Այսօր իսկ, առավել եւս ամենամոտ ապագայում, մեր պետականության մտահոգիչ առաջնային խնդիրներից մեկը մնալու է անկլավների հարցը։ Հիմա կփորձենք ներկայացնել աշխարհում գոյություն ունեցող անկլավների մասին տվյալներ, որոնք խորհրդածելու մեծ նյութ են պարունակում։
Աշխարհում անկլավների թիվը ներկայացվում է 30-40-ի միջակայքում, սակայն երբ կոնկրետ քննարկում ենք առանձին երկրները, դրանց թիվը կրկնապատկվում է։ Դա պայմանավորված է նաեւ մոտեցումների տարբերությամբ` կան անկլավների տարբեր բնութագրումներ։ Տարբերակվում են նաեւ լրիվ անկլավ եւ մասնակի անկլավ (կիսաանկլավ) հասկացությունները։ Լրիվ անկլավները ծովային ելք չունեցող անկլավներն են։ Անկլավ հասկացությունն օգտագործվում է որպես ընդհանուր տերմին, իսկ իր` անկլավ ունեցող երկրի տեսակետից այն կոչվում է էքսկլավ։ Ցանկացած անկլավային գոյացության գլխավոր, անկյունաքարային բնութագրականը մայր պետության ինքնիշխանությունն է նրա նկատմամբ։
Աշխարհի ամենախոշոր անկլավներն են.
N | Անվանում | Մայր երկիրը | Տարածքը, կմ քառ. |
1 | Ալյասկա | ԱՄՆ | 1 717 856 |
2 | Ֆրանսիական | Գվիանա Ֆրանսիա | 83 846 |
3 | Կալինինգրադի մարզ | Ռուսաստան | 15 125 |
4 | Հյուսիսային Իռլանդիա | Մեծ Բրիտանիա | 13 843 |
5 | Կաբինդա | Անգոլա | 7 270 |
6 | Նախիջեւան | Ադրբեջան | 5 500 |
Որոշ ժամանակ, ոմանց տեսանկյունից, այս ցուցակում էր հայտնվել նաեւ Ղրիմը` 26 000 ք/կմ տարածքով։ Կերչի կամուրջի կառուցումից հետո այն դադարեց անկլավ դիտարկվել։
Աշխարհի անկլավների մեջ կան հազարամյա պատմություն ունեցողներ, մյուսներն առաջացել են վերջին քաղաքական տեղաշարժերի արդյունքում։ Մասնավորապես՝ դրանց մի խոշոր մաս մտավ միջազգային շրջանառության մեջ ԽՍՀՄ եւ սոցիալիստական ճամբարի փլուզման հետեւանքով։ Միայն Ուզբեկստանը 4 անկլավ ունի Ղրղզստանում, երեք անկլավ ունի Տաջիկստանը։ Սա մի նոր խնդիր է միջազգային համակեցության համար, որը, պետք է նշել, 21-րդ դարի զարգացման չափանիշներով բավարար չափով չի տնօրինվում` մեծապես բարձիթողի է։ Միջին Ասիայում յուրաքանչյուր տարի տեղի են ունենում տասնյակ սահմանային ընդհարումներ, այդ թվում` զինված։
Համեմատաբար քիչ անհանգստություն են պատճառում անկլավները արեւմտյան զարգացած քաղաքակրթության երկրներում։ Մեզ հետաքրքրում է, մասնավորապես, նրանց հաղորդակցության հարցերի լուծումը, որը միանշանակ չէ։ ԱՄՆ-ի եւ Կանադայի հարաբերություններն առավել քան հաշտ եւ բարեկամական են, սակայն անկլավների հարցում այնտեղ մեծ մասամբ խստորեն պահպանվում են սահմանների ու մաքսային կանոնակարգերը։ Ցամաքով տեղափոխվելիս բուն Ալյասկայի բնակիչներն օգտվում են Կանադայի սահմանային անցակետերից` առավել պարզեցված ընթացակարգով։ Այնուամենայնիվ, սահմանային կետերում պետք է ստուգվեն, բացատրեն` ուր եւ ինչու են գնում, պետք է տուն գնան միայն ուղիղ ճանապարհով, գրանցվեն Կանադայի տարածքից դուրս գալիս եւ այլն։ Խախտողներին բարձր տուգանքներ են հասնում։ Նույնպես եւ ամերիկյան Պոյնտ-Ռոբերտս անկլավը։ Այստեղ անցնել կարելի է միայն կանադական սահմանային անցակետով, սակայն հսկողությունն այնքան մեղմ է, որ կանադացիները հաճախ գալիս են այստեղ առեւտուր անելու` ավելի ցածր գների պատճառով։ ԱՄՆ-ի` «Հարավարեւմտյան անկյուն» կոչվող անկլավում ցամաքային սահմանը սպասարկող անձնակազմ չունի, այն հատելիս պետք է մտնել հատուկ տնակ եւ հեռախոսով կապվել մուտքի դեպքում ամերիկյան, ելքի դեպքում՝ կանադական մաքսավորների հետ։
Եվրոպայի տարածքում անկլավների հարցն առավել քաղաքակիրթ լուծում է ստացել, մեղմ հակամարտությունները հազվադեպ են։ Նույնիսկ անկլավներ կան, որ բնակչություն չունեն, բայց էլի եվրոպական ճշտապահությամբ հսկվում են մայր պետականության կողմից։ Ծագող վիճաբանությունները լուծվում են քաղաքակիրթ միջոցներով։ Օրինակ՝ իսպանական Լյիվիա անկլավը (չշփոթել Լիբիայի հետ) մայր երկրից ոչ մեծ հեռավորության վրա է (1.6 կմ), ամբողջությամբ Ֆրանսիայի տարածքով շրջափակված։ Իսպանիայի հիմնական տարածքի հետ այն միանում է մայրուղով, որը մինչեւ 1990-ականների կեսը ուներ չեզոք կարգավիճակ, որն արգելում էր երրորդ երկրների մեքենաների երթեւեկությունը։ Ֆրանսիական ճանապարհի հետ հատման կետում երկար ժամանակ «նշանների պատերազմ» էր ընթանում. կողմերից յուրաքանչյուրը գլխավոր էր համարում իր ճանապարհը։ «Հակամարտությունը» կորցրեց իր հրատապությունը երկու երկրների` ԵՄ եւ Շենգենյան գոտի մտնելու կապակցությամբ։ Ամենադյուրացվածը Հյուսիսային Իռլանդիայի հարաբերությունն է Մեծ Բրիտանիայի հետ։ Այստեղ գործում է հաղորդակցության ընդհանուր կարգը, որը չի ենթադրում անձնագրային եւ մաքսային հսկողություն։
Բացառություններ կան սոցիալիստական ճամբարի քայքայումից հետո առաջացած դեպքերում։ Օրինակ՝ խորվաթական Դուբրովնիկը բավական ընդարձակ անկլավ է հարեւան Բուսնիա-Հերցեգովինայի եւ Չեռնոգորիայի տարածքում, սակայն այս ազգակից ժողովուրդների իշխանությունները Հարավսլավիայի բաժանումից հետո չկարողացան պայմանավորվել տրանզիտի պարզեցված կարգի շուրջ։ Իրադրությունն ավելի խորացավ Խորվաթիայի` ԵՄ եւ Շենգենի գոտի մտնելու հետ կապված։ 2020 թ. Բոսնիայի եւ Խորվաթիայի միջեւ համաձայնություն կայացվեց, ըստ որի՝ միջանցք բացվեց` Բոսնիա-Հերցեգովինայի ապրանքների եւ ուղեւորների անխոչընդոտ անցման ապահովման համար (օգտագործել ենք իրենց տերմինաբանությունը)։ Եթե համառոտ՝ քաղաքացիների այդ անխոչընդոտ անցումը 22 կիլոմետրանոց Նեումի միջանցքով իրականացվում է իդենտիֆիկացիոն քարտերի օգտագործմամբ, լավ կահավորված սահմանային անցակետերի միջոցով։ Վիզա չի պահանջվում։ Ավելացնենք, որ այս տարի, ընդամենը ամիսներ առաջ ավարտվեց երկար սպասված երկուսուկես կիլոմետրանոց կամրջի շինարարությունն Ադրիատիկ ծոցի վրայով, որը միացրեց Խորվաթիայի երկու հատվածները ծովային ճանապարհով՝ անիմաստ դարձնելով սահմանային անցումները։ Այս կապակցությամբ վիճաբանություններ սկսվեցին Բոսնիա-Հերցեգովինայի հետ. նրանք համարում են, որ դրանով իրենց եկամուտները կրճատվում են։
Բոսնիական մյուս անկլավը` Մեժդուրիեչեն, շրջապատված է Սերբիայի տարածքով եւ բնակեցված է սերբերով։ 2001 թ. Սերբիան ողջամիտ առաջարկ արեց` այն փոխանակելու այլ տարածքով, բայց Բոսնիան հրաժարվեց։ Այսօր, քանի որ գյուղի բոլոր բնակիչները սերբեր են, Բոսնիայի սուվերենիտետն անվանական բնույթ է կրում։ 1 կմ հեռավորության վրա գտնվող մայր տարածքի հետ հաղորդակցվելու համար սահմանային անցակետերը բնակչությունը շրջանցում է` մաքսային արարողակարգերից խուսափելու համար։
Այլ կարգի հակասություն է գործում Իսպանիայի Մելիլիա անկլավում, որ շրջապատված է Մարոկկոյի տարածքով։ Անկլավի ողջ սահմանը շրջափակված է 12 կմ-անոց փշալարով` 6 մետր բարձրությամբ։ Բնակչության մի մասը մահմեդական է։ Այստեղից էլ՝ լարվածությունը։ Այսպես է նաեւ նույն կարգավիճակն ունեցող Սեուտա անկլավում։ Այն Մարոկկոյի տարածքից բաժանված է փշալարային վեց մետրանոց արգելափակոցով, որը շարունակ փորձում են հաղթահարել անլեգալ միգրանտները։ Դե, իսկ պաղեստինյան Գազա մահմեդական անկլավի վիճակը հանրահայտ է։ Այս մաքուր անկլավը շրջապատում են Իսրայելն ու Եգիպտոսը։ Գործող խիստ սահմանային ռեժիմով հաղորդակցությունը թույլատրված է միայն երկու անցակետով։ Այս պատճառով դեպի էքսկլավ մարդկանց եւ բեռների հիմնական հոսքն իրականացվում է անլեգալ ստորգետնյա թունելների միջոցով։
Այս վիճակն ուսումնասիրելիս նկատեցինք հետաքրքիր օրինաչափություն։ Անկլավներում գերազանցապես անհանգիստ վիճակ է լինում, հատկապես երբ մահմեդական բնակչությունը շփվում է հարեւան այլադավան բնակչության հետ։ Իսկ իրենց` մահմեդականների միջեւ մեծ մասամբ գործում է հավատալիքային համերաշխության սկզբունքը, նույնիսկ եթե նրանք տարբեր կոնֆեսիաների են դավանում։ Օրինակ՝ Նախիջեւանի անկլավում Թուրքիայի եւ Իրանի քաղաքացիների համար վիզայի անհրաժեշտություն չկա։ Սահմանային վերահսկում չկա նաեւ Օմանին պատկանող Մադհա բնակավայրում` շրջապատված ԱՄԷ-ի տարածքով։ Սակայն սա եւս օրինաչափություն չէ. այնուամենայնիվ մեծ մասում դարձյալ պետք է անցնել մուտքի եւ ելքի սահմանային ստուգում, անգամ եթե իրար շատ մոտիկ արաբական բնակչություն է։
Անկլավների մի բավական մեծ շարք հայտնվեց աշխարհի քարտեզի վրա ԽՍՀՄ փլուզումից հետո։ Եվ առայսօր հենց սրանց միջեւ են շարունակվում ամենամեծ հակասությունները։ Առավել քաղաքակիրթ լուծում է գտնվել ռուսաստանյան Կալինինգրադի մարզի դեպքում` Լիտվայի հետ։ Ցամաքային հաղորդակցությունն ապահովվում է Լիտվայի տարածքով` անհրաժեշտ է արտասահմանյան անձնագիր եւ Լիտվայի կողմից տրվող տարանցման փաստաթուղթ։ Տեղացիների համար գործում է տարանցման պարզեցված ընթացակարգ։ Ընդ որում` միջանցք տերմինն ընդհանրապես չի օգտագործվում` օգտվում են Լիտվայի ընդհանուր ճանապարհներից` որոշակի սահմանափակումներով։ Ըստ որոշ տվյալների` մարզի բնակիչների մոտ 40 տոկոսը երբեք չի եղել «մայրցամաքային» Ռուսաստանում։ Այս կարգը, մեր կարծիքով, ամենաքաղաքակիրթն է հետխորհրդային տարածքում եւ արժանի ընդօրինակման (այս կարգը մենք ավելի մանրամասն ներկայացրել ենք «ՀՀ»-ում՝ 13 նոյեմբեր, 2021 թ)։ Մոտավորապես նման կարգ է հաստատվել նաեւ Ուզբեկստանի եւ Ղրղզստանի միջեւ` Շահիմարդան կոչվող անկլավի կապակցությամբ, սակայն այնտեղ եվրոպական այս օրինապահությունը խափանումներով է գործում։
Միջինասիական հետխորհրդային անկլավների մեծ մասում բախումներն անպակաս են։ Արմասայը Ղազախստանին պատկանող անկլավ է՝ շրջապատված Ուզբեկստանով։ Սահմանազատման գործողություններից հետո ուզբեկ սահմանապահները շրջափակեցին բոլոր մուտքերը դեպի ավան, ուստի Ղազախստանում որոշեցին գաղթեցնել ողջ բնակչությանը (71 ընտանիք), այնտեղ այսօր սահմանապահ ուղեկալն է տեղակայված։ Ղրղզական Բարաք ավանը շրջապատող Ուզբեկստանի իշխանությունները պարբերաբար փակում են հաղորդակցությունը, որը հասցրել է մի արտառոց քայլի`հուսահատ բնակիչները օգնության խնդրանքով դիմել էին ԱՄՆ նախագահ Օբամային` վկայակոչելով իրենց անվանման նույնականությունը՝ խոստանալով, լուծման դեպքում, ավելացնել նաեւ ազգանունը։ 2015 թ. այստեղի բնակչության մեծ մասը տեղափոխվեց Ղրղզստան` ստանալով այնտեղ հողամասեր։
Վորուխը 95 տոկոս տաջիկական բնակչությամբ բավական մեծ անկլավ է` շրջապատված Ղրղզստանով։ Սահմաններն առայսօր ամբողջությամբ դելիմիտացված չեն։ 2014 թ. տաջիկ եւ ղրղզ սահմանապահների միջեւ մի շարք զինված ընդհարումներ եղան։ Հաջորդած բանակցությունների արդյունքում համաձայնություն կայացվեց առանձին ճանապարհ կառուցելու դեպի Տաջիկստան։ Ավելի փոքր` Ղարաղաչ ավանում, ինչպես կարծում են` սահմանագծման եւ սահմանազատման անավարտ մնալու պատճառով, բնակչության միջեւ պարբերաբար ընդհարումներ են տեղի ունենում արոտավայրերի եւ ջրի համար։ Հաջորդ` Սարվակ ավանի ողջ բնակչությունը թեպետ էթնիկ ուզբեկներ են, մեծ մասն ունի Ուզբեկստանի քաղաքացիություն, սակայն խորհրդային շրջանի քաղաքականության պատճառով այն հատկացվել է Տաջիկստանին։ 1995 թ. Ուզբեկստանի իշխանությունները սահմանային կետեր հաստատեցին մուտքերին, իսկ 1999-ին ողջ պարագծով ականապատեցին։ Տասնյակ բնակիչներ մահացել կամ վիրավորվել են ականների պայթյունից։ Ուզբեկական ամենախոշոր անկլավը Ղրղզստանի տարածքում Սոխն է (352 ք/կմ, 51.5 հազար բնակյություն, մայր երկրից 4.5 կմ հեռավորության վրա)։ Արտառոցն այն է, որ բնակչությունն այս երկու ազգերից ոչ մեկին չի պատկանում` էթնիկ տաջիկներ են։ Այդ պատճառով բնակիչներն անընդհատ հակասությունների մեջ են ինչպես պատկան երկրի (իրենց լեզվով ուսում ստանալու խնդրով), այնպես էլ շրջապատող երկրի հետ` սահմանամերձ արոտավայրերի եւ ջրի համար։ Սահմանային բազմաթիվ բախումներից հետո 2013 թ. Ղրղզստանի իշխանությունները որոշում ընդունեցին շրջափակել անկլավը փշալարերով, ինչը, իհարկե, ոչ թե մեղմում, այլ խորացնում է ճգնաժամը։
Խորհրդային անտրամաբանական, անիրավ հասարակարգից մնացած տխուր ժառանգություն է նաեւ անկլավների գոյությունը մեր տարածաշրջանում։ Ընդ որում՝ եթե Ադրբեջանական ԽՍՀ-ին տրված հայկական Արծվաշեն համայնքի գոյատեւումը բնիկ հայկական բնակչության հերոսական պայքարի արդյունքն է եղել, ապա Հայաստանի տարածքում գոյացած անկլավները հարեւան պետության տարածապաշտական հատուկ հեռահար նպատակների հետեւանք են։ Այս երեւույթի արմատները շատ լավ նկարագրել է մեր խոշոր պետական գործիչ Ալեքսան Կիրակոսյանը։ Երբ նայում ենք` Հայաստանը (մասամբ նաեւ, նույն ձեռագրով, Վրաստանը) ողջ սահմանային շրջագծով բնակեցված է եղել թյուրքական տարրով (Տաշիր-Լոռի, Տավուշ-Գեղարքունիք-Սյունիք)։ Այստեղ հստակ զավթողական հեռահար ծրագիր է գործել` շրջափակելով խեղդել Հայաստանը։ Հայաստանում անկլավները տեղադրված են ռազմավարական ճանապարհների վրա եւ պահանջված պահին կարող են կաթվածահարել ողջ տրանսպորտային կապը արտաքին աշխարհի հետ։ Ցավոք, այս արհեստական գոյացությունները ժամանակի ընթացքում հերթով օրինականացվել են խորապես կոռումպացված խորհրդային իշխանությունների ձեռքով` հայտնի ադրբեջանական ձեռագրով, որ, անկախացումից հետո արդեն հասնելով միջազգային մասշտաբների, Եվրոպայում բնութագրվեց որպես «խավիարային դիվանագիտություն»։
Աշխարհի անկլավների ընդհանուր քննությունը ցույց է տալիս, որ նրանց լուծումները եւ հարուցած խնդիրները բազմապիսի են եւ չեն ենթարկվում մի ընդհանուր օրինաչափության։ Միակ գործողն այս դեպքում ինքնիշխանության (սուվերենության) օրենքն է։ Մեծ դեր ունի քաղաքական-դիվանագիտական գործոնը։ Մեզ մոտ Արծվաշենի անկլավը տարածքային առումով մոտավորապես հավասարակշռում է Հայաստանի քարտեզում սպրդած ադրբեջանական անկլավներին, սակայն կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը դրանց փոխանակությանը չի համաձայնի` անհամապատասխան ստրատեգիական արժեքների պատճառով։ Կարելի է սպասել, որ «վերադարձ իրենց բնակության վայրեր» ձեւակերպումը հերթական անգամ փորձ է կատարվելու օգտագործել միակողմանիորեն` պնդերեսորեն հետապնդելով խտրական նպատակներ։ Բոլոր դեպքերում, փոխանակման քաղաքակիրթ սկզբունքով, գոնե այս դեպքում ամեն կերպ պետք է ձգտել պահպանել կայացած ստատուս քվոն։ Արդյունք չստանալու դեպքում դա եւս մի ապացույց պետք է դիտարկվի մեր ոչ բարով հարեւանների հետին, ագրեսիվ նպատակների։
2020 թ. նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարագրով նախատեսվում է դեպի Նախիջեւան անխոչընդոտ հաղորդակցության ապահովում։ Ըստ տրամաբանության՝ դա ժամանակավոր շտապ միջոցառում պետք է լինի` մինչեւ ճանապարհների ընդհանուր ապաշրջափակման ձեռքբերումը, որը խնդրի արմատական լուծում կլինի՝ սպառելով բոլոր հարցերը։ Հայաստանը պահանջված երկուսի փոխարեն երեք գործող ավտոմոբիլային ճանապարհ է տրամադրում, սակայն դա չի բավարարում Ադրբեջանին, որը նախատեսում է նոր, հատուկ ճանապարհի կառուցում իր ուզած ծրագրով (ինչը ոչ մի տեղ արձանագրված չէ)։ Առավել եւս` այստեղով ցանկանում է արտոնյալ ճանապարհ բացել նաեւ Թուրքիայի համար, ինչն արդեն ոչ մի օրենքով հնարավոր չէ հիմնավորել։ Բաց է մնում նաեւ երկաթգծային հաղորդակցության մոտ 40 կիլոմետրանոց հատվածի խնդիրը, որի հարցով, մեր կարծիքով, պետք էր առաջնահերթ զբաղվել, ընդհուպ մինչեւ դրա քանդման դրդապատճառների հետաքննությունը։ Չնայած ինձ համար այն հասկանալի է` ով ծանոթ է այս շրջանին, գիտի, որ ծայրահեղ բարդ լեռնային տեղանքում միայն այս նեղ շերտն էր ապահովում կապը մյուս տարածքների հետ, ուստի պատերազմական իրավիճակում Նախիջեւանի կողմից երկաթգծի շրջփակման պայմաններում միակ տարբերակը մնում էր այն ավտոմոբիլային ճանապարհի վերածելը։
Հայաստանում կառավարության որոշմամբ հատուկ խումբ է ստեղծված, որը զբաղվում է այս հարցերով եւ, անշուշտ, հնարավորություն ունի բոլոր տարբերակները ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելու։ Նրանց հեշտ աշխատանք չի սպասվում մասնագիտական եւ դիվանագիտական ոլորտում` նկատի ունենալով դիմացինի ամբոխահաճ մոտեցումները։ Այնուամենայնիվ, սա առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է…
Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ