2020 թ. արցախյան 44-օրա պատերազմից հետո, որն Ադրբեջանը սանձազերծեց Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության դեմ Թուրքիայի, Իսրայելի ու սիրիական վարձկան-ահաբեկիչների մասնակցությամբ ու օժանդակությամբ եւ Ռուսաստանի լռության պայմաններում, Թուրքիան ներթափանցեց Հարավային Կովկաս եւ ամրացավ ոչ միայն Ակնա քաղաքում, այլեւ ողջ Ադրբեջանում: Արդյունքում ոչ միայն Ադրբեջանը, այլեւ թյուրքական նոր ձեւավորված երկրները, ոգեւորված այն հանգամանքից, որ Ռուսաստանը չի օգնում իր դաշնակցին այնպես, ինչպես Թուրքիան՝ Ադրբեջանին, սկսեցին մերձենալ Անկարային՝ հեռանալով Մոսկվայից: Ռուսաստանը չհասկացավ, որ ինքը սեփական ձեռքերով է սադրել իր նկատմամբ նման վերաբերմունքը, չհասկացավ, որ թուրքերը կրկին խաբում են իրեն, որ պարտությունն Արցախում կկանխորոշի ռուսական պետության պարտությունն այլ ուղղություններում: Ոչ միայն չհասկացավ, այլեւ տեղեկատվական արշավ սկսեց Հայաստանի ու հայության դեմ: Արշավ, որն «աչքի ընկավ» նաեւ հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Գարեգին Նժդեհի դեմ բարձրացված հիստերիայով…
Ակնհայտ դարձավ, որ Թուրքիայի ու Ադրբեջանի մերձեցումը կամ լիակատար միասնությունը՝ ժամանակին կոմունիստական կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Հեյդար Ալիեւի հռչակած «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով, վերստին սպառնում է նաեւ Իրանին: Ադրբեջանը, որն այդ անվան հետ ոչ մի ընդհանուր բան չունի եւ մեկ դար առաջ այդպես անվանվել է թուրք Նուրի փաշայի կողմից իրանական Ատրպատականին հետագայում տարածքային պահանջներ ներկայացնելու համար, կրկին թուրքական հարձակման ավանգարդում է եւ իր վրա է կուտակում հզորների զայրույթը: Նա այլ ելք չունի, քան ենթարկվել Իսրայելին ու Թուրքիային, որոնց պաշտպանության նախարարները հոկտեմբերի սկզբին մեկօրյա ընդմիջումով ժամանեցին Բաքու՝ Իլհամ Ալիեւին «քաջություն ներարկելու» համար: Իրանը, որը Հայաստանի առանցքային գործընկերն է, երկրի ներսում բախվել է բողոքների գործողությունների, որոնք կազմակերպվել են դրսից: Այդ բողոքներն աջակցություն են ստանում ոչ միայն Արեւմուտքից, ինչպես նշում են իրանական փորձագետները, այլ նաեւ Իսրայելից, Թուրքիայից ու Ադրբեջանից, որոնք երազում են տեսնել Իրանի մասնատումը մի շարք պետությունների: Բաքուն ու Անկարան ամենեւին էլ չեն թաքցնում, որ իրենց համար ամենացանկալի պատառն Ատրպատականն է:
Կապանում հոկտեմբերի 21-ին հյուպատոսության բացմամբ Հարավային Կովկասում սկսեց դրսեւորվել իրանական գործոնը: Թեհրանն այդ քայլով հստակ հասկացրեց, որ ոչ միայն դեմ է թուրք-ադրբեջանական մտացածին «Զանգեզուրի միջանցքին», այլեւ պատրաստ է պաշտպանել Սյունիքն Ադրբեջանից: Ռուսաստանն ու Իրանն սկսում են համահունչ գործել, ուստի պատահական չէ, որ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից անմիջապես հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Իրան: Վերջինիս նախագահ Էբրահիմ Ռայիսին, իր հերթին, հայտարարեց, որ այդ այցի շնորհիվ բեկում տեղի կունենա երկու պետությունների հարաբերություններում:
«Քանի դեռ Ռուսաստանն Ուկրաինայում է պահում ՆԱՏՕ-ի ու Մեծ Բրիտանիայի հիմնական ուժերը, Իրանը գործնականում դառնում է Հայաստանի պաշտպանը: Այս իրավիճակում Մոսկվայի ու Թեհրանի միջեւ որոշակի մրցակցությունն այնքան էլ կարեւոր չէ, քանի որ Թուրքիայի հզորացումը չթույլատրելն ու Հայաստանի պաշտպանությունը համապատասխանում են եւ Ռուսաստանի եւ Իրանի հետաքրքրություններին: Եթե Հայաստանի իշխանությունները հետեւողական լինեն իրենց արտաքին քաղաքականության մեջ եւ, չվախենալով ԱՄՆ-ից, գնեն իրանական անօդաչուներ, ապա ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել ոչ հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի»,- կարծում է միջազգայնագետ Պյոտր Մակեդոնցեւը:
Երեկ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը ժամանել է Թեհրան: Նա հանդիպել է Իրանի քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան գործիչների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման ու ընդլայնման եւ միջազգային ասպարեզում համագործակցության հարցեր: Պատրուշեւն Իրան է մեկնել Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար փոխծովակալ Ալի Շամխանիի հրավերով:
Ավելին՝ Հայաստանի հետաքրքրությունները կիսում է նաեւ Հնդկաստանը, որը, մեղմ ասած, չի ցանկանում թույլատրել Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան կոալիցիայի ուժեղացումը: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հնդկաստան, եւ, ինչպես նշում են նաեւ տեղի լրատվամիջոցները, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան հնդկական զենքի մատակարարման վերաբերյալ: Փորձագիտական որոշ շրջանակներ շտապում են դուրս չթողնել Ռուսաստանին տեղի ունեցող գործընթացներից՝ հայտարարելով, որ տեսականորեն ձեւավորվում է Ռուսաստան-Հայաստան-Իրան-Հնդկաստան դաշինք: Դրա համար որոշակի նախադրյալներ, իհարկե, կան, քանի որ Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի ու Ռուսաստանի հետ: Ամեն ինչ կախված կլինի այդ երկրների առաջնահերթություններից ու կամքից: Իրանն ու Հնդկաստանը կտրուկ են արտահայտվում թյուրքական ուժերի հզորացման դեմ, իսկ ահա Մոսկվան, որն արդեն երկար տարիներ խորքային համագործակցություն է իրականացնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, իսկ վերջինիս հետ անգամ դաշնակցային փոխգործակցության հուշագիր է ստորագրել, վերջին շրջանում կարծես փորձում է վերանայել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում: Սակայն սա այլ նյութի թեմա է, որին կանդրադառնանք «ՀՀ»-ի հաջորդ համարում:
Նոյեմբերի 4-ին Արցախի պետնախարար նշանակվեց ՌԴ նախկին քաղաքացի, գործարար Ռուբեն Վարդանյանը: Դրանից հետո Ադրբեջանը հակառուսական տեղեկատվական արշավ սկսեց՝ հայտարարելով, որ Ռուբեն Վարդանյանի՝ Ստեփանակերտ տեղափոխության եւ ղարաբաղյան քաղաքականությանը մասնակցության հետեւում կանգնած է Մոսկվան: Բաքուն Վարդանյանին եւ Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովին մեղադրեց Ստեփանակերտում հոկտեմբերի 30-ին հանրահավաք կազմակերպելու մեջ՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Այդ հանրահավաքը համընկավ Արցախի Հանրապետության խորհրդարանի արտահերթ նիստի հետ, որի արդյունքներով հայտարարվեց, որ արցախցիները չեն պատրաստվում ապրել Ադրբեջանի կազմում եւ իրենց ապագան տեսնում են միայն անկախ պետության մեջ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները ռուս խաղաղապահներին մեղադրեցին նաեւ այն բանում, որ նրանք, իբր, Լաչինի միջանցքով զենք են մատակարարում Արցախին: ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հերքեց այդ հայտարարությունը: Անկախ ամեն ինչից՝ հայ ժողովուրդը կշարունակի ապրել իր հայրենիքում ոչ միայն մինչեւ 2025 թ., երբ կլրանա խաղաղապահների՝ այնտեղ գտնվելու ժամկետը: «Եթե մինչեւ այդ ժամանակը Մոսկվան կարողանա դիմակայել Արեւմուտքին, Բաքվի ու Անկարայի հետ միանգամայն այլ կերպ կխոսի»,- վստահեցնում է Պյոտր Մակեդոնցեւը:
Ստեղծված իրավիճակում Ադրբեջան արհեստածին պետության ղեկավար Իլհամ Ալիեւն սկսել է կրկին հոխորտալ, ինչը ոչ այլ ինչ է, քան վախկոտի կողմից համարձակություն ձեռք բերելու միջոց: Նա լավ գիտի, որ եթե հայկական ուժերին հաջողվի փակել օդը, ապա ոչ մի ադրբեջանցի կամ թուրք չի դիմանա հայի բազկի զորությանը:
«Հայաստանը պետք է իմանա, որ այժմյան շրջանակներում մեզ պահում է ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարությունը, այլ մեր սեփական քաղաքականությունը: Մենք ոչ մեկից չենք վախենում: Եթե ինչ-որ մեկից վախենայինք, ապա երբեք չէինք սկսի ղարաբաղյան երկրորդ պատերազմը… Նրանք պետք է հասկանան դա, որպեսզի երկրորդ անգամ չդառնան նրանց զոհերը, ովքեր նստած են սահմանից դուրս եւ ցանկանում են այս տարածաշրջանը տեսնել որպես հարթակ խաղերի համար: Գլխավոր ազդեցությունը, գլխավոր խոսքն այստեղ մեզ է պատկանում: Մեր բանակը ցուցաբերել է հերոսականություն, պրոֆեսիոնալիզմ ու ինքնազոհաբերություն: Եթե պահանջվի, եւս մեկ անգամ կցուցադրենք դա եւ կհասնենք մեր ուզածին, դա բոլորը գիտեն, թող իմանան նաեւ նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին՝ ի պաշտպանություն Հայաստանի: Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»,- գոռգոռացել է Ալիեւը Շուշիում կազմակերպված միջոցառումներից մեկի ընթացքում: Այնպես է գոռգոռացել, ասես անտառում է ու փորձում է ազատվել վախի երկաթյա ճիրաններից: Ինչպես հայկական հեքիաթի հերոսը՝ Քաջ Նազարը, որին թվացել էր նաեւ, թե մի զարկով հազար հոգու գետնին կփռի…
Ակնհայտ է, որ Ալիեւի ռազմաշունչ հայտարարությունը հասցեագրված է Իրանին, որի զինուժը զանգվածային զորավարժություններ է անցկացնում երկրի հյուսիսարեւմտյան մասում: Այս հայտարարությամբ Ալիեւը բացահայտել է նաեւ, որ իրենք են սանձազերծել պատերազմը: Ալիեւն իր պոռթկման մեջ վիրավորանքներ է հասցրել նաեւ արտասահմանյան այլ պետությունների ղեկավարներին: «Ճիշտ է՝ Հայաստանի արտասահմանյան որոշ հովանավորներ ուզում են մեզ ինչ-որ բանում մեղադրել: Ես պատասխանել եմ նրանց: Եթե նրանք էլի ինչ-որ բան կչկչան, միեւնույն է, կպատասխանեմ նրանց: Ինձ դա չի անհանգստացնի»,- ասել է Ալիեւը:
Իսկ Իրանը հայտարարությունների փոխարեն ներկայացրել է նոր հրթիռ՝ համակցված իրանական «Բավար-373» ՀՕՊ համակարգի հետ: Այն կոչվում է «Sayyad 4B» եւ ունի 300 կմ հեռահարություն: Այս մասին հայտնում է «Tasnim»-ը: Վերջին փորձարկումների ժամանակ «Բավար-373» ՀՕՊ համակարգը նոր հրթիռով հաջողությամբ խոցել է ավելի քան 300 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը: Իրանական համակարգին հաջողվել է իր օպտիմիզացված ռադարի միջոցով թիրախը հայտնաբերել ավելի քան 450 կմ հեռավորության վրա եւ հետեւել նրան մինչեւ մոտ 405 կմ հեռավորությամբ, մինչեւ «Sayyad 4B»-ով այն պայթեցնելը: «Sayyad 4B»-ի օգտագործումը նշանակում է նաեւ, որ իրանական ՀՕՊ համակարգի հեռահարությունը հասցվել է 300 կմ-ի, իսկ խոցման բարձրությունը՝ 32 կմ-ի՝ նախկին 27-ի փոխարեն: