Անկարան ճնշում է գործադրում ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլեւ Ռուսաստանի վրա
Արցախի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի երկրորդ փուլն ավարտվել է անցած տարվա նոյեմբերի սկզբին, սակայն մինչ օրս թշնամին գրեթե ամեն օր փորձում է լավագույն պայմաններ շորթել՝ ներխուժելով Հայաստանի Հանրապետության տարածք եւ փորձելով զբաղեցնել այս կամ այն բնագիծը: Բայց ամենամիամիտներն անգամ վստահ են, որ Ադրբեջան անվանված արհեստածին պետությունը չէր կարող նման բան անել առանց որեւէ մեկի աջակցության: Ու մինչ Ռուսաստանը զբաղված է հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում դեէսկալացիայով, Թուրքիան Հարավային Կովկասում ակտիվ ռազմական ու տնտեսական գործունեություն է ծավալում: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»՝ նշելով, որ Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն օրերս այցելել է Արցախի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներ:
Զարմանալի չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ հետախուզության, մշակման ու շահագործման նպատակով 30 տարով թուրքական ընկերություններին է հանձնել «Գաշգաչայ», «Էլբեյդաշ» ու «Աղդուզդաղ» ռազմավարական հանքերը, որոնք նախկինում մտնում էին Արցախի տարածքի մեջ:
Բաքվի աղբյուրները հաղորդում են, որ հենց Քարաիսմայիլօղլու մասնակցությամբ է կայացել «շատ թանկարժեք» հանքերի՝ թուրքական ընկերություններին տրամադրման համաձայնագրի ստորագրումը: Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Քարվաճառի շրջանի հարավարեւելյան մասում գտնվող «Աղդուզդաղն» ունի ոսկի պարունակող քվարցային, քվարցակարբոնատային երակներ, որոնցից 5-ում որոշվել է արդյունաբերական նշանակության ոսկու հանքայնացումը (ոսկու միջին պարունակությունը՝ 6,72 գ՝ տոննայից): «Գաշգաչայի» եւ «Էլբեյդաշի» հանքավայրերի մասին տեղեկատվությունը դեռ չի հրապարակվել: Ինչպես հայտնել է Քարաիսմայիլօղլուն, «Թուրքիան եղբայրական եւ բարեկամ Ադրբեջանին կցուցաբերի Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ ցանկացած օգնություն ինչպես ինժեներական նախագծերով, այնպես էլ տեխնոլոգիաներով»: Իսկ ավելի ճիշտ՝ Թուրքիան սկսում է ստանալ պարտքն իր վասալից նրան տրամադրած հաղթանակի դիմաց:
Տարածաշրջանում Թուրքիայի տնտեսական էքսպանսիան պաշտպանվում է նաեւ պաշտպանական նախագծերով: Այդ աջակցությունն արտահայտվում է Ադրբեջանի ներգրավմամբ մշտական համատեղ զորավարժություններում, որոնք պարբերաբար անցկացվում են երկու երկրների տարածքում: Եվ ահա այժմ ադրբեջանական ստորաբաժանումները մասնակցում են «Անատոլիական փյունիկ-2021» զորավարժություններին Թուրքիայում, որոնցում ներգրավված են նաեւ Քաթարի եւ Հյուսիսային Կիպրոսի թուրքական «պետության» բանակները: Հինգշաբթի օրը Բաքվում կայացել է ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 13-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են Բաքվի եւ Անկարայի միջեւ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր «ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական ոլորտներում»: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ «այդպիսի համագործակցությունը տարածաշրջանում կայունություն ապահովող հիմնարար գործոններից մեկն է»:
Ադրբեջանը, օգտվելով այն բանից, որ Թուրքիան ոչ միայն խոստանում, այլեւ արդեն ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, մշտապես բախումներ է սադրում Հայաստանի հետ սահմանին: Թուրք մասնագետները մասնակցում են ականազերծման աշխատանքներին: Անկարան ՌԴ-ի զինվորականների հետ օդային մոնիտորինգ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, որտեղ ռուսական խաղաղապահներ են տեղակայվել: Հակամարտության գոտում թուրքական անօդաչու սարքերի օգտագործումն արդեն որոշակի լարվածություն է առաջացնում: Վերջերս սոցիալական ցանցերում մի տեսանյութ է տեղադրվել, որում երեւում է, թե ինչպես է մեծ չափերով անօդաչուն, որը նման է «Bayraktar TB2»-ին, պտտվում Ստեփանակերտի վրա: Դիտորդները նշում են, որ այդ անօդաչուն նկատվել է նաեւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի օդային տարածքում: Նրանք վստահ են, որ Ռուսաստանի ու Թուրքիայի մոնիտորինգային ռեսուրսները չեն հետեւել այդ անօդաչու թռչող սարքին: Միեւնույն ժամանակ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվել ոչ Երեւանի, ոչ Մոսկվայի, ոչ Բաքվի ու ոչ էլ Անկարայի կողմից:
Հենց «Bayraktar TB2»-ի օգտագործման շնորհիվ Ադրբեջանին անցած տարի հաջողվեց առավելության հասնել Արցախի Հանրապետության նկատմամբ: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան պատրաստ է օգնել Ադրբեջանին, որպեսզի վերջինս սկսի ավիացիոն այդ զենքի արտադրությունը: «Թուրքիայի ձայնը» պորտալը հաղորդել է, որ «բանակցություններ են ընթանում Ադրբեջանում «Baykar Makina» գործարանի բացման վերաբերյալ»: Ադրբեջանում գործում է թուրքական պաշտպանական «Aselsan» ընկերության մասնաճյուղը, որի գլխավոր տնօրենը երկու ամիս առաջ հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ: Դիտորդների կարծիքով՝ Ադրբեջանում, անօդաչուներից բացի, կարտադրվեն նաեւ թուրքական այլ զենքեր: Նկատենք, որ Ուկրաինան արդեն ավիացիոն շարժիչներ է արտադրում թուրքական անօդաչուների համար եւ պատրաստվում է դրոնների արտադրությանն իր իսկ տարածքում: Մոսկվայում, բնականաբար, շատ դժգոհ են դրանից, քանզի, ըստ Կրեմլի, Կիեւն ագրեսիվ պլաններ է կազմում: Թուրքական այդ նախագծերը, աշխարհաքաղաքականից բացի, ՌԴ-ի համար տարբեր կարգի սպառնալիքներ ու վտանգներ են պարունակում, այդ թվում՝ զենքի վաճառքի ոլորտում:
Շվեյցարական SRF հեռուստաալիքը եզրակացրել է, որ զենք արտահանելով՝ Թուրքիան ճնշում է գործադրում ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլեւ Ռուսաստանի վրա: Մասնավորապես՝ հաղորդվում է, որ «Bayraktar» դրոնները կիրառվել են Լիբիայում, Սիրիայում եւ Ղարաբաղում: «Բոլոր դեպքերում կողմերը, որոնց ավանդաբար աջակցում է Ռուսաստանը, պարտվել են հակառակորդին: Հիմա նման մի բան կարող է կատարվել Ուկրաինայում»,- եզրակացնում են հեռուստաալիքի վերլուծաբանները՝ միեւնույն ժամանակ շեշտելով, որ Անկարան վտանգավոր խաղ է վարում. Մոսկվան անգործ չի նստի, երբ թուրքական ռազմական արդյունաբերության արտադրանքը ավելի շատ խանգարի Ռուսաստանի հետաքրքրություններին: Մյուս կողմից՝ Թուրքիան իրեն վստահ է զգում, որովհետեւ գնորդների թիվը միայն ավելանում է՝ Մարոկկոյից, Թունիսից, Քաթարից մինչեւ Սաուդյան Արաբիա եւ այլն:
«Ցավոք, Ռուսաստանը հիմա ի վիճակի չէ խանգարել Թուրքիային, որն իր ռազմաարդյունաբերական նախագծերն է իրականացնում հետխորհրդային տարածքում: Հաշվի առնելով Անկարայի աշխարհաքաղաքական հետաքրքրությունները՝ Մոսկվան այստեղ նույնպես առայժմ պարտվում է, որովհետեւ Արեւմուտքի պատժամիջոցների ճնշումը, ինչպես նաեւ նրա պաշտպանական ռեսուրսների սահմանափակությունը բացասական դեր են կատարում,- «ՆԳ»-ի թղթակցին ասել է ռազմական փորձագետ, գնդապետ Շամիլ Գարեեւը:- Բայց Հարավային Կովկասում Մոսկվան եւ Բաքվին, եւ Երեւանին զիջումների գնով կփորձի ամրապնդել իր դիրքերը՝ որպես չեզոք երկիր: Եվ թանկ խաղաղապահ գործողության, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման գործընթացում ռազմական-դիվանագիտական ակտիվ մասնակցության շնորհիվ այդ դիրքերը, ամենայն հավանականությամբ, կամրապնդվեն»: