Սոչիում հոկտեմբերի 31-ին եռակողմ հանդիպմանը նախորդած երկկողմ հանդիպումների արարողակարգային հատվածում արդեն ի հայտ եկան հակադրություններ՝ ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների, այլեւ Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների դիրքորոշումների միջեւ: Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Ալիեւն իր կարճ արարողակարգային խոսքի մեջ երկու անգամ կրկնեց, թե երկու տարի առաջ եռակողմ հայտարարությամբ արցախյան հիմնահարցը լուծվել է, եւ ներկայում պետք է քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում Պուտինը հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի հարցը քննարկման ենթակա է, եւ եթե Հայաստանը ցանկանա, ապա դա կարող է արվել:
Ինչպես պարզվեց եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահի արած հայտարարությունից, այդ հակադրությունները եղել են նաեւ փակ բանակցությունների ժամանակ, այդ պատճառով էլ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունից հանվել են նախօրոք փորձագետների առաջարկած որոշ դրույթներ: Դատելով հայտարարության ենթատեքստից՝ այդ դրույթները հանվել են եւ՛ Հայաստանի առաջարկով, եւ՛ Ադրբեջանի:
Չնայած այդ ամենին՝ Սոչիի հայտարարությամբ ամրագրվեց կարեւորագույն դրույթ, որի մասին արդեն տեւական ժամանակ խոսում է ՀՀ քաղաքական ղեկավարությունը: Փաստաթղթի առանցքային դրույթը՝ ուժի ու ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալը, բոլոր հարցերը բացառապես փոխադարձ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Ալմա-Աթայի 1991 թ. դեկլարացիայի հիման վրա լուծելը: Վերոնշյալ դրույթն ուղղակիորեն արձանագրում է, որ Ադրբեջանը ներխուժել է միջազգայնորեն ճանաչված ՀՀ ինքնիշխան տարածքներ: Սա նաեւ նշանակում է, որ երկրների միջեւ սահմանագծումն ու սահմանազատումն իրականացվելու են Ալմա-Աթայի 1991 թ. դեկլարացիայով, որի հիմքերը պետք է ներկայացնի ՌԴ-ն՝ իր արխիվներում պահպանվող, իրավական ուժ ունեցող քարտեզների տեսքով:
Այդ մասին ակնարկեց ՌԴ նախագահը՝ հանդիպման արդյունքներով տված ասուլիսում ասելով. «Սահմանազատումն ու սահմանագծումը կարեւոր հարց են։ Մենք այսօր շատ ենք խոսել այդ մասին, եւ կան որոշ նախադրյալներ, որ, ընդհանուր առմամբ, ճանապարհը գտնվել է։ Եթե ուշադիր կարդաք այսօրվա հայտարարությունը, այնտեղ կգտնեք նախնական գնահատականներ, նախնական, եթե ոչ պայմանավորվածություններ, ապա նախադրյալներ, որ այդ պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել։ Մենք պատրաստ ենք տրամադրել խորհրդային բանակի գլխավոր շտաբի՝ մեր տրամադրության տակ եղած քարտեզները։ Դրանք ամենաճշգրիտ քարտեզներն են, ինչպես հասկանում ենք։ Մենք պատրաստ ենք առաջ շարժվել այս բազայի վրա՝ քննարկելով երկու կողմերի հետ։ Մենք պայմանավորվեցինք, որ այդ շփումները, բանակցությունները, խորհրդակցությունները կշարունակվեն»։ Մինչ այդ էլ նա հայտարարել էր, որ հանդիպումը պայմաններ է ստեղծում իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված հետագա քայլերի համար, որոնք վերաբերում են սեպտեմբերի 13-14-ի եւ երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին։
Հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարությունից պարզ է դառնում, որ շեշտադրվել է նաեւ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի ինտենսիվացման դրույթը: Սոչիում կատարվեց կարեւոր արձանագրում, որը հիմնարար է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար, այն է՝ կողմերը վերահաստատեցին 1991 թ. Ալմա-Աթայի դեկլարացիայում ամրագրված նախկին միութենական սահմանները, ինչը հիմք է եղել նաեւ ՄԱԿ-ի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի ճանաչման համար: Սա նշանակում է ոչ միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրս բերում, այլեւ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհների՝ երկրների ինքնիշխանության ներքո դիտարկելու հիմք: Այդ մասին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ արարողակարգային հատվածում հայտարարելով, որ Մեղրիով անցնող ճանապարհի անվտանգությունը կարող են ապահովել այնտեղ գտնվող ՌԴ սահմանապահ զորքերը:
Այլ կերպ ասած՝ Սոչիում արձանագրվեց էական դրական քայլ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան հիմնահարցի լուծման գործընթացում: Վերջինիս մասին է խոսում այն միտումը, որ, ըստ էության, Արցախի խնդիրը տարանջատվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, ինչը վերացնում է կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկը՝ միաժամանակ արձանագրելով Արցախի կարգավիճակի առկախ վիճակը: