Ճակատագրի բերումով որտեղ էլ որ հանգրվանել են մեր հայրենակիցները, հացից ու օրվա խնդիրներից առավել կարեւորել են լեզվի, հավատքի, կրթության դերը եւ կառուցել են Աստծո տներ, հիմնել դպրոցներ, հրատարակել հանդեսներ ու պարբերականներ: Այսպիսին է հայի բնույթն ի սկզբանե՝ ի տարբերություն գիշատչի բնազդով ապրող ու շնչող մեր թշնամու, որը տիեզերանվաճ այս դարում էլ նույն կիսավայրենին ու արնածարավ բորենին է մնացել: Բայց այս ամենի մասին չէ մեր զրույցը «Նիդերլանդական օրագիր» էլեկտրոնային թերթի հիմնադիր-խմբագիր Աշոտ ԿՆՅԱԶՅԱՆԻ հետ:
Որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ առաքելությամբ է ստեղծվել թերթը. առաջին հարցիս հոլանդաբնակ մեր գործընկերը պատասխանեց.
-«Նիդերլանդական օրագիրը» հիմնադրել ենք 2012 թվականին, Օսթբուրգ քաղաքում: Այն ունի տեղեկատվական, գրական, մշակութային, հասարակական, քաղաքական ուղղվածություն: Թերթի առաջնային նպատակն է նպաստել սփյուռքի համախմբմանն ու ամրապնդմանը, աճող սերնդի հայեցի դաստիարակմանը, նրա գրական, հայրենասիրական հայացքների ձեւավորմանը: Տեղադրվող նյութերի գերակշիռ մասը վերաբերում է հոլանդահայ կյանքին, մշակութային անցուդարձին, տեղեկատվություն է տարածում ինչպես մեզ հանգրվանած երկրի հայաշատ այլ համայնքներում, այնպես էլ մայր հայրենիքում եւ նրա շուրջ տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների մասին:
-Դուք նշեցիք «Oրագրի» նպատակների, քննարկված թեմաների մասին, սակայն, կարծում եմ, պիտի որ այն նաեւ այլ խորագրեր ունենա:
-Շատ են դրանք՝ «Առօրյա», «Դեպքեր», «Կարեւոր», «Հենց այնպես», «Հետաքրքիր է», «Հոլանդահայ կայքեր», «Հոլանդացիների մտքերն ու գրառումները», «Հումորիկ», «Տեսահոլովակներ», «Մարզական», «Նամականի», «Մրցույթներ», «Գրական», «Քաղաքական», «Մշակութային» եւ այլն: Ասեմ, որ մեր թերթը ներկայացված է լրատվական հանրահայտ ամենատարբեր հարթակներում ու ցանցերում:
-Իսկ արդյոք ունե՞ք թղթակիցներ այլ երկրներում, որոնք համագործակցում են ձեզ հետ:
-Իհարկե. թղթակիցներ ունենք Երեւանում, Ավստրիայում, մեզ հարեւան այլ երկրներում: Նրանք անշահախնդրորեն անում են իրենց գործը, տրամադրում հավաստի լուրեր, կարեւոր միջոցառումներ, հանգամանորեն լուսաբանում իրենց երկրներում տեղի ունեցող իրադարձությունները: Կապեր ունենք սփյուռքահայ մամուլի մի քանի օրգանների հետ, ինչպես եվրոպական «Օրեր» ամսագրի, Կիպրոսում հրատարակվող «Ազատ խոսք» պարբերականի, ռուսահայ համայնքների տարբեր լրատվամիջոցների հետ:
-Խոսենք «Նիդերլանդական օրագրի» գրական էջի մասին…
-Սա առանձին հավելված է, որի ստեղծմանը առանձնակի վերաբերմունք եմ ունեցել՝ խորապես կարեւորելով մշակույթի, հատկապես գեղարվեստական գրականության դերը մեր ժողովրդի կյանքում: Եվ կարճ ժամանակում էջում զետեղել եմ հայրենաշունչ մեր դասականների՝ Հովհաննես Շիրազի, Պարույր Սեւակի, Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի, մեր մյուս մեծերից շատերի գլուխգործոցային ստեղծագործությունները: Ուշադրությունից չեն վրիպել ժամանակակից տաղանդավոր հեղինակները. ավելի քան 3000 ստեղծագործություն ունենք մեր այս էջում, որի ընթերցողների թիվը չի զիջում մեր մյուս էջերին: Ավելին ասեմ. ժամանակակից շատ գրողների գործեր էլեկտրոնային տարբերակով առաջին անգամ զետեղվում են հենց մեր թերթի էջերում: Հավելեմ, որ «Գրական չորեքշաբթի» էջը «Նիդեռլանդական օրագրի» փորձնական նախագծերից մեկն է, որի աշխատանքների ակտիվ խորհրդատու-աջակիցներն են շնորհառատ բանաստեղծուհի, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Նաիրա Համբարձումյանը, լեզվի տեսչության աշխատակից, հեքիաթագիր Երազիկ Գրիգորյանը: Հաջողվել է մեր շուրջ համախմբել ստեղծագործող շնորհալի երիտասարդների, որոնցից նոր ստեղծագործություններով հանդես են եկել շատերը՝ Նարեկ Կիրակոսյան, Գուրգեն Միքայելյան, Արցախից՝ Վահրամ Օհանջանյան, Հալեպից՝ Քրիստինա Տեր-Ստեփանյան, ուրիշներ:
-Վստահ ենք, որ թերթի ուշադրությունից չեն վրիպել եւ չեն վրիպում հոբելյանները, հիշարժան իրադարձությունները:
-«Նիդեռլանդական օրագրի» էջերում ժամանակին տեղ են գտել ձեր հիշատակումների մասին պատմող այնպիսի նյութեր, տեսաերիզներ ու լուսանկարներ, ինչպիսիք են հայ գրքի տպագրության 500-ամյակի եւ Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի մայրաքաղաք հռչակելու շրջանակներում Ամստերդամում կազմակերպված շքեղ ցուցահանդեսը, «Ես հայ եմ» խորագրով պարբերաբար անցկացվող փառատոները Բելգիայում, Հաագայում Ադրբեջանի եւ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի առջեւ հայապաշտպանությանը, հայության արդար պահանջներին նվիրված բողոքի ցույցերը, Հայոց ցեղասպանության, Հրանտ Դինքի տարելիցները ոգեկոչող միջոցառումները: Գրեթե բոլոր առաջատար լրատվական կայքերն ու մամուլի մասսայական լրատվամիջոցները համագործակցում են մեզ հետ, փոխանակվում ամենատարբեր հոդվածներով: Շատ լուրջ լոբբիստական աշխատանքներ ենք կատարում՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական հակահայ քարոզչության, որ տարվում է ամենատարբեր ասպարեզներում ու լրատվական հարթակներում: Սա մեզ համար կարեւորագույն անելիքներից մեկն է:
-Հաջողություններ մաղթենք «Նիդեռլանդական օրագրին» եւ տասնամյակների ազգանվեր գործունեություն: