Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հարութ Պրոնոզյանի անվան լսարանում մասնաճյուղի ուսանողները, ավագ դպրոցի աշակերտները, պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսուցիչները հանդիպեցին ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի»-ի մեդալակիր Ռոզա Մխիթարյանի հետ: ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի աշխատակից, «Արվեստագետ» կրթամշակութային հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Իվան Անտոնյանը, ով նաեւ միջոցառման նախաձեռնողն էր, առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի համար մղված մարտերում հերոսացած հայ զինվորների հիշատակը:
Այնուհետեւ ցուցադրվեց «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող՝ Իվան Անտոնյանի հեղինակային (նկարահանվել է 2013 թ.) «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի անդրանիկ ֆիլմը՝ նվիրված Ռոզա Մխիթարյանին:
Ռոզա Մխիթարյանին եւ Իվան Անտոնյանին իր աշխատասենյակում շնորհակալություն հայտնեց եւ նմանատիպ միջոցառումները կարեւորեց մասնաճյուղի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Խառատյանը: Այնուհետեւ մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանը Ռոզա Մխիթարյանին ծաղկեփունջ նվիրեց եւ ողջունեց նմանատիպ միջոցառում-հանդիպումը: Իվան Անտոնյանը «Արվեստագետ» հանդեսի՝ Ռոզա Մխիթարյանին նվիրված համարից կարդաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքը:
Ռոզա Մխիթարյանը պատմեց իր կյանքի կարեւոր դրվագներից: «Հյուրախաղերով եղել եմ Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում՝ Չեխովի «Երեք քույր» ներկայացումով, որտեղ խաղացել եմ Անֆիսայի դերը եւ ամենուրեք արժանացել եմ դրական գրախոսականների լավագույն դերակատարումների համար, ապա նույն դերակատարմամբ եղել եմ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, որտեղ խաղացել եմ նաեւ Արմեն Ծովակի «Խնայեցեք տղամարդկանց» ներկայացման մեջ՝ Վառվառայի դերը, որը նույնպես ջերմորեն է ընդունվել: Անցած տարիների ընթացքում խաղացել եմ 180 դեր, որոնց մեծ մասը գլխավոր դերեր են եղել»,- ասաց Ռոզա Մխիթարյանը: Ապա շնորհակալություն հայտնեց Իվան Անտոնյանին՝ միջոցառումը կազմակերպելու համար, իսկ ուսանողներին եւ աշակերտներին հորդորեց, որ հաճախ այցելեն թատրոն, շատ գրքեր կարդան եւ սիրեն իրենց ուսուցիչներին ու դասախոսներին:
Ռոզա Մխիթարյանն ասմունքեց Պարույր Սեւակի «Կռիվներում ընկան նրանք» գործը:
Պատվավոր հյուրին հարցեր ուղղեցին ավագ դպրոցի ուսուցչուհի Հենզել Նազարյանը եւ բուհի դասախոս, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալբինա Գալստյանը՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Իվան Անտոնյանը պատմեց, թե ինչպես է իր նախաձեռնությամբ Ռոզա Մխիթարյանի կիսանդրին կերտվել եւ տեղադրվել արտիստուհու ծննդավայր Արծվաբերդի մշակույթի պալատի նախասրահում: Պատմեց նաեւ իր խմբագրած «Արվեստագետ» հանդեսի՝ Ռոզա Մխիթարյանին նվիրված համարի մասին:
Իվան Անտոնյանն ասմունքեց Ս. Եսենինի «Նամակ մորը» (թարգմանությունը՝ Վահագն Դավթյանի) գործը: Վերջում նա շնորհակալություն հայտնեց մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանին եւ ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանին՝ միջոցառման կայացմանը նպաստելու համար: