55 տարի առաջ Ստեփանակերտի մուտքի բարձունքին տեղադրվեց քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի «Մենք ենք, մեր լեռները» հանրահայտ հուշարձանը:
Քանդակագործական հրաշալի կոմպոզիցիան, որով հիմա մենք հիանում ու հպարտանում ենք, հեղինակի կողմից ստեղծվել է 1967 թ. եւ այդ ժամանակ էլ տեղադրվել այս բլրի վրա, որտեղ էլ այն կանգնած է մինչեւ հիմա: Քանդակագործն իր ստեղծագործությունն անվանել է «Մենք ենք, մեր լեռները», որի համար տեղանքը (բլուրը) պատահական չի ընտրվել եւ համահունչ է նրա գաղափարին:
Հուշարձանն արտացոլում է երկու արցախցիների` տարիքն առած ամուսնուն ու կնոջը, ովքեր իրենց տեսքով ու կեցվածքով, Արցախին բնորոշ հատկանիշներով խորհրդանշում են ոչ միայն ամբողջ աշխարհում հայտնի արցախցիների երկարակեցությունը, այլեւ հենց Ղարաբաղի երկարակեցությունն ու հավերժությունը:
Բլուրը, որի վրա տեղադրված է քանդակն առանց պատվանդանի, ոչ այլ ինչ է, քան մի լեռ, որին «ներաճել» են այս երկու արցախցիները: Նրանք էլ են լեռներ, արցախյան անսասան լեռներ, քանզի նրանց պատմությունը ձգվում է ոչ մեկ հազարամյակ: Մարդկային էությունը, որ քանդակագործը հաղորդել է այս երկու արցախցիների հայացքներում, եւս պարզ է ու հասարակ, ինչպես հասարակ է ամեն հանճարեղ բան: Նրանց հայացքներում կա հանգստություն, իմաստնություն եւ սեփական հողում ապրելու անկոտրում կամք: Մեծ հաշվով՝ դա հայացք է սեփական բազմադարյա պատմությանը` լի պայքարով` հանուն սեփական հայրենիքի ու հարազատ ժողովրդի:
Դժվար չէ կռահել, թե այն բանից հետո, երբ հայտնի դարձավ քանդակը հենց Արցախում տեղադրելու հեղինակի մտադրության մասին, ինչ էր տեղի ունենում Ադրբեջանական ԽՍՀ իշխանական շրջանակներում: Այդ հիմա են ամեն անգամ սոցիալական կամ տնտեսական ոլորտներում մեր այս կամ այն ձեռքբերման առիթով բացեիբաց մեզ հասնում ադրբեջանական իշխանությունների տարբեր տեսակի հիստերիկ արարմունքները: Իսկ այն ժամանակ նման հիստերիկ պահվածքը վարպետորեն քողարկվում էր «աշխատավորների ինտերնացիոնալ դաստիարակության» քողի տակ: Դրա հետ մեկտեղ ցինիկաբար խափանվում էր արցախցի մշակույթի գործիչների ցանկացած նախաձեռնություն, որը թեկուզ փոքր-ինչ արտահայտում էր մեր ազգային ինքնությունը:
Հետադարձ հայացք ձգելով մեր ոչ վաղ անցյալին` չի կարելի չհիշել եւ, դրա հետ մեկտեղ, արժանին չմատուցել այն ժամանակվա ղարաբաղյան իշխանությունների, հիրավի, օլիմպիական հաստատակամությանը, ովքեր կարողացան մեծ դժվարությամբ, մշակույթի ոլորտում նույնպես աճող ադրբեջանական էքսպանսիայի պայմաններում պաշտպանել իրենց հայտնի համերկրացու` Սարգիս Բաղդասարյանի գաղափարը` իր ստեղծագործության մեջ մարմնավորել ղարաբաղցիների ոգին, արիությունն ու տոկունությունը: Պատահական չէ, որ հուշարձանն այսօր Արցախի իսկական խորհրդանիշն է: Եվ հուշարձանի նշանակությունը` որպես խորհրդանիշի, այնքան մեծ է, որ նրա պատկերը կրկնվում է Արցախի Հանրապետության ու նրա մայրաքաղաք Ստեփանակերտի զինանշաններին:
Վերականգնելով Արցախի խորհրդանիշը, նրան հաղորդելով նոր ու թարմ շունչ՝ ժողովուրդն ապացուցեց, որ Արցախը հավերժ է, իսկ նրա ոգին` անսասան: