Արցախում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող «Հաթերք ֆրութ» ընկերության պատասխանատուները վերջերս հաղթանակով վերադարձան Լոնդոնում կայացած լավագույն դիզայնի միջազգային փառատոնից, որին մասնակցում էին հազարավոր ընկերություններ: Մրցույթում ներկայացված շուրջ 100 գյուղատնտեսական ապրանքատեսակների մեջ ընկերության թողարկած արտադրանքը՝ անարատ մեղրը, բարձրաճաշակ դիզայնի եւ փաթեթավորման համար արժանացավ ոսկե մեդալի: Հատկանշական է, որ մրցութային հանձնախումբը սկզբունքային այդ որոշումը կայացրել է միաձայն՝ երկարատեւ քննարկումների արդյունքում նախապատվությունը տալով արցախյան ապրանքատեսակին:
Ընկերության ղեկավար Սամվել Միրզախանյանի հավաստմամբ, դիզայնի եւ փաթեթավորման համար «Օսկար» պատվավոր, խորհրդանշական մրցանակաբաշխությունում հաշվի են առնվել նաեւ ապրանքի տեսականու «ծագումնաբանությունը», վայրը եւ այլ հանգամանքներ: Հանձնախումբն առանձնապես հետաքրքրություն է դրսեւորել պիտակների ինքնատիպ, նուրբ ձեւավորման վրա, որ իրականացվել է մի քանի տարբերակներով: Դրանք հիմնականում արվել են անտառային կենդանիների պատկերներով: Ասենք՝ պիտակի վրա արջն է վայրի մեղրի հետ պատկերված, մյուսում՝ եղնիկն է կամ մարգագետնում ցատկոտող նապաստակը…
«Հաթերք ֆրութի» տնօրենը գոհ է իրենց արտադրանքը բարձր գնահատելու համար: Սակայն ստացած մրցանակը, իր համոզմամբ, չպետք է «ինքնահանգստացման» առիթ դառնա: Նրա համոզմամբ, ընկերությունը բավարար ներուժ ունի գործունեության շրջանակներն ընդլայնելու եւ «նոր հորիզոններ նվաճելու համար»: Ս. Միրզախանյանը միաժամանակ կարեւորում է այն հանգամանքը, որ ոսկե մեդալի արժանանալուց եւ միջազգային փառատոնում ճանաչում ստանալուց հետո արտադրված մեղրը, հաջողված գովազդի շնորհիվ, առանց խոչընդոտների սպառվում է շուկայում՝ նվաճելով գնորդների վստահությունը, «ինչը պարտավորեցնում է արտադրել որակական բարձր առանձնահատկություններով համեմված անարատ մեղր»: Պատահական չէ, որ «բերքահավաքից հետո» կտրուկ աճել է պատվիրատուների թիվը…
Ինչպես Արցախում հայտնի շատ ընկերություններ, «Հաթերք ֆրութը» նույնպես 44-օրյա պատերազմի հետեւանքով մեծ կորուստներ է կրել: Գրեթե ոչնչացվել էր հինգ տարիների տքնանքի արդյունքը: 300 մեղվափեթակներից ընդամենը 20-ն էր մնացել: Համառ եւ հետեւողական ձեռնարկումների շնորհիվ մեղվաբույծներին հաջողվել է ոչ միայն վերականգնել, այլեւ 100-ով ավելացնել մեղվափեթակների քանակը: Մեղրի արտադրության ավելացմանը, անշուշտ, կնպաստի նաեւ արտերկրից «բարձր մթերատու» մայր մեղուների ձեռք բերումը, ինչը ձվադրման շրջանում նոր, առողջ մեղվաընտանիքների ստեղծման համար կարեւոր նախապայման է: