Կան անուններ, որոնց հանդիպելիս հոգիդ փառավորվում է, ազգային հպարտության զգացումդ՝ կրկնապատկվում: Այդ անուններից է հայ ավիակոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ելիզավետա Շահխաթունին, որի արյունակցական ակունքները գալիս են անմահ Խաչատուր Աբովյանից:
Երեւանում ծնված հայուհու հայրը՝ Ավետ Շահխաթունին, քաղաքական գործիչ էր, դաշնակցական, որ չէր էլ ենթադրում, թե իրենց տոհմական ազգանունը Միությունով մեկ հնչեցնելու պատիվը իր դստերն էր վիճակված: Դպրոցական ուսումնառությունից ու երկու տարի համալսարանում սովորելուց հետո Ելիզավետան մեկնում է Մոսկվա՝ հորեղբոր մոտ: Եվ նորից ուսումնառություն, այս անգամ՝ ավիացիոն ինստիտուտում, որը գերազանցությամբ ավարտելով եւ ինքնաթիռաշինության ինժեների դիպլոմով աշխատանքի է անցնում ավիաարդյունաբերությունում. սպառազինության եւ սարքավորումների մասնագետը հայտնվում է հանրահայտ Իլյուշինի ինքնաթիռներ արտադրող գործարանում: Աշխատանքը, սակայն, այնքան էլ սրտովը չէր՝ նա ավելի շատ հակված էր դեպի «երկաթյա թռչունների» ամրության հաշվարկները: Կես տարի անց տեղափոխվում է քաղաքացիական ձեռնարկություն՝ սավառնակների փոքր գործարան Տուշինոյում: Այստեղ էլ ծանոթանում է իր ապագա ամուսնու՝ կոնստրուկտորական բյուրոյի ղեկավար, հայտնի ինքնաթիռաշինարար Օլեգ Անտոնովի հետ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին կոնստրուկտորական այս բյուրոն էր ստեղծելու դեսանտային սավառնակ, այնուհետեւ՝ քարշային կրկնաթեւ սավառնակ՝ «Տանկի թեւեր» անվանումով, որը նախատեսված էր զրահապատ մեքենաների օդային փոխադրման համար: Նախագծում Ելիզավետա Շահխաթունին հաշվարկել էր թեւերի եւ տանկի թրթուրների ամրությունը, որպեսզի դրանք վայրէջքի ժամանակ չվնասվեին: Պատերազմն սկսվելու հետ մեկտեղ կոնստրուկտորական բյուրոն շտապ տարհանվում է Մոսկվա: Նույն թվականին երիտասարդ մասնագետն ընդունվում է Ալեքսանդր Յակովլեւի անվան փորձարարական-կոնստրուկտորական բյուրո, որտեղ էլ արձանագրում է հնչեղ իր հաջողությունները՝ ակտիվորեն մասնակցելով Յակ-3, Յակ-7, Յակ-9, Յակ-15, Յակ-18 ինքնաթիռների ստեղծմանը:
Շահխաթունու առաջին ծանրակշիռ ներդրումը այն տարիներին աշխարհում լավագույն՝ Յակ-3 կործանիչի ամրության հաշվարկումն էր, ինքնաթիռ, որի թռիչքի հեռավարությունը 900 կմ էր, արագությունը՝ ժամում 600 կմ: Այդ ինքնաթիռներով էին կռվում նաեւ ֆրանսիական «Նորմանդիա-Նեման» ավիացիոն գնդի օդաչուները:
Եկել էր առաջին ռեակտիվ ինքնաթիռների ժամանակը. այն ստեղծում են ավիակոնստրուկտորներ Յակովլեւն ու Միկոյանը: Յակ-15 ռեակտիվ ինքնաթիռի ամրության հաշվարկների հեղինակը նույնպես տաղանդաշատ հայուհին էր:
Շուտով Յակովլեւի կոնստրուկտորական բյուրոն նախագծում եւ կառուցում է գերձայնային՝ ժամում 1170 կմ արագությամբ՝ համաշխարհային բոլոր ռեկորդները գերազանցող ռեակտիվ ինքնաթիռ: Սրանում եւս իր ակնառու ներդրումն է ունեցել Շահխաթունին: Ինքնաթիռի յուրաքանչյուր նոր մոդել ստեղծելու հետ ավելի ու ավելի էր դրսեւորվում նախագծող ինժեներ-կոնստրուկտորի, փորձառու եւ հմուտ կազմակերպչի ստեղծագործ տաղանդը:
Անվանի հայուհին մեծ ներդրում ունի նաեւ Ան-24, Ան-26, Ան-28, Ան-32 ինքնաթիռների ստեղծման գործում: Նշենք, որ Ան-24-«Ռուսլան» ինքնաթիռն օդ է բարձրացնում 1500 տոննա բեռ՝ գերհսկա երկաթե բեռնատար մի թռչուն, որի բոլոր մասերի եւ ագրեգատների ամրության հաշվարկները մեր հայրենակցուհու եւ նրա ղեկավարած խմբի մարդկանց մտքի արդյունք են: Բայց նրա գլխավորած կոլեկտիվի գլխավոր հաջողությունը 250 տոննա քաշ ունեցող Ան-22 «Անթեյ» ինքնաթիռի ամրության հաշվարկն էր, ինքնաթիռ, որը հետագայում 41 համաշխարհային ռեկորդ էր սահմանելու, իսկ Շահխաթունին արժանանալու բարձրագույն՝ Լենինյան մրցանակի:
Երկար է ապրել Կիեւում 2011-ին կյանքին հրաժեշտ տված եւ «Բերկովցի» գերեզմանատանը հավերժական հանգրվանը գտած ավիագործիչը՝ ճիշտ մեկ դար: Հայուհի, ով առաջին եւ միակ կին ավիակոնստրուկտորն էր հսկայածավալ նախկին Միությունում…
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ