Ճապոնիան եւ Ավստրալիան ստորագրել են անվտանգության պայմանագիր, որով պայմանավորվել են կիսվել գաղտնի հետախուզության տվյալներով եւ խորացնել ռազմական համագործակցությունը։ Այն առաջին հերթին ուղղված է Չինաստանի աճող ռազմական հզորությանը դիմակայելուն:
Հոկտեմբերի 22-ին այցելելով Ավստրալիա՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Պերտում հանդիպել էր երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզի հետ՝ վերաբանակցելու 15 տարվա վաղեմության համաձայնագրի շուրջ։ Նախորդ փաստաթուղթը նախատեսում էր երկու երկրների զինվորականների համատեղ ուսուցում արտակարգ իրավիճակներում եւ խաղաղապահ գործողությունների ժամանակ, ինչպես նաեւ համագործակցություն կողմերի միջեւ ահաբեկչության դեմ պայքարում եւ հետախուզության ոլորտում։ Նշենք, որ 2007-ին միջազգային դրությունն այնքան լարված եւ պայթունավտանգ չէր, ինչպես մեր օրերում, հետեւաբար, այդ համաձայնագիրն ավելի առարկայական ու գործնական բնույթ կարող է ստանալ եւ միաժամանակ ցույց է տալիս այս երկրների շահերի ու անվտանգային համակարգերի համատեղելիությունը։ «Այս պատմական հայտարարությունը հզոր ուղերձ է հղում տարածաշրջանին մեր ռազմավարական կողմնորոշման մասին»,- ասել էր Ալբանեզը՝ շեշտելով, որ Կանբերա-Տոկիո երկկողմ հարաբերությունները հասել են «կարեւորության ամենաբարձր մակարդակին, որը երբեւէ եղել է»: Ալբանեզը նաեւ հայտնել է, որ ավստրալական եւ ճապոնական զինվորականները համատեղ զորավարժություններ կսկսեն: Չհիշատակելով Չինաստանի կամ Հյուսիսային Կորեայի մասին՝ Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ համաձայնագիրը պատասխան է «ավելի ու ավելի կոշտացող ռազմավարական միջավայրին»: Ի դեպ, սա Ճապոնիայի վարչապետի առաջին այցն է Ավստրալիա 2018-ից ի վեր։
Ակնկալվում է նաեւ, որ խաղաղօվկիանոսյան երկու երկրները կկենտրոնանան, մասնավորապես, աշխարհատարածական ազդանշանների փոխանակման եւ էլեկտրոնային գաղտնալսող արբանյակներից ստացված հետախուզության կամ SIGINT-ի (SIGnal Intelligence) վրա: Ավստրալիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ղեկավար Բրայս Ուեյքֆիլդի խոսքով՝ չնայած Ճապոնիան չունի ԿՀՎ-ի նման հետախուզական գործակալություն, սակայն ճապոնացիներն ունեն հզոր էլեկտրոնային հետախուզություն, որը կարեւոր տեղեկատվություն է տրամադրում հակառակորդների մասին։ Ուեյքֆիլդի կարծիքով՝ գործարքը կարող է մոդել ծառայել Ճապոնիայի համար՝ ավելի սերտ անվտանգային կապեր զարգացնելու այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան: Ճապոնիայի համար համաձայնագիրը դիտվում է եւս մեկ քայլ՝ միանալու Ավստրալիայի, Բրիտանիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի եւ Միացյալ Նահանգների, այսպես կոչված, «Հինգ աչք» հետախուզական դաշինքին:
Միաժամանակ ընդգծենք, որ ինչպես նախկինում, առավել եւս ներկայումս Ավստրալիայի եւ Ճապոնիայի միջեւ անվտանգության ու համագործակցության համաձայնագիրը նոր իրավիճակ է ստեղծում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Փաստացի, այն ամբողջացնում եւ պաշտոնականացնում է ԱՄՆ-ի հովանու ներքո գտնվող անվտանգության եռանկյունին։ Հիշեցնենք, որ 1951 թ. կնքվել է ամերիկա-ճապոնական փոխադարձ անվտանգության պայմանագիրը, ըստ որի՝ ԱՄՆ-ը պարտավորվում էր պաշտպանել Ճապոնիան հարձակման դեպքում՝ իր տարածքում ամերիկացիների կողմից բազաների օգտագործման դիմաց (1960 թ. այն վերաֆորմալացվել է փոխշահավետ համագործակցության եւ անվտանգության ճապոնա-ամերիկյան պայմանագրի մեջ): Նույն թվականին կնքվեց եւ 1952-ին ուժի մեջ մտավ Անվտանգության պայմանագիրը («Խաղաղօվկիանոսյան անվտանգության պակտ») Ավստրալիայի, Նոր Զելանդիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ (ANZUS), որը ստեղծվել էր ամերիկացիների կողմից Խաղաղ օվկիանոսում «կոլեկտիվ պաշտպանության ջանքերը համակարգելու» համար։ Դա թույլ տվեց ԱՄՆ-ին իր ռազմաբազաները հիմնել Ավստրալիայում։ 1985 թ. Խաղաղ օվկիանոսի հարավում միջուկային զերծ գոտու ստեղծումից հետո Նոր Զելանդիան արգելեց միջուկային զենքով եւ/կամ միջուկային շարժիչներով նավերի մուտքն իր նավահանգիստներ։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ը դուրս եկավ Նոր Զելանդիայի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններից։ Սակայն պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը դաշինքի անդամների միջեւ ամուր մնաց (Ավստրալիա-ԱՄՆ, Ավստրալիա-Նոր Զելանդիա):
Այդ համատեքստում պետք է հիշատակել «AUKUS» անվտանգության գործընկերությունն Ավստրալիայի, Միացյալ Թագավորության եւ Միացյալ Նահանգների միջեւ, որն ընդգծում է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կարեւորությունը հատկապես ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական եւ ռազմավարական շահերի տեսանկյունից։ Այդ տրամաբանությունից ելնելով էլ վերջիններս սկսել են խորացնել պաշտպանական եւ տեխնոլոգիական ինտեգրումը Ավստրալիայի հետ: «AUKUS»-ի ստեղծմամբ տարբեր փորձագիտական շրջանակներում խոսվում էր նաեւ Ճապոնիային ներգրավելու մասին, սակայն Տոկիոն ակնհայտ հետաքրքրություն չէր ցուցաբերել։ Մինչդեռ երկկողմ համագործակցության ձեւաչափերով ավելի դյուրին է կայացնել բազմակողմ համագործակցային հարթակները։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ռեգնում» գործակալությունը, հոկտեմբերի 21-ին համաձայնագիր են ստորագրել Ավստրալիայի եւ Ֆիջիի պաշտպանության նախարարները, որը թույլ է տալիս երկու երկրների զորքերին գործել միմյանց տարածքում։
Միացյալ Նահանգների նոր ազգային անվտանգության ռազմավարությունը եւս հատուկ կարեւորություն է տալիս այս տարածաշրջանին՝ վերահաստատելով ԱՄՆ-ի պարտավորությունները հնդկա-խաղաղօվկիանոսյան դաշնակիցների՝ Ավստրալիայի, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության, Ֆիլիպինների եւ Թաիլանդի հանդեպ, եւ ընդգծում, որ շարունակելու են արդիականացնել այդ դաշինքները: «Մենք վերահաստատում ենք մեր անդրդվելի հավատարմությունը Ճապոնիայի պաշտպանությանը մեր փոխադարձ անվտանգության պայմանագրով, որն ընդգրկում է Սենկակու կղզիները»,- նշված է փաստաթղթում։ Հատկանշական է, որ Բայդենի օրոք ամերիկյան արտաքին քաղաքականության համար հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն ավելի մեծ կարեւորություն է ստացել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ «Ոչ մի այլ տարածաշրջան աշխարհի եւ շարքային ամերիկացիների համար այնքան կարեւոր չի լինի, որքան հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը: Մենք հավակնոտ ենք, քանի որ գիտենք, որ մենք եւ մեր դաշնակիցներն ու գործընկերներն ընդհանուր տեսլական ունենք դրա ապագայի վերաբերյալ»,- նշված է Ազգային անվտանգության ռազմավարությունում:
Ճապոնիայի եւ Ավստրալիայի ռազմական ու հետախուզական համագործակցության վերահաստատման մասով չի ուշացել Չինաստանի արձագանքը։ ՉԺՀ-ի Պետական խորհրդին կից Թայվանի գործերի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանգը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը մայրցամաքային Չինաստանի հետ տեղի կունենա անկախ ամեն ինչից՝ նշելով, որ Չինաստանի իշխանությունները չեն բացառում ռազմական ուժի կիրառումը Թայվանը մայրցամաքի հետ միավորելու համար։ «Մենք չենք խոստանում, որ զերծ կմնանք ռազմական ուժի կիրառումից։ Չինաստանը պահպանում է Թայվանի հետ վերջնական վերամիավորման համար անհրաժեշտ բոլոր միջոցներն ընտրելու իրավունքը»,- «ՏԱՍՍ»-ի տեղեկացմամբ ասել է նա։ Միաժամանակ, նրա խոսքով, Պեկինը հավատարիմ է կղզու հետ խաղաղ միավորմանը եւ հավատարիմ կմնա «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքին։ «Չինաստանը հաստատուն եւ հստակ դիրքորոշում ունի Թայվանի նկատմամբ»,- հավելել է նա։ Չինաստանի ներկայացուցչի կոշտ հայտարարությունը հուշում է, որ խաղադրույքները չափազանց բարձր են բոլոր կողմերի համար, եւ ցանկացած քայլ, որը կարող է խախտել տարածաշրջանի փխրուն ստատուս քվոն, անարձագանք չի մնա։ Ձեւավորվող դաշնակցային հարթակների միջոցով կողմերը փորձում են ուժային բալանսը թեքել իրենց կողմը, որից հետո միայն հնարավոր կդառնա կոնկրետ գործողությունների դիմել։