Մեր ազգային անվտանգության կարեւորագույն մաս է տնտեսական անվտանգությունը։ Տնտեսությունը ազգ ու բանակ է կերակրում, ազգն ու բանակն էլ ապահովում են երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը։
Հիմա դժվարին վիճակում ենք, բայց ելքեր միշտ կան դրանք փնտրողի համար։
Համավարակի շրջանից քաղած դասերի եւ ռուս-ուկրաինական ծավալումների համապատկերում հաճախ ենք խոսում տնտեսական անվտանգության բաղադրիչներից մեկի՝ պարենային անվտանգության, մասնավորապես` ցորենի ինքնաբավության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտության մասին։ Այստեղ, սակայն, կարեւորագույն մի հանգամանքի ուշադրություն չենք հրավիրել, բայց այդ մասին՝ վերջում։
Հիմա Հայաստանը ՌԴ-ից ներմուծում է ցորենի 99 տոկոսը։ Պաշտոնական այս տվյալը էկոնոմիկայի նախարարությանն է (կառավարության վերջին նիստում նույն կառույցի տեղեկանքից)։ Նշվում է, որ Հայաստանը ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների առումով սերտորեն կապված է Ռուսաստանի Դաշնության շուկայի հետ: Թեեւ ոչ այնքան սերտ, բայց առեւտրային հարաբերություն ունենք նաեւ Ուկրաինայի հետ: ՀՀ արտաքին եւ փոխադարձ առեւտրի կառուցվածքում ՌԴ մասնաբաժինը 2021 թ. կազմել է՝ արտահանում՝ 28 տոկոս, եւ ներմուծում՝ 37.2 տոկոս, իսկ Ուկրաինայի մասնաբաժինը համապատասխանաբար 0.9 եւ 2.8 տոկոս է: Պարենային ապրանքներից Հայաստանը ՌԴ-ից ներմուծում է նաեւ եգիպտացորենի 80 տոկոսը։
Նույն տեղեկանքում նշվում է, որ «հատկապես վերջին տարիներին լիարժեքորեն չի օգտագործվում ՀՀ գյուղատնտեսության ռեսուրսային ներուժը: Հայաստանի նման սակավահող երկրի համար անհանդուրժելի է, որ ցանքի տակ է դրվում վարելահողերի միայն շուրջ 50 տոկոսը, իսկ ընդհանուր ցանքերի միայն 26 տոկոսն է հատկացվում գլխավոր պարենային մշակաբույսին՝ ցորենին: Իհարկե, դա հիմնականում բացատրվում է հացահատիկային մշակաբույսերից ստացվող եկամտի ցածր մակարդակով»:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2021 թ. 2020-ի համեմատ աշնանացան ցորենի ցանքատարածությունները նվազել են 0.9 տոկոսով, իսկ համախառն բերքը՝ 26.4 տոկոսով։ Վերջին տարիների ընթացքում հանրապետությունում նվազել է ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2020 թ. այն կազմել է 24,4 տոկոս՝ 2015-ի 49.5 տոկոսի համեմատ։
Ցորենի ինքնաբավության մակարդակը բարձրացնելու մասին շատ ենք խոսել, հիմա արդեն էկոնոմիկայի նախարարությունն է ասում, թե՝ «աշխարհաքաղաքական իրադրության, արտաքին սահմանափակումների, շրջանառու միջոցների թանկացման հետեւանքների մեղմման նպատակով անհրաժեշտություն է առաջանում՝ ցորենի տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով բարձրացնել ինքնաբավության մակարդակը եւ նպաստել պարենային անվտանգության ապահովմանը»։ Գործադիրն էլ որոշել է կարգավորումներ անել եւ «աշնանացան ցորենի 1 հա-ի մշակության ծախսերի, մասնավորապես սերմի, պարարտանյութի, դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը, նաեւ` չմշակվող հողերի օգտագործման միջոցով, տեղական արտադրության ցորենի ծավալների եւ տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը, ցորենի ֆիզիկական եւ տնտեսական մատչելիության ապահովմանը»։ Եվ ակնկալում է, որ աշնանացան ցորենի 1 հա-ի մշակության ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով ցորենի ցանքատարածությունները կավելանան 27.500 հա-ով։
Այժմ գանք կարեւորագույնին, որ նշել էինք վերեւում։ 1. Ընդհանրապես` մենք գյուղոլորտում կարող ենք լավ որոշումներ ընդունել, հնարավորինս նվազագույն տոկոսադրույքներով կամ զրոյական տոկոսադրույքներով վարկեր տրամադրել (ինչն առկա է), որեւէ մշակաբույսի մշակության ծախսեր մասնակի փոխհատուցել, բայց դրա արդյունքը լինելու է քիչ, ոչ ծավալային։ Ընդհանուր, երկարաժամկետ, ծավալային ու հիմնավոր արդյունքի համար պետք են հիմնարար լուծումներ։ Ու դրանք պետք է վերաբերեն գյուղոլորտի բոլոր ճյուղերին՝ տեխնիկական հավաքակազմից սկսած, ջրային պաշարների արդյունավետ կառավարումից մինչեւ գյուղապահովագրություն ու արտադրանքի արտահանման ընդլայնում։ Քայլերը պետք է ձեռնարկվեն նույն ժամանակահատվածում, ընդհանուր ռազմավարությունը պետք է ոչ թե տեսական, այլ գործնական քայլերի համախումբ լինի՝ հստակ հաշվարկներով ու ֆինանսավորման աղբյուրներով։ Եթե քայլերը համաժամանակյա չեղան, արդյունք չի լինելու։ Օրինակ՝ եթե Հայաստանի ոռոգման համակարգում ջրի կորուստները 40-50 տոկոս են, եւ նույնիսկ դեռ հողային հունով հոսող ներտնտեսային համակարգ ունենք, գյուղոլորտի զարգացման մասին կարող ենք մոռանալ։ Կամ՝ եթե մի ամբողջ գյուղ վարուցանքի համար 1-2 տեխնիկայի հույսին է, ինչ առաջընթացի մասին է խոսքը։
Այսինքն՝ եթե միաժամանակ ու համակարգված քայլեր չլինեն, մնալու ենք իբրեւ ոչ զարգացած ագրարային երկիր։ Ի դեպ, պաշտոնական տվյալով՝ 2022 թ. հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսական արտադրանքի 0.7 տոկոսի անկում ենք ունեցել։
2. Մյուս կարեւորագույն հանգամանքը. եթե մենք ուզում ենք զարգացած ագրարային համակարգ ունենալ, ապա նախ պետք է մտածենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունենալու մասին։ Բայց այս երկուսը չպետք է խառնել իրար։ Հայաստանի ճանապարհն արդյունաբերական, ոչ թե ագրարային երկիր լինելն է, արդյունաբերական երկիր, որ կունենա զարգացած ագրարային համակարգ։ Այսպես ե՛ւ պաշտպանական կարիքները կլուծենք, ե՛ւ պարենային խնդիրները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերական համակարգը մեր տնտեսական անվտանգության հիմնաքարերից է՝ քաղաքական ու տնտեսական հետեւանքներով հանդերձ։