Ադրբեջանի իշխանությունների կողմից օրեր առաջ լուծարվել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Պետական անվտանգության ծառայությունը, որի հիման վրա ստեղծվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության Նախիջեւանի գլխավոր վարչությունը։ Գերատեսչության ղեկավար է նշանակվել Մոհսուն Աշուրովը, ով նախկինում զբաղեցրել է Բաքվի օդանավակայանի պետական անվտանգության ծառայության պետի պաշտոնը։ Այս քայլը հուշում է, որ առաջիկայում լուծարվելու են նաեւ Նախիջեւանի մյուս ինքնավար կառույցները՝ հանգեցնելով Նախիջեւանի ինքնավարության վերացմանը։
Ալիեւյան վարչակարգի կողմից իրականացվող համակարգային՝ վարչատարածքային վերոնշյալ վերաձեւումներն անմիջականորեն առնչվում են Հայաստանի անվտանգային իրավիճակին, այդ թվում՝ Արցախի հիմնախնդրին։ Տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ Ադրբեջանը, լուծված համարելով Արցախի բռնակցման հարցը, նախապատրաստվում է Սյունիքի բռնազավթմանը։ Համակարգային վերաձեւումներով նաեւ համապատասխան պատկերացումներ են ձեւավորվում այդ երկրի հանրային տրամադրություններում եւ ընկալումներում։
Այդ համատեքստում պետք է դիտարկել 2021 թ. հուլիսի 7-ի Ալիեւի ստորագրած հրամանագիրը, որով երկրի վարչատարածքային բաժանումն իրականացվել էր ըստ տնտեսական շրջանների: Այդ որոշմամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքները՝ Ջրականը, Քարվաճառը, Սանասարը, Քաշաթաղը եւ Կովսականն ընդգրկվել են «Ղարաբաղյան», իսկ Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները ներառվել են «Արեւելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի կազմում: Վարչատարածքային բաժանման մեջ «Արեւելյան Զանգեզուր» անվամբ շրջանի առանձնացումն արդեն իսկ հուշում է, որ ադրբեջանական ընկալումներում գոյություն ունի նաեւ «Արեւմտյան Զանգեզուրը», որի տակ Ադրբեջանում նկատի է առնվում ՀՀ Սյունիքի մարզը: Ի դեպ, Բաքվի բռնապետը չի էլ թաքցնում իր այդ մտադրության մասին եւ դեռւես անցյալ տարի խոսել է բաց տեքստով. «Ստեղծվել է նաեւ Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը։ Հիմա Հայաստանում հիստերիա է այս կապակցությամբ։ Սրա կարիքը չկա, քանի որ Արեւելյան Զանգեզուրը մեր պատմական հողն է։ Արեւմտյան Զանգեզուրի նման։ …Հիմա Հայաստանում ասում են, որ Իլհամ Ալիեւը տարածքային պահանջներ է ներկայացնում։ Այո՛, Արեւմտյան Զանգեզուրը մեր պապերի երկիրն է։ Ես ասացի, որ այնտեղ կվերադառնանք։ Ես սա ասել եմ 10 տարի առաջ: Սա մեր պապերի երկիրն է, այնտեղ պետք է վերադառնանք, կվերադառնանք ու վերադառնում ենք։ Մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել: Մենք անպայման կվերադառնանք, քանի որ այլ ճանապարհ չկա»։
Ի դեպ, երեկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմային անդրադարձել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է ՌԴ-ն գնահատում «Զանգեզուրի միջանցքի» կազմակերպման ուղղությամբ ջանքերը, նա հստակեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջեւանին կապող հնարավոր ճանապարհի դեպքում Մոսկվան օգտագործում է ոչ թե «միջանցք», այլ «երթուղի» տերմինը: Սակայն փաստենք, որ նման հայտարարությունները դեռեւս բավարար չեն կասեցնելու կամ չեղարկելու Սյունիքի նկատմամբ թուրք-ադրբեջանական նկրտումները, քանի որ, ինչպես տեսնում ենք, Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են տարածաշրջանի անվտանգային համակարգի ճարտարապետությունը։
Մեր տարածաշրջանում ընթացող խորքային վերաձեւումները, որոնք անմիջականորեն առնչվում են տարածաշրջանային պետություններին, ինչպես նաեւ այստեղ շահեր ունեցող միջազգային խաղացողներին, հնարավորություն են տալու ուժի դիրքերից թելադրելու խաղի կանոններն ու գրանցելու համապատասխան արդյունքներ։ Այդ իմաստով տեղի ունեցող գործընթացներից անմասն չի կարող մնալ Իրանը։ Որոշ պանթուրքիստական սոցիալական հարթակներ հայտնում են, որ Իրանում, մասնավորապես՝ Թավրիզի փողոցներում, թռուցիկներ են կախված՝ «Հարավային Ադրբեջանը ձեր թիկունքում է, պարոն նախագահ» գրությամբ։ Ի հակակշիռ դրան, Իրանը վերջերս հրապարակային իր աջակցությունն էր հայտնել Նախիջեւանում ինքնորոշման շարժմանը: Իրանում լավ են հասկանում, որ Արցախի եւ Սյունիքի շուրջ ծավալվող իրադարձությունները, Նախիջեւանի կարգավիճակի փոփոխությունը, երկրի հյուսիսային շրջաններում անջատողական տրամադրությունների ակտիվացումը կարմիր թելով կապված են միմյանց հետ, որի դեմն առնելու խնդիրը փորձում են լուծել դիվանագիտական, քաղաքական հայտարարություններից սկսած մինչեւ ռազմական ներուժի ցուցադրմամբ։
Վերադառնալով Նախիջեւանի կարգավիճակի հետ կապված փոփոխություններին, նշենք, որ այն կարգավորվում է Կարսի պայմանագրով, թեեւ դա խնդրահարույց է իրավաքաղաքական տեսանկյունից: Կարսի պայմանագրի 5-րդ հոդվածը, որը համարվում էր Մոսկվայի պայմանագրի փոքր-ինչ խմբագրված տարբերակը, ամբողջությամբ վերաբերում է Նախիջեւանի մարզին (նաեւ III հավելվածը): «Թուրքիայի կառավարությունը եւ Ադրբեջանի ու Հայաստանի խորհրդային կառավարությունները համաձայնել են, որ սույն պայմանագրի III հավելվածում նշված սահմաններում Նախիջեւանի մարզը կազմի ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության ներքո»: 5-րդ հոդվածում դուրս է թողնված Մոսկվայի պայմանագրի 3-րդ հոդվածի այն արգելանքը, որ «Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության»: Խմբագրական այդ փոփոխությունը հույս էր ներշնչում հայ հասարակական եւ ղեկավար շրջաններին, որ հետագայում հնարավոր կլինի Նախիջեւանը վերադարձնել Հայաստանին, սակայն 1924 թ. փետրվարի 9-ին Ադրբեջանի խորհուրդների Կենտգործկոմի որոշմամբ Նախիջեւանի երկրամասն ինքնավար հանրապետության կարգավիճակով ներառվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Ավելին՝ խորհրդային հետագա ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունները վարեցին ժողովրդագրական այնպիսի քաղաքականություն, որի հետեւանքով Նախիջեւանն աստիճանաբար հայաթափվեց: Եթե Առաջին աշխարհամարտից առաջ Երեւանի նահանգի կազմում գտնվող Նախիջեւանի հայության թիվը 53,4 հազար էր, ապա 1926 թ.՝ ընդամենը 11,3 հազար, այսինքն` նվազել էր շուրջ 5 անգամ: Հետագայում այդ թիվը ավելի նվազեց, իսկ Արցախյան շարժման շրջանում Նախիջեւանն ամբողջությամբ հայաթափվեց, հայկական պատմամշակութային հետքը ջնջվեց, եւ այդ ամենը միջազգային հանրության գիտությամբ: Այսօր էլ Արցախն է կանգնած էթնիկ զտման վտանգի առջեւ, եթե անգամ ամենաբարձր կարգավիճակով հանձնվի Ադրբեջանին։