Հարավային Կովկասի տարածաշրջանում առանցքային դերակատարների թիվը համալրվել է՝ ի դեմս Իրանի։ Տարածաշրջանում Իրանը ևս փորձում է շահեկան դիրք զբաղեցնել։ Վերջին զարգացումներն, ակնհայտորեն ցույց են տալիս, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ոչ միայն զարգանում են, այլև, բառի ամբողջական իմաստով, Իրանն ու Ռուսաստանը միավորվել են։ Պատճառն այն է, որ այս երկու երկրներն ունեն ընդհանուր թշնամի՝ պանթյուրքիզմը։ Այսպիսով՝ Ռուսաստանի և Իրանի ռազմաքաղաքական դաշինքի մեկնարկը տրված է, ինչն էլ կկանխորոշի ռազմավարական անվտանգության նոր ձևաչափը Եվրասիական տարածաշրջանում, հատկապես՝ Հարավային Կովկասում։ Իրանի տեսանկյունից՝ սիոնիզմն ու Արևմուտքը միավորվել են ռուս-իրանական դաշինքի դեմ։
Թեհրանում և Մոսկվայում վստահ են, որ Բաքվի ռուսալեզու լրատվամիջոցներն օգտագործվում են արևմտյան ուժերի կողմից, ովքեր փորձում են խաթարել Ռուսաստանի և Իրանի ռազմավարական հարաբերությունները՝ շեշտադրում կատարելով պատմության մեջ Իրանի և Ռուսաստանի միջև հակամարտությունների վրա։ Այնուամենայնիվ, հանուն արդարության պետք է նշել, որ պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանն ամենաշատը պատերազմներ ու հակամարտություններ ունեցել է Թուրքիայի հետ։
Այսօր պաշտոնական քաղաքական խոսույթում Իրանն անթաքույց աջակցում է Ռուսաստանին՝ ի տարբերություն աշխարհի մեծ մասի։ Երկու տերությունների ռազմաքաղաքական համագործակցությունն ավելի է սերտանում, քանի որ երկու երկրների համար շուկայական զարգացման նոր ուղիներ կան այս ոլորտում։ Իրանում և Ռուսաստանում կա ընկալում, որ իրադրությունը Հարավային Կովկասում գուցե ավելի բարդանա, և նոր մարտահրավերներ ծագեն երկու երկրների մերձեցման համար, որոնցից հնարավոր չէ խուսափել։ Ուստի երկու երկրներն այժմ ջանասիրաբար աշխատում են համապարփակ ռազմավարական համաձայնագրի շուրջ, որից հետո գործընթացներն ավելի արագ ու արդյունավետ ընթացք կստանան։
Թեհրանում և Մոսկվայում ընկալումների մասով մի հետաքրքիր միտում կա. երկու երկրներում էլ կարծում են, որ Երևանն ու Բաքուն ղեկավարվում են միևնույն կենտրոնի կողմից, և ըստ նրանց՝ այդ կենտրոնը Մոսկվան չէ։ Այս պարագայում կրկին կարելի է հիշատակել Ռուսաստանի ու Իրանի ընդհանուր թշնամու մասին։ Շատ է խոսվել այն մասին, որ Իրանում գործում են լոբբիստական ուժեր, որոնք աշխատում են Ադրբեջանի իշխանությունների անմիջական հովանավորությամբ։ Նման խմբավորումների նպատակն Իրանում պառակտումներ հրահրելն է և նրան Հարավային Կովկասի կարևորագույն գործընթացներից դուրս թողնելը։
Վերջերս Իրանը զորավարժություններ էր սկսել Ադրբեջանի սահմանին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին զորավարժություններն սկսելուց առաջ անդրադարձ կատարեց սիոնիստական ռեժիմի ազդեցությանը. «Սա, իհարկե, սպառնալիք է Իրանի անվտանգությանը»: Թեհրանում հասկանում են, որ միայն զորավարժություններ անցկացնելով՝ այս սպառնալիքը հնարավոր չէ չեզոքացնել։ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին էլ իր հերթին ադրբեջաներենով գրառում կատարեց. «Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը մուսուլմանների դեմ ուղղված ամենամեծ հանցագործություններից է»։ Սա իր մեջ զգուշացման ենթատեքստ էր պարունակում, որից հետո, իհարկե, հակաիրանական քարոզչության մի մեծ ալիք բարձրացավ ադրբեջանական հասարակության շրջանում։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են Բաքվի իշխանություններն այսքան տարի իրենց ժողովրդին դրդում հարևան երկրի՝ Իրանի դեմ։
Իսրայելն Ադրբեջանի տարածքն օգտագործում է որպես Իրան ուղարկվող հատուկ խմբերի հետախուզական կենտրոն։ Իրանում հավատացած են, որ ադրբեջանական իշխանություններն ու մերձիշխանական լրատվամիջոցները՝ ի դեմս Իսրայելի ու Թուրքիայի, նույնպես ներգրավված են եղել Իրանի ներքին քաղաքական իրավիճակն ապակայունացնելու գործում։ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվում են որպես «մեկ ազգ-երկու պետություն», այսինքն՝ պանթյուրքիստական գաղափարով։ Հետաքրքրականն այն է, որ Իրանի հասարակությունը գիտակցում է, որ իրականում դա ուղղված է հենց իր դեմ։ Պատճառն այն է, որ սիոնիզմն ու պանթուրքիզմը թափանցել են ադրբեջանական հասարակություն և արմատներ գցել այնտեղ։
Իրանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ հայտարարությունները ժողովրդին միշտ ներկայացվել են որպես ձևական և վախից արված։ Քաղաքական նպատակներին հասնելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունն սկսել է համագործակցել Իրանի ռազմավարական թշնամիների հետ։ Հիմա, իսրայելական լրատվամիջոցները հաստատում են այն փաստը, որ Իրանի դեմ «պատերազմի» մեկնարկը տրվել է Ադրբեջանի տարածքում։ Այսպիսով՝ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակում Ռուսաստանն ու Իրանն սկսում են սերտ համագործակցություն՝ դիմակայելու ընդհանուր հակառակորդներին։