Սոլսբերիի տաճար՝ գոթական ոճով տաճար անգլիական Սոլսբերի քաղաքում՝ նվիրված Աստվածամորը։ Կառուցվել է 38 տարվա ընթացքում։ Անգլիական գոթիկայի փայլուն օրինակ է։
Սոլսբերիի տաճարի նախատիպը 1190 թ. կառուցված նորմանյան տաճարն է Հին Սարում (անգլ.՝ Old Sarum) քաղաքում, որն այժմ գոյություն չունի. հին քաղաքը գտնվել է ժամանակակից Սոլսբերիից 2 մղոն հեռավորության վրա։ 1219 թ. Ուիլթշիրի շերիֆի եւ Սոլսբերիի եպիսկոպոսի միջեւ եղած տարաձայնության պատճառով թեմական կենտրոնը տեղափոխվում է մոտակա հարթավայր, որտեղ սկսվում է նոր տաճարի կառուցումը։ Կառույցի շուրջը արագ սկսում է նոր քաղաք կառուցվել՝ Նոր Սարումը։ Արդյունքում հին քաղաքը հետզհետե անկում է ապրում, մանավանդ որ հին քաղաքի տների պատերը որպես շինանյութ օգտագործվում են նոր քաղաքի շինարարության մեջ։ Եթե հին եկեղեցին տեղավորված էր ոչ մեծ ամրոցի սահմաններում, ապա նոր տաճարը կառուցվում էր ընդարձակ տեղանքում՝ որպես նախատիպ ունենալով Լինքոլնի գոթական տաճարը։ Նոր Սարում քաղաքը ստանում է Սոլսբերի անունը։
Մայր տաճարի կառուցումն աննախադեպ արագ է կատարվել. հիմնարկեքը եղել է 1220 թ., իսկ արդեն 1258 թ. տեղի է ունեցել օծման արարողությունը։ Սկզբնական փուլում շինարարությունը ղեկավարել են եպիսկոպոս Ռիչարդ Պուրը եւ ճարտարապետ Էլիաշ Դերհեմը։ Ստորգետնյա ջրերին դիմակայելու համար տաճարի հիմքը խորացվել է չորս ֆուտով։ Ֆրանսիացի ճանապարհորդ Ամեդել Պիշոն հիացմունքով գրել է. «Եկեղեցու գմբեթը հենված է ընդամենը մեկ մույթի վրա, որի խոյակները արմավենու պսակ են հիշեցնում»:
-1386 թ. պատրաստված ժամացույցը աշխատող ամենահին ժամացույցի մեխանիզմն է աշխարհում։
-Տաճարի բացօթյա սյունաշարը (կլուատր) ամենամեծն է Անգլիայում։
-1445 թ. եկեղեցուն կից բացվել է գրադարան, որում պահվում է «Ազատությունների մեծ խարտիա» գրքի պահպանված չորս օրինակներից մեկը։ Գիրքը օրենսդրական առաջին փաստաթուղթն է Անգլիայում, որով սահմանափակվում են արքայական իրավունքները։