Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում 2023 թ. արդեն կարող են ստանալ մինչեւ 1940 թ. հունիսի 30-ը ներառյալ ծնված անձինք։ Համենայնդեպս, այսպես է ըստ կառավարության՝ 2014 թ. ապրիլի 23-ի թիվ 460 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծի, որն արդեն շրջանառվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Կառավարության հավանությանն արժանանալուց հետո որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից։
Խնայբանկի ավանդների փոխհատուցման գումարի տրամադրման գործընթացը նպաստառու ընտանիքում ընդգրկված անձանց համար իրականացվում էր «2006 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով եւ կառավարության 2006 թ. մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 352-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան: Եվ համաձայն դրա՝ գործընթացի սկզբնական փուլում ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման համար որպես առաջնահերթ պայման սահմանվել էր 2005 թ. հուլիսի 1-ից մինչեւ 2006 թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդմեջ ընտանեկան նպաստ ստանալու հանգամանքը: 2010 թ. պետբյուջեի մասին օրենքի եւ կառավարության 2010 թ. համապատասխան որոշման համաձայն՝ ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված էր 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: 2013 թ. կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ ավանդների դիմաց փոխհատուցումը տրամադրվում էր ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված մինչեւ 1924 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձանց: 2014 թ. պետբյուջեի մասին օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված էր, որ 2014 թ. շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների կողմից նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը: Նույն հոդվածի 15-րդ մասի համաձայն` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը տրամադրվում էր ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների` արդեն մինչեւ 1929 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անդամներին եւ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց` ՀՀ կառավարության սահմանած կարգով:
2014 թ. ապրիլի 23-ին կառավարությունն ընդունեց ավանդների տրամադրման կարգը եւ փոփոխություններ կատարեց 2006 թ. որոշման մեջ, որով հաստատված կարգի 4-րդ կետով նշվեցին հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ 2-րդ կետի համաձայն սահմանվեց, որ եթե ավանդատուի ամուսինը մահացած է եւ մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկվում է ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, եւ ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվեց մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց: Սահմանվեց նաեւ, որ եթե ավանդատուն մահացել է, ապա նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց եւ գումարը համապատասխան մարմնին փոխանցվելուց հետո, մահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին)` նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա:
Նրանց, ում հասանելի էր ավանդների փոխհատուցման գումարի ստացումը, ծննդյան թվերը տարիների ընթացքում համապատասխանաբար փոխվեցին։ 2021 թ. արդեն ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք էին ձեռք բերել մինչեւ 1938 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները, 2022 թ.՝ մինչեւ 1939 թ. ծնվածները, իսկ մյուս տարի արդեն՝ մինչեւ 1940 թ. հունիսի 30-ը ներառյալ ծնվածները։
2022 թ. ավանդի փոխհատուցման իրավունք ունեին՝ 1. մինչեւ 1939 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, 2. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, 3. սահմանամերձ համայնքներում (ՀՀ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված)` բնակչության պետռեգիստրում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաեւ այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, 4. ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:
2023 թ. գումարի փոխհատուցումը կտրվի մինչեւ 1940 թ. հունիսի 30-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, նաեւ այլ սոցիալական խմբերին` կառավարության սահմանած կարգով:
Ի դեպ, «ՀՀ 2006 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրի 4-րդ մասով սահմանվել է ավանդի դիմաց փոխհատուցման չափի որոշման սանդղակը։ Երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից փորձեցինք ճշտել՝ արդյոք այս տարիների ընթացքում գործակիցները չե՞ն փոխվել։ Լրատվական բաժնի աշխատակիցը պարզաբանեց՝ ոչ, նույնն են մնացել։ Փոխհատուցման իրավունք ունեցող եւ հաշվառված յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն հաշվել իրեն հասանելիք փոխհատուցման գումարի չափը։
Այսպիսով՝ եթե ավանդի գումարի չափը խորհրդային ռուբլիով 1000-ից ոչ ավելի է, ապա տրամադրվող փոխհատուցման գումարը ՀՀ դրամով հաշվարկվում է՝ ավանդի գումար x 84։ 1001-ից մինչեւ 3000 ռուբլին (ներառյալ) հաշվարկվում է՝ 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29.4)։ 3001-ից մինչեւ 5000 ռուբլին (ներառյալ) հաշվարկվում է՝ 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8)։ 5001-ից մինչեւ 10000 ռուբլին (ներառյալ) հաշվարկվում է՝ 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 8)։ 10000-ից ավելի ռուբլին հաշվարկվում է՝ 216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4)։