Միջազգային հարաբերությունների պրակտիկայում, թերեւս, ամենահաճախ հանդիպող եւ ամենաարատավոր երեւույթը երկակի չափանիշների կիրառումն է որեւէ խնդրի նկատմամբ: Հատկապես հին աշխարհամասում շատ քիչ են այնպիսի ազդեցիկ պետությունները, որոնք իրենց վարած քաղաքականության մեջ առավելագույնս զերծ են մնում նման քայլերից: Նրանց թվում առաջատարներից է Ֆրանսիան: Վերջինիս այս առանձնահատկությունն ունի խոր արմատներ: Ֆրանսիացի դասական փիլիսոփաների տեսությունների առանցքը եղել են մարդասիրական արժեքները, որոնք այսօր բնութագրում են այս պետության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները: Արեւմտաեվրոպական այս պետությունը դարերով հակազդել է աշխարհի տարբեր անկյուններում իրականացվող ցանկացած բռնության, եւ պատահական չէ, որ բացառապես ուժի կիրառման միջոցով մոնղոլական տափաստաններից Եվրասիա աշխարհամասի կենտրոն հասած թյուրքական պետությունը բոլոր ժամանակներում եղել է ֆրանսիական հումանիտար փիլիսոփայության եւ պետության վարած քաղաքականության դիտարկման ներքո:
Այս երկիրը մշտապես կանգնած է եղել փոքր ազգերի իրավունքների պաշտպանության դիրքերում՝ սկսած 20-րդ դարի Հայոց ցեղասպանության տարիներից: Ֆրանսիան է այսօր կանգնած այնպիսի փոքր պետության կողքին, ինչպիսին Լիբանանն է: Նրա արտաքին քաղաքականության վերոհիշյալ հիմնական գիծը թույլ չէր կարող տալ, որ նա լռեր այսօր Արցախի եւ Հայաստանի շուրջ ծավալված իրադարձությունների հարցում: Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւը լիովին տեղավորվում է վերեւում ներկայացված իրողությունների համատեքստում: Ֆրանսիացի սենատորները գրեթե միաձայն՝ 295 կողմ, 1 դեմ ձայնով ընդունել են բանաձեւ, որով լիարժեքորեն անդրադարձել են արցախյան հիմնահարցի շուրջ ընթացող զարգացումներին՝ երեւույթներն անվանելով իրենց անուններով եւ զերծ մնալով երկակի չափանիշների կիրառումից, ինչը, ցավոք, չունեն եվրոպական այլ պետություններ՝ պայմանավորված տնտեսական շահերով, մասնավորապես՝ էներգետիկ ճգնաժամով: Ֆրանսիայի օրենսդիր մարմինն ընդամենն առաջնորդվում է իր ավանդական հումանիտար արժեհամակարգով եւ քաղաքականության սկզբունքով:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը դեռ նոյեմբերի 5-ին էր անդրադարձել Սենատի կայքում տեղադրված բանաձեւի բովանդակությանը՝ համոզված լինելով, որ այն կընդունվի օրենսդիրների կողմից: Սենատի պատգամավորները բանաձեւով դատապարտել են սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումը, պահանջել ադրբեջանական ուժերի եւ նրանց դաշնակիցների անհապաղ, անվերապահ դուրսբերում ՀՀ սահմաններից: Փաստաթղթով Ադրբեջանի իշխանություններին եւ տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին, մասնավորապես՝ Թուրքիային, կոչ է արվում հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը: Այս դրույթն առավել կարեւոր է, քանի որ լիարժեքորեն ներկայացնում է 44-օրյա պատերազմի էությունը, մատնանշում ագրեսիա հրահրած եւ ելքն ապահոված իրական պետությանը:
Պատգամավորները Ֆրանսիայի կառավարությանը հորդորում են դիտարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը եւ եվրոպացի գործընկերների հետ դիտարկել ամենախիստ պատասխանները՝ ներառյալ Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավում եւ Ադրբեջանից գազի ու նավթի ներմուծման էմբարգո: Բանաձեւի կարեւորագույն կետով Ֆրանսիայի կառավարությանն առաջարկ է արվում բոլոր միջոցներով աջակցել Հայաստանին՝ հատկապես պաշտպանունակության հզորացմանն ու տարածքային ամբողջականության ապահովմանն առնչվող հարցերում, վերահաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու եւ այն բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտությունը: Որպես մարդասիրական արժեքներին նվիրված պետության ներկայացուցիչներ` ֆրանսիացի սենատորները չէին կարող մոռանալ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին եւ կոչ են արել անհապաղ, անվերապահ ազատ արձակել ու հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին:
Ֆրանսիայի վարած երկակի չափանիշներից զերծ այս քաղաքականությունը, որը լիարժեքորեն դրսեւորվեց Սենատի ընդունած բանաձեւում, առանցքային նշանակություն ունի տարածաշրջանի իրավիճակին առարկայական գնահատականներ տալու եւ հիմնախնդիրներին ճիշտ ու արդար լուծում տալու առումով: Բանաձեւը պատասխան է այն կեղծ քարոզչությանը, որ վարում են թյուրքական երկու պետությունները եւ նրանց դաշնակիցները Արցախի ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Սենատի բանաձեւը, կարծում ենք, ուղենիշ կլինի ԵՄ-ի համար Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ քաղաքականություն ու գործողություններ մշակելիս: