Նամակ խմբագրությանը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում իրեն բնորոշ ոճով է արտահայտվել այն առիթով, որ Երեւանը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ կապված սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի եւ դրա հետեւանքների վերացման անհրաժեշտության հետ: Ինքնահավանությամբ տառապող կամ, ինչպես ոմանք են նշում, սկանդալային Լուկաշենկոն, որը նախկինում հայտարարել է, թե Հայաստանը ոչ մեկի պետք չէ, եւ որ «Նիկոլ Վովաեւիչն էլ գիտի այդ մասին», իր օրինակով արդեն ցուցադրել է, որ քաղաքական անգրագիտությունը կարող է եւ ձգտել անսահմանության:
ՀԱՊԿ ԱԽ արտահերթ նիստում, իհարկե, որեւէ սպասում չկար, որ Լուկաշենկոն, ում կյանքի իմաստը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դուր գալն է, կխոստովանի, որ քաղաքական հեռատեսության հարցում լրջորեն կաղում է, որովհետեւ իրադարձությունների զարգացումը վկայում է Հայաստանի կարեւոր տեղի ու դերի մասին, որ մեր երկիրն ունի այլընտրանքային տարբերակներ՝ իր ապագան կառուցելու համար: Ընդ որում՝ ի տարբերություն Բելառուսի: Կոռեկտ լինելու համար, չարտահայտվելով այն մասին, թե ինչի է հասել Բելառուսը նրա գլխավորությամբ եւ դեպի ուր է շարժվում այսօր, կնշենք միայն, որ ՀԱՊԿ գագաթնաժողովները Լուկաշենկոյի համար եզակի, պարզապես բացառիկ հնարավորություն են՝ բոլորին իր մասին հիշեցնելու համար:
Եվ այսպես՝ Հայաստանը, դիմելով այն ռազմաքաղաքական կազմակերպությանը, որի անդամ է, ակնկալում էր, որ ՀԱՊԿ-ն ռազմական աջակցություն կցուցաբերի ՀՀ-ին՝ իր պատասխանատվության գոտում թշնամական ներխուժումը հետ մղելու համար: ՀԱՊԿ-ն սեփական պարտականությունները չկատարեց, ուղարկեց ինչ-որ առաքելություն, արձանագրեց, որ Ադրբեջանը զինված ներխուժում է կատարել իր անդամ Հայաստանի տարածք, այնուհետեւ նվազագույնը պետք է քաղաքական գնահատական տար իրավիճակին եւ հաստատեր ճանապարհային քարտեզ, որի համաձայն՝ պետք է իրականացվեր Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը: Սա օրինական ճանապարհն է: Բայց…
«Դուք մեր առջեւ երկու հարց եք բարձրացրել: Առաջինը կարդում եմ՝ «Իրադարձությունների գնահատականը եւ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը: «Դուք մեզանից պահանջում եք կողմնորոշվել մեր դիրքորոշման հարցում: Դուք, ինչ է, մեր դիրքորոշումը չգիտե՞ք: Մենք ուզում ենք, որ հարեւան պետությունների միջեւ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Եվ ի՞նչ ճանապարհային քարտեզ: Ես ձեզ միանգամից կպատասխանեմ՝ նստեք Իլհամ Ալիեւի հետ, եթե պետք է, խնդրեք Ռուսաստանի նախագահին եւ որոշում կայացրեք: Այսօր չկայացնեք, ավելի վատ կլինի, դուք ինքներդ դա հասկանում եք (միտք՝ «Նիկոլ Վովաեւիչն էլ գիտի այդ մասին» իրեն չարդարացրած տրամաբանության շրջանակներում-հեղ.): Ահա երկու հարց եք բարձրացրել, դրանք առավել քան տարօրինակ են, Նիկոլ Վովաեւիչ…
… Տղաներ, դուք ինչի համար եք կռվում այդ լեռներում… Երեք հարյուր մարդ զոհվեց այնտեղ, որտեղ ոչ ոք չի ապրում, ուր այծերը չեն բարձրանում: Ինչո՞ւ եք կռվում: Պարզապես նստեք ու պայմանավորվեք, եւ թող Ռուսաստանը լուսավորի այդ պայմանագիրը:
…Սա շատ զգայուն եւ նուրբ հարց է: Սա այն չէ, որ, ահա, մի կողմից՝ ՀԱՊԿ-ն է եւ մենք, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը: Սրանք մեր բարեկամ երկրներն են: Այո, իրոք, նրանք նույն պետության կազմում էին: Բացի այն, որ մենք Ադրբեջանի ու Հայաստանի հետ ԱՊՀ անդամներ ենք, նաեւ սերտ կապեր ունենք… Դա հատկապես զգայուն է ՀԱՊԿ-ի մյուս անդամների համար, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության, որտեղ 30 մլն մահմեդականներ կան: Այսինքն՝ բոլոր նրբերանգներն ու գործոնները հարկ է հաշվի առնել: Եվ հետո՝ մի՞թե Ադրբեջանն այստեղ գտնվող պետությունների առաջնորդների համար ինչ-որ թշնամի է կամ հակառակորդ: Ոչ: Ես ասում եմ այն, ինչը հաստատվել է նախագահ Պուտինի կողմից, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեզ հարազատ պետություններ են: Եվ դա է իրավիճակի յուրահատկությունը: Դա մենք չենք կարող հաշվի չառնել:
… Ադրբեջանը գլխավորում է մեր մարդը՝ Իլհամ Ալիեւը: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը: Ուստի այդ սուր հարցերը, որոնց մասին խոսում է Նիկոլ Վովաեւիչը, պետք է, իրոք, լուծել հենց հիմա՝ Ադրբեջանի այժմյան ղեկավարության օրոք: Ով էլ որ կանգնած լինի Ադրբեջանի թիկունքում: Ասում են՝ Թուրքիան այնտեղ է եւ այլն: Եվ ի՞նչ: Սա քաղաքականություն է: Թուրքերն աջակցում են Ադրբեջանին այն պատճառով, որ նրանք մերձավորներ են եւ հարազատներ…»:
Ըստ Լուկաշենկոյի «անգերազանցելի իմաստության»՝ Հայաստանի «թիկունքում» ոչ ոք չպետք է լինի, Մոսկվայից բացի: «Պատերազմն ավարտվել է Ռուսաստանի օգնությամբ, էլ ի՞նչ այլ եւ նոր ձեւաչափեր: Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան եռյակը պետք է պայմանավորվի: Եվ Բելառուսը կաջակցի նրանց բոլոր որոշումներին»,-ասել է նա:
ՀԱՊԿ-ում փոստատարների իրականացրած «պատմական առաքելությանը», ի դեպ, մենք լավ ծանոթ ենք: Ժամանակին Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաեւն էր գրպանից հանում Ալիեւի նամակն ու կարդում այն ռազմաքաղաքական այս կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների առջեւ: Այնպիսի տպավորություն է, որ ՀԱՊԿ-ն ոչ թե հավաքական անվտանգության, այլ հավաքական կեղծիքի փոստատարության պայմանագրի կազմակերպություն է: Փոստատար Նազարբաեւն էլ էր իրեն կարեւոր համարում, բայց շատ վատ վերջ ունեցավ: Կեղծիքի փոստատարներն այլ վերջ չեն ունենում:
Բելառուսի նախագահը, ով վաղուց է ստանձնել փոստատարի պարտականությունները եւ դա, իհարկե, անում է ընդգծված հաճույքով, մի ժամանակ էլ մեր իշխանություններին էր փոխանցում Իլհամ Ալիեւի «գաղափարը»՝ 5 մլրդ դոլար վճարելու Լեռնային Ղարաբաղի համար: Հայտնի չէ, սակայն, թե «կոլխոզային» տրամաբանությամբ եւ «տրակտորային» փիլիսոփայությամբ օժտված այս գործիչը, ում խելքահան անելու չափ գերում են Բաքվից, ավելի կոնկրետ՝ Ալիեւի պալատից տարածվող բույրերը, որքան գումար էր պլանավորում ստանալ այդ գործարքից…
Եթե Պուտինի բարեկամն այսպիսի Լուկաշենկոն է, ապա նրան հաստատ թշնամիներ պետք չեն: Բելառուսի ղեկավարն իր՝ վերը նշված հայտարարությամբ բացահայտեց այն սցենարները, որոնք մշակվում են Մոսկվայում եւ հնչեցվում պատրաստակամ «փոստատարների» միջոցով: Դրանցից մի քանիսին մենք, իհարկե, կանդրադառնանք:
Լուկաշենոկի խոսքերն ապացույցն են այն բանի, որ ՀԱՊԿ-ն առավել բարձր է գնահատում անձնական հարաբերությունները, որոշակի շահերի շուրջ պայմանավորվածությունները, քան կազմակերպության կանոնադրային պարտականությունները: Նման պարտականությունների մասին Լուկաշենկոն գուցե ոչինչ չգիտի եւ միայն այդ պատճառով է խուսափում հարցի բովանդակային քննարկումից՝ պարզապես չխայտառակվելու համար: Ավելի հավանական է, սակայն, որ Բելառուսի ղեկավարը խոստովանում է կառավարման հարցերում ոչ թե օրենքի գերակայության, այլ ինչ-ինչ կամայական եւ անդրկուլիսային պայմանավորվածությունների, առաջնահերթությունների սեփական տեսլականի մասին: Հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանն այսօր հարց է ուղղում ինքն իրեն, թե, ընդհանրապես, ինչպես են վերաբերվում այսպիսի դաշնակիցներին ու նրանց առաջարկներին: Հասկանալի է, որ իրերն «այծային» տրամաբանությամբ ընկալող Լուկաշենկոյին խորթ է հայրենիքի զգացումը, նրա անկախության պաշտպանությունը: Նա ասում է, թե հարեւանների միջեւ խաղաղություն պետք է լինի, բայց չի դատապարտում մեկի հարձակումը մյուսի վրա, ավելին՝ ՀԱՊԿ-ի ոչ անդամի կողմից՝ անդամի դեմ պատերազմի սանձազերծումը: Նա «կեղծ խաղաղության» օրակարգ է փորձում փաթաթել իր անդամի վզին, ով տուժել է: Ավելին՝ Հարավային Կովկասում թուրքերի հայտնությունը գոնե տարակուսանք չի առաջացնում Լուկաշենկոյի գլխում, այն թուրքերի, որոնք ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի ցեղասպանություն իրականացրին: Ըստ նրա, փաստորեն, թուրքերը կարող են օգնել ադրբեջանցիներին, Բաքուն, որ ցեղասպան Թուրքիայի մի մասնիկն է եւ ինքնուրույնաբար այսօր ոչինչ չի որոշում, կարող է արժանանալ այն կառույցի աջակցությանը, որի անդամ է Հայաստանը, բայց վերջինս, մենակությամբ հանդերձ, չպետք է այլընտրանքներ փնտրի՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու եւ հետագա զարգացումն ապահովելու համար:
Ռուս-բելառուսական որոշակի շրջանակներ, փորձելով արդարացնել իրենց գործողությունները, տարածում են այն թեզը, որ ՀԱՊԿ-ն ստեղծվել է ոչ որպես ռազմաքաղաքական կառույց, եւ այդ կազմակերպության նպատակն է կանխարգելել հակամարտությունները: Այդ պատճառով, ըստ նրանց, արդարացված է, որ հանուն մի երկրի ՀԱՊԿ-ի մյուս բոլոր անդամները չպետք է իրենց զորքերը ներքաշեն ռազմական հակամարտության մեջ: Պատկերացնո՞ւմ եք՝ այդ նորահայտ «կոլումբոսները», հավանաբար, ռազմական հարձակման դեպքում անվտանգության ապահովման այլ՝ ոչ ռազմական յուրահատուկ միջոց են հայտնաբերել եւ կարող են դրա օգնությամբ «կանխել հակամարտությունները»… Նույն այդ շրջանակները նշում են, որ Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին «միանգամայն օրինական է, բայց անտրամաբանական է»: Ահա այսպիսի խայտառակ մտածողություն: Կամ, ավելի ճիշտ, սեփական իրական նպատակները քողարկելու անհաջող փորձ: Նրանց մտածողությամբ՝ այն, ինչ օրինական է, տրամաբանական չէ, այլ կերպ ասած՝ օրենքը ստորադասվում է ինչ-որ մեկի ցանկությանը:
Լուկաշենկոյի հայտարարությունը, որը նշանակում է միայն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգությունն իրենց գործը չէ, ըստ էության, ՀԱՊԿ-ից հեռանալու կոչ է՝ ուղղված Հայաստանին: Մնացյալը հեքիաթ է: Այն պայմաններում, երբ հայ հասարակության մեջ սրվում են դժգոհությունները ՀԱՊԿ-ի քայլերի նկատմամբ, թվում է՝ այդ կազմակերպության կողմից պետք է կարեւորվեր խոսելու եւ գործելու միանգամայն այլ տրամաբանությունը: Մինչդեռ Լուկաշենկոն հաստատում է, որ Ալիեւն իրենց մարդն է, որ թուրքերը, բնականաբար, պետք է օգնեն իրենց հարազատներին… Այսքան թափանցիկ հայտարարությունը «չհասկանալ» չի կարելի: Հայաստանը պետք է որոշի, թե որն է իր տեղն ու դերն այս իրողություններում: Առավել եւս, որ, ինչպես նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀԱՊԿ-ն, չճանաչելով իր անդամների սահմանները, միայն վկայում է, որ փաստացի գոյություն չունի: Այն, ըստ էության, ստեղծված է ոչ թե իր պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման, այլ ռուսական շահերի սպասարկման համար: Իսկ դրանք այսօր չեն համապատասխանում մեր երկրի հետաքրքրություններին: Ավելին՝ Հայաստանի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը իրատեսորեն մատնացույց է անում նոր ուղղություններ, որոնց հետ աշխատանքը կենսական նշանակություն ունի Երեւանի համար:
Եվ վերջում՝ մենք ինչո՞վ ենք մեղավոր, որ ոմանք ներքեւից են նայում հայոց հպարտ եւ իրապես ազատ լեռներին, որտեղ ապրում ենք մենք՝ հայերս եւ շարունակելու ենք ապրել ժանտահոտ թշնամուն պարտության մատնելուց հետո: Ճակատագիր է՝ «ճահճահոտով» դաստիարակվածները պետք է ամենօրյա ռեժիմով «վայելեն» սեփական չնչինությունը՝ նախանձելով նրանց, ովքեր մտածել, արարել ու ճախրել գիտեն աստվածամերձ բարձունքներում:
Մ. ԻՇԽԱՆՅԱՆ