Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ հայտնելով, որ նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները, իբր, «հրետանային զինատեսակներից գնդակոծել են» Քարվաճառի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերը: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը նախընտրում է շրջանցել «հայ-ադրբեջանական սահման» ձեւակերպումը։
Նախօրեին Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ: Եվրամիության եւ Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաները ողջունել եւ բարձր են գնահատել հանդիպման փաստն ու տարվող աշխատանքները։ Սակայն շեշտենք, որ առանց Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները վերացնելու, հնարավոր չի լինելու հասնել մեր շահերից եւ միջազգային իրավունքից բխող արդյունքների։ Տարածաշրջանային խաղաղության եւ կայունության հասնելու համար նախեւառաջ անհրաժեշտ է, որ ադրբեջանական զինված ուժերը դուրս գան ՀՀ տարածքից։ Ստեղծված իրավիճակն առավել մտահոգիչ է, երբ Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել եւ դրանով լեգիտիմացնել իր նախորդ ու հետագա հնարավոր ագրեսիաները։
Այս պահին Ադրբեջանի թիրախավորման տակ բռնազավթված Քարվաճառից դեպի Սոթք-Վարդենիս եւ Ջերմուկ ուղղություններն են։ Մինչ այս ուղղությամբ Ադրբեջանը սադրանքների համար հող է նախապատրաստում, Իրանի կողմից կոշտ հայտարարությունները որոշակի խմբագրումներ են մտցրել հարավային ուղղությամբ, որտեղ իրականացնում են վարժանքներ։ Այս օրերին Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերի զորամասերի զորավարժություններ են անցկացվում հարավային սահմանների մոտ գտնվող տարածքներում, որոնք գլխավորում է հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոեւը։ Վերջինս աչքի էր ընկել Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն. «Հատուկ նշանակության ջոկատները, հիմնվելով հետախուզության վրա, ներթափանցելով հակառակորդի գծերի հետեւում, կատարել են ուսումնական մարտական առաջադրանքներ՝ դարանակալելու, գրոհելու եւ դիվերսիա իրականացնելու համար։ Հատուկ նշանակության ջոկատների կողմից հայտնաբերված ապաստարաններում եւ պայմանական ճակատի այլ ուղղություններում, անմիջական շփման միջոցով, կատարվել են հակառակորդի տեխնիկայի եւ կենդանի ուժի ոչնչացման խնդիրները։ Գործողություններ են ձեռնարկվել փոքր ստորաբաժանումների կողմից թշնամու թիկունքում ճանապարհին հանդիպող խոչընդոտների համակարգը հաղթահարելու, բնակավայրերում մարտեր վարելու եւ դրանք գրավելու ուղղությամբ»։
Նշվում է, որ հատուկ նշանակության ստորաբաժանումները գործողություններ են կատարել ռազմաօդային ուժերի եւ նրանց աջակցող հրթիռահրետանային ստորաբաժանումների հետ գիշերային եւ սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ սահմանված գծերն ու կետերը վերահսկողության տակ առնելու նպատակով։ Զորավարժություններում կատարվող առաջադրանքները հստակ ցույց են տալիս այն հիմնական թիրախներն ու խնդիրները, որոնք նախատեսում է իրականացնել Ադրբեջանն Իրանի հետ սահմանին հնարավոր ռազմական էսկալացիայի դեպքում։ Հատկանշական է, որ այս օրերին ակտիվ փոխայցելություններ են տեղի ունենում Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտոնյաների կողմից։ Դա մեկ անգամ եւս ցույց է տալիս, թե ադրբեջանական ռազմաքաղաքական գիծը որքան սերտորեն է փոխկապակցված եւ պայմանավորված թուրքական շահերով ու ծրագրերով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Ադրբեջանի սահմանի մոտ լայնածավալ զորավարժություններ էին անցկացրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը։ Այդ զորավարժությունները ռազմական բնույթ ունենալուց բացի հստակ քաղաքական ուղերձներ էին պարունակում ադրբեջանական նկրտումներին ի պատասխան։ Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին այդ օրերին գրառում էր կատարել թվիթերյան իր միկրոբլոգում՝ նշելով, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսքը հստակ ուղերձ է հարեւան երկրների համար։ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները հարեւան երկրների համար խաղաղության, բարեկամության եւ կայուն սահմանների անվտանգության հստակ ուղերձ են, իսկ թշնամիների, ոչ տարածաշրջանային երկրների եւ ռեժիմների համար՝ վճռական պատասխան ցանկացած սպառնալիքի եւ միջամտության փորձի»,- ընդգծել էր դիվանագետը։