Կառավարման արվեստը հետեւյալն է, նախ՝ հարկավոր է արմատախիլ անել չորս չարիքը, ապա հարկավոր է մեծարել կառավարման հինգ սկզբունքները: Առաջին չարիքը կոչվում է «կեղծավորություն», երկրորդը կոչվում է «եսականություն», երրորդը կոչվում է «սանձարձակություն», չորրորդը կոչվում է «վատնողություն»: Կեղծավորությունը քայքայում է բարքերը, եսականությունը խախտում է օրենքները, սանձարձակությունը սասանում է կայունացածը, վատնողությունը վնասում է բարեկարգությանը: Առանց վերացնելու այս չորս չարիքը, հնարավոր չի լինի կառավարում իրականացնել:
Երբ քայքայվում են բարքերը, դաոն ամլանում է, եւ այդժամ նույնիսկ Երկինքն ու Երկիրը ի վիճակի չեն պահպանելու իրենց ինքնությունը: Երբ խախտվում են օրենքները, աշխարհն է փլուզվում, եւ այդժամ նույնիսկ տիրակալն ի վիճակի չէ պահպանելու կարգուկանոնը: Երբ կայունացածն է սասանվում, կործանվում է ծիսականությունը, եւ այդժամ նույնիսկ կատարյալ իմաստունն ի վիճակի չէ իրականացնելու իր դաոն: Երբ վնաս է հասցվում բարեկարգությանը, մարդկանց ցանկությունները դառնում են անզսպելի, եւ այդժամ նույնիսկ ամբողջ աշխարհը ի վիճակի չէ բավարարելու նրանց պահանջմունքները. ահավասիկ ինչպիսին են չորս չարիքները:
Կառավարման հինգ սկզբունքներն են՝ զարգացնել գյուղատնտեսությունը եւ շերամաբուծությունը` ժողովրդի կյանքն ապահովելու համար, խորանալ մարդկանց համակրանքի եւ հակակրանքի մեջ՝ նրանց բարքերը շտկելու համար, տարածել գրագիտությունը եւ ուսուցումը՝ ժողովրդին դաստիարակելու համար, ստեղծել զենքի պահուստներ՝ ամրապնդելու համար պետության հզորությունը, արդարացի պարգեւատրել եւ պատժել, կարգավորել օրենքները….
Կարողանալ սահմանափակվել՝ նշանակում է ամենից առաջ զսպել ինքն իրեն, եւ միայն հետո՝ մյուսներին: Չկարողանալ սահմանափակվել՝ նշանակում է, նախ՝ ուրիշներին զսպել եւ հետո միայն՝ ինքդ քեզ: Հարկավոր է կարողանալ սահմանափակվել՝ չսահմանափակելով: Ճիշտ նույն կերպ էլ հարկավոր է վարվել հրամայելիս: Եթե քո հույզերին ազատություն ես տալիս, իսկ մարդկանց ցանկությունը զսպում ես, եթե աստիճանավորները խորամանկում են, բայց մարդկանցից ազնվություն են պահանջում, եթե նրանք ձգտում են հարստության կուտակման եւ խլում են ներքեւիններից այն, ինչը վերջիններիս առանց այդ էլ չի բավականացնում, եթե նրանք հրաժարվում են կատարելու այն, ինչն իրենց համար դյուրին է, բայց մյուսներից պահանջում են կատարելու այն, ինչը վերջիններիս համար դժվար է, այս ամենը նշանակում է, որ բխում է դժգոհության աղբյուրը, իսկ ճշմարտության աղբյուրը ցամաքել է:
Վերեւինները պետք է ներքեւիններին կառավարեն այնպես, ինչպես ձուկ են որսում. ամուր բռնում ես կարթաձողը, ուշադիր հետեւում կարթի շարժմանը՝ չէ՞ որ միայն այդպես է հնարավոր որսալ ձուկ: Կենտրոնը պետք է գավառներին կառավարի այնպես, ինչպես ձիուն են կառավարում. ձեռքումդ պինդ բռնում ես սանձերը եւ կառավարում լկամները՝ չէ՞ որ միայն այդ կերպ է հնարավոր ձի վարել: Ահա թե ինչու, եթե դու չես տիրապետում դաոի էությանը, նշանակում է դու ընդհանրապես չես տիրապետում դաոյին:
Դիտելով, թե ինչպես է տղան հավերին քշում հավանոց, կարող ենք պարզել ժողովրդին կառավարելու հնարքները: Երբ տղան շտապում է, հավերը վախենում են, եթե նա հապաղում է, հավերը տեղում են դոփդոփում: Երբ հավերը դեպի հյուսիս են շարժվում, տղան անակնկալ կերպով փակում է նրանց ճանապարհը, եւ հավերը շրջվում են դեպի հարավ: Երբ հավերը դեպի հարավ են ուղղվում, տղան անսպասելիորեն փակում է նրանց ճանապարհը, եւ հավերը շրջվում են դեպի հյուսիս: Երբ տղան շատ մոտիկ է գալիս, հավերը թռչկոտում են, երբ հեռանում է՝ հավերը դես ու դեն են ցրվում: Երբ հավերը հանգիստ են, հնարավոր է մոտենալ նրանց, երբ նրանք անշտապ շրջում են եւ տագնապած չեն, նրանց կարելի է կերակրել: Հավերին հավանոց քշելու լավագույն եղանակն է նրանց քշել՝ առանց հալածելու. երբ հավերը հանգիստ են, ապա ճանապարհով շարժվելով կմտնեն իրենց դռնից ներս….
Մարդասիրությունը օրենքների եւ պահանջների գթասիրտ իրականացումն է, իսկ արդարացիությունը՝ դրանց համապատասխանությունը, ծիսականությունը նշանակում է օրենքների եւ պահանջների կատարում, հավատը՝ դրանց պահպանում, իմաստությունը՝ դրանց ըմբռնում: Այդկերպ դրանք դրսեւորվում են մարդկանց համակրանքի եւ հակակրանքի մեջ, մարմնավորվում են ուրախության եւ զայրույթի մեջ, արտահայտվում են թախիծի եւ հրճվանքի մեջ….
Մարդկանց կառավարողները խնամում են ժողովրդին Երկնքի կամոք, քանզի քանի դեռ գոյություն ունի ժողովուրդը, գոյություն կունենա եւ պետությունը, եթե զոհվի ժողովուրդը, ապա կկործանվի եւ պետությունը. ահա թե ինչու ժողովրդին մեծ նշանակություն տալ՝ նշանակում է մեծ նշանակություն տալ պետությանը եւ հետեւել Երկնքի կամքին….
Հարկավոր է նախանձախնդրորեն մեծարել Երկնքին, սեփական հոգում միշտ լինել անպարսավելի, ամուր հավատ ընծայել պաշտոնատարներին, ժողովրդին կարեկցել անկեղծորեն, հարկ է հաստատագրել իրականանալի վարքականոն, հարկ է անել այնպիսի գործեր, որոնք կհիշվեն դարեդար՝ այս ամենը կոչվում է «կառավարման կազմակերպում»:
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ