությունը, Բեկոնի գիտական մեթոդը, սուրբ գրքերի ուսումնասիրությունը կամ մեդիտացիայի եւ կենտրոնացման հնարքներով ներըմբռնումը: Մեր այս պատմությունը ենթադրել է տալիս, որ թվարկվածից ավելի կարեւոր մի բան կա՝ վերաբերմունքը: Ճշմարտության հայտնաբերումը պահանջում է այնպիսի «իմացական առաքինություններ», ինչպիսին են համեստությունը, սկեպտիցիզմը, այլ տեսակետներ ընդունելու տրամադրվածությունը, համատեղ հետազոտության ոգին, ուժի հարկադրանքին դիմակայելու կարողությունը, ճշմարտության մեջ ավելի խորանալու ցանկությունը, մեր բարոյականությունը փաստերով ուղղորդելու պատրաստակամությունը:
Այս իմացական առաքինությունները հետճշմարտության աշխարհում նվազ ակնհայտ են դարձել, քանի որ շատ ավելի մեծ տարածում են գտել դրանց համապատասխանող բոլոր արատները՝ չափազանց ինքնավստահություն, ցինիզմ, փակ մտածելակերպ, ծայրահեղ անհատապաշտություն, կրավորական ենթարկվածություն ուժի հարկադրանքին, ճշմարտության մեջ ավելի խորանալու ցանկության կորուստ, բնազդով առաջնորդվող բարոյականություն:
Այդուհանդերձ, հետճշմարտության աշխարհում մեր մեծագույն մխիթարությունն այն է, որ իմացական առաքինությունները լայնորեն եւ բացահայտորեն մերժված չեն, ոչ էլ արատներն են անվերապահորեն ընդունված: Մեզանից շատերն են շարունակում արժեքավորել ճշմարտության երկու գլխավոր առաքինությունը՝ անկեղծությունը եւ ճշգրտությունը: Այս երկու ճշմարտությունը հուշում են, որ ճշմարտությունը պահանջում է ճիշտ փոխհարաբերություն ճշմարտություն որոնողի եւ աշխարհի միջեւ, այն է՝ փաստերը ճիշտ ըմբռնելու համար մեզ հարկավոր է դրանց հանդեպ ճիշտ վերաբերմունք ունենալ:
Ճշմարտությունը կա, եթե մենք պատրաստ ենք փնտրելու այն, նույնիսկ եթե բնավ հստակ ու պարզ չէ: Մենք հակված ենք մտածելու ճշմարտությունների մասին ինչպես փայլուն գլաքարերի՝ կոշտ, անփոփոխ, որոշակի, մեր մտքի մեջ հավաքված՝ որպես յուրատեսակ քարի այգի: Ճշմարտությունն իսկապես ավելի նման է իրական այգու, բայց օրգանական, ամբողջական համակարգի, որտեղ ամեն ինչ ագուցված է միմյանց: Մինչ որոշ բաներ լավն են եւ անփոփոխ, մյուսները աճում են, փոփոխվում կամ մահանում: Եվ ինչպես այգին, ճշմարտությունը կարիք ունի խնամքի, այլապես այն կլցվի առասպելների, աղավաղումների, թյուրիմացությունների եւ կեղծիքի մոլախոտերով….
Այլընտրանքային հեռանկարները չպետք է ընկալվեն որպես այլընտրանքային ճշմարտություններ, այլ որպես ճշմարտության հարստացումներ: Ուժը չի ծնում ճշմարտություն, ճշմարտությունն է ծնում ուժ…. Ճշմարտության պաշտպանությունը հաճախ ընդունում է «ճակատամարտի» ձեւ՝ հանուն մեզ տարանջատող մասնակի ճշմարտությունների: Երբեմնակի դա անհրաժեշտ է լինում, բայց որպես ռազմական փոխաբերություն, նպաստում է հակամարտությանը:
Ավելի մեծ, միավորող ձեռնարկումը պաշտպանությունն է ճշմարտությանը վերագրվող մեր ընդհանուր արժեքների, մեզ դեպի ճշմարտություն ուղղորդող առաքինությունների եւ ճշմարտությունը բացահայտող սկզբունքների:
Ի վերջո, կարիք չկա բաց դուռը հրելու, քանզի բոլորս էլ հասկանում ենք, որ ճշմարտությունը փիլիսոփայական վերացարկում չէ: Իրականում Ճշմարտությունը վճռորոշ դեր է կատարում այն բանում, թե ինչպես ենք մենք ապրում եւ օրեցօր ինչպես ենք իմաստավորում աշխարհը, ինքներս մեզ եւ մեկս մյուսին:
Հատված Ջուլիան Բջինիի «Ճշմարտության հակիրճ պատմություն» գրքից:
Թարգմանությունը անգլերենից Վ. Միրզոյանի