«Խոսակցության մեջ, ինչպես պատերազմում, բավական է հակառակորդից տասնհինգ րոպե ավելի շատ դիմանալ»։
Անդրե Մորուա
Իսկապես, խոսքի ուժը երբեմն լռությունն է, լռությունը, երբ ոչ թե ոչինչ չկա ասելու, այլ երբ հակառակորդը փորձում է լուրջ հարցերին անլրջություն հաղորդել. տրվել նրա դիվերսիային, ընդունել անլրջության մարտահրավերը` նշանակում է ջուր լցնել նրա ջրաղացին, տանուլ տալ մարտը։ Նույնն է նաեւ անլրջությանը լրջությամբ պատասխանելը. երկու դեպքում էլ արդյունքը անլրջությունն է, քանի որ անլրջության հետ կոնտակտի մեջ մտնելը թուլության նշան է… Պերճախոս լռությունը հակառակորդին չեզոքացնելու լավագույն միջոցն է, երբ ստիպված է կուլ տալ սեփական խայծը, այնուհետեւ հնարավոր է սկսել ուզածդ քայլից, ոչ թե ընդունել մարտահրավերը, այլ թելադրել այն…
Դիվանագիտության շերտերը բազմազան են, գործելաոճը՝ նույնպես, մասնակիցները՝ տարատեսակ. ըստ այդմ՝ հեշտությամբ կարելի է ընկնել խառնաշփոթի ու քաոսի մեջ։ Պետականության պահպանման համար անհրաժեշտ պայման են սկզբունքայնությունը, ներքին ու արտաքին մարտահրավերների հանդեպ հավասարակշիռ, սթափ ու սառնասիրտ հաշվարկներն ու քայլերը։ Հայաստանը օտար պետությունների հետ ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերություններ է հաստատել դեռեւս մեր թվարկությունից առաջ 4-րդ դարից։ Այդ մասին տվյալներ են հաղորդում տարեգրությունները, հռոմեական, հունական, արաբական, պարսկական եւ այլ աղբյուրներ։ Մեր երկրի տիրակալներին զբաղեցրել է ոչ միայն պետական ինքնուրույնության պահպանումը, այլեւ հզորության ամրապնդումը, այլ աշխարհակալ տերությունների հետ հավասարակշիռ փոխհարաբերությունների ստեղծումը՝ պայմանավորված ճկուն ու շահավետ դիվանագիտությամբ, ինչպես որ Արտաշիսյանների, Երվանդունիների օրոք, երբ դիվանագիտությունը եղել է պետական գործունեության կարեւոր բաղկացուցիչ։ Բարդ իրադրություններում ելքեր գտնելու արվեստը քաջ հայտնի էր հայոց տիրակալներ Տիգրան Բ Մեծին, Արտավազդ Բ-ին, Տրդատ Գ-ին, Արտավազդ Ե-ին, Աշոտ Ա-ին, Աշոտ Բ Երկաթին, Աշոտ Գ Ողորմածին, Գագիկ Ա-ին եւ այլ մեծամեծ այրերի, ովքեր պատասխանատու էին հայրենիքի ու պետության առջեւ եւ ունակ էին ազգային արժեքները պաշտպանել ոչ միայն ռազմական ճանապարհով, այլեւ կանխել վերահաս պատերազմները խաղաղ, բանակցային միջոցներով՝ սեղանին դնելով խոսքի կշիռը։ Որպես օրինակ կարող է ծառայել Արտավազդ Ե-ի նամակը պարսից Շապուհ 1-ին, որով նա դիվանագիտական նրբությամբ պահանջել է ազատ արձակել Հռոմի կայսր Վալերիանոսին՝ գիտակցելով Պարսկաստանի եւ Հռոմի միջեւ հակասությունների սրման վնասակար հետեւանքները Հայաստանի համար։
Փայլուն դիվանագիտության շնորհիվ, երբ սրվել են պարսկա-հռոմեական հակասությունները, Պարթեւ Արշակունիների հետ կնքված զինակցությամբ հայ Արշակունիներին հաջողվել է ստիպել Հռոմին դուրս բերել զորքերը Հայաստանից, Տրդատին ճանաչել թագավոր, անգամ պատերազմներից ավերված երկրի տնտեսությունը վերականգնելու միջոցներ տրամադրել։ Ճկուն դիվանագիտության արդյունք էր նաեւ 885 թ. Հայաստանի անկախության նվաճումը եւ Աշոտ Ա Բագրատունուն թագավոր հռչակելը։ «Պայման խաղաղության» դաշնագրով Հայաստանի անկախությունը ճանաչեց նաեւ Բյուզանդիան, որտեղ այդ ժամանակ իշխում էր Մակեդոնական կամ Հայկական դինաստիան։ Աշոտ Ա-ն կարողացել է հավասարակշիռ հարաբերություններ պահպանել Բյուզանդիայի եւ Արաբական խալիֆայության հետ։ 11-րդ դարի բարդ ժամանակաշրջանում բավականին արդյունավետ ու ինքնատիպ դիվանագիտություն է ծավալվել Կիլիկյան Հայաստանում։ Դիվանագիտական վավերագրերը կազմվել են հայերեն եւ պայմանադիր կողմի լեզուներով (հունարեն, լատիներեն, իտալերեն, ֆրանսերեն, արաբերեն եւ այլն)։ Դիվանագիտությունը գործել է կրոնական սահմանափակումներից անկախ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կրոնն օգտագործվել քաղաքական նպատակներով։ Թեեւ քրիստոնեական երկրները մերժում էին այլադավների հետ քաղաքական դաշինքը, հայ քաղաքական գործիչները, նկատի առնելով խաչակիրների ագրեսիայի հնարավորությունը, երկրի ինքնապաշտպանական անհրաժեշտությունից ելնելով, հնարավոր են համարել մոնղոլների հետ դաշինքի կնքումը, որի արդյունքում ոչ միայն զերծ են մնացել նրանց հարձակումներից, այլեւ միասին պայքարել են թուրք սելջուկների եւ եգիպտական մամլուքների դեմ, պաշտպանել քրիստոնեական արժեքները։ Կիլիկյան թագավորները հանդես էին գալիս ողջ հայության անունից։ Կիլիկիայում 12-րդ դարավերջին գործում էին արտասահմանյան առաջին հյուպատոսությունները։ Ենթադրվում է, որ Կոստանդնուպոլսում, Ջենովայում, Վենետիկում, ծովային առեւտրի այլ կենտրոններում էլ կային հայկակա՛ն հյուպատոսություններ։
Մեր օրերում առավել ծավալուն ու առավել բարդ են դիվանագիտական հարաբերությունները տարատեսակ երկրների միջեւ. օր օրի փոխվում են շահերն ու միմյանց հանդեպ վերաբերմունքը. բարեկամությունից թշնամություն եւ հակառակը՝ կես քայլ է. այն, ինչ մի ժամանակ սահմանափակվում էր միմյանց հետ բանակցող կողմերի միջեւ, այսօր հաղորդակցության միջոցների ընձեռած հնարավորություններով ակնթարթորեն հասանելի է դառնում, կարելի է ասել, ողջ աշխարհին. բաց տեքստերը՝ միմյանց ուղղված անհարգալից հղումներով, նոր մարտահրավերների առջեւ են կանգնեցնում զանազան շահերի կողմնակիցների եւ վտանգում համընդհանուր խաղաղության գործընթացը։