Վերջին ամիսներին ակտիվացել են հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ տարբեր կենտրոններից հնչող հայտարարությունները եւ տեղեկատվության որոշ «արտահոսքեր»: Սրան զուգահեռ թյուրքական զույգ պետություններից ավելի հաճախ են տարբեր առիթներով հայտարարություններ հնչում, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների հիմքում Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքներն են, որոնցից մեկը կողմերի փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումն է, մյուսը՝ տարածքային պահանջներ չներկայացնելը: Հայաստանն էլ հայտարարել է, որ դրանց պետք է գումարվի նաեւ Արցախի ժողովրդի անվտանգության եւ կարգավիճակի հարցի քննարկումը:
Միջազգային իրավունքի հիմնարար նորմ է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հիմքում դրվում է միմյանց ինքնիշխանության ճանաչումը: Ըստ այդմ՝ Հայաստանը հայտարարել է, որ համաձայն է այդ սկզբունքի շուրջ բանակցել, բայց այդ կետերի պարբերական շեշտադրումը Բաքվից ադրբեջանական 30 տարվա պետական քարոզչական գծի շարունակությունն է: Տարիներ շարունակ Ադրբեջանը փորձում էր ողջ աշխարհին համոզել, որ Արցախի հիմնահարցը ոչ թե ազգերի ինքնորոշմանն է վերաբերում, այլ տարածքային խնդիր է, եւ որ Հայաստանը «օկուպացրել» է իր տարածքի 20 տոկոսը: Դա իրականության պարզունակ աղճատում էր Հայաստանին օկուպանտ ներկայացնելու նպատակով: Իսկ իրականությունն այն էր, որ իր անկախությունը հռչակելուց հետո Արցախի ժողովուրդը ենթարկվել էր ադրբեջանական զինված ագրեսիային, Հայաստանից ու սփյուռքից հայ եւ բարեկամ ժողովուրդների կամավորների միջոցով կարողացել էր ոչ միայն կանխել Արցախի հայաթափումն ու ցեղասպանությունը, այլեւ ազատագրել նախկին ԼՂՀ-ի հարակից պատմական հայկական տարածքները:
Հետեւաբար՝ արցախյան գոյապայքարը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարածքային վեճ երբեւէ չի եղել: Այն Արցախի ժողովրդի՝ իր հազարամյա բնօրրանում սեփական ճակատագիրը տնօրինելու պայքար է եղել, որին աջակցել է ողջ հայությունը: Արցախյան հակամարտության մեջ Հայաստանը եղել է արցախցիների իրավունքների եւ անվտանգության երաշխավորի կարգավիճակում: Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Երեւանի առաջարկած սկզբունքներից մեկը հենց Արցախի անվտանգության եւ արցախցու իրավունքների պաշտպանի երաշխավորի դիրքերից է արված: Այսօր այդ երաշխիքները Հայաստանի հետ միասին պարտավորվել է տալ նաեւ ՌԴ-ն՝ իր խաղաղապահ զորախմբի միջոցով եւ խաղաղապահի ստանձնած առաքելությամբ:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում բազմիցս հայտարարել են, որ Արցախի Հանրապետությունը երբեք էլ չի եղել նորանկախ Ադրբեջանի կազմում, քանի որ նույն սկզբունքով՝ խորհրդային այն ժամանակվա գործող Սահմանադրությամբ եւ օրենքներով Ադրբեջանից շուտ անկախացել է Խորհրդային Միությունից: Հետեւաբար՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման քաղաքական բանակցությունները չեն կարող դիտարկվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում, իսկ ենթատեքստում միանշանակ դիտարկվելու է հենց Հայաստանի, որպես արցախցիների իրավունքների երաշխավորի դիրքերից, ինչի մասին էլ բանակցությունների հիմքում Բաքվի առաջարկած 5 սկզբունքների կողքին պաշտոնական Երեւանի առաջարկած երկու սկզբունքից մեկն է:
Լիովին օրինաչափ է, որ տարածաշրջանում ընթացող գործընթացների ֆոնին հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից արցախցին իրեն հասու միջոցներով աշխարհին հայտնեց, որ ինքն է տնօրինում իր ճակատագիրը, որ երբեք չի եղել եւ չի լինի անկախ Ադրբեջանի կազմում՝ Հայաստանից եւ ՌԴ-ից հայցելով չդադարեցնել իր իրավունքները ներկայացնելուց եւ չհրաժարվել անվտանգությունն ապահովելու իրենց առաքելությունից: Ստեփանակերտում կայացած բազմահազարանոց ցույցի ուղերձը մեկն է՝ արցախցու ինքնորոշման կայացած որոշումն անբեկանելի է, հետդարձի ճանապարհներ չկան, որ այդ որոշումը ձեռք է բերվել եւ կարծրացել հազարավոր նահատակված հայորդիների հերոսապատումներով, իսկ արցախցին եւ հայ ժողովուրդն իրենց բարեկամների հետ մշտապես պատրաստ են շարունակել պայքարը բնական իրավունքների իրացման համար:
Վերածննդի հրապարակում հավաքվածները դիմեցին նաեւ քաղաքակիրթ աշխարհին՝ հորդորելով չդավաճանել համամարդկային ժողովրդավարական արժեքներին ու միջազգային իրավունքի նորմերին եւ թույլ չտալ դրանց ոտնահարումը: Արցախցին Ստեփանակերտից հայտարարեց, որ ագրեսիայով ժողովրդից հնարավոր չէ խլել իր ինքնորոշման իրավունքը, եւ որ նման հարցերը լուծվում են բանակցությունների միջոցով միջազգային ընդունված ու գործող նորմերով: