«Իմ փափագս եղած է, որ բանասէրք ուշադրութիւն դարձունեն Հայաստանի մէջ բնակած հայոց ժողովրդական լեզուաց եւ այն լեզուներով հրատարակեն վէպեր, տրամախօսութիւններ եւ այլն. եւ այսպէսով սիրելի եւ ծանօթ կացուցանեն զանոնք գրագիտաց, որպէսզի նոցա ձեռքով հետզհետէ ի կանոնաւոր գործածութիւն վերածին այն լեզուները. եւ ժամանակին մաշող ժանիքէն զերծանին ազգային դարաւոր բանից եւ աւանդից յիշատակները, որոց արժէքը կորսուելէն յետոյ կÿզգանք, զանոնք աւաղելու համար միայն»։
Գարեգին Սրվանձտյանց
Հոգեւորական, բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը ծնվել է 1840 թ. նոյեմբերի 17-ին, 1892-ի նոյեմբերի 17-ին էլ վախճանվել. այս տարի լրանում է նրա հիշատակի 130-ամյակը։ Ծնված ու ապրած լինելով Օմսանյան կայսրությունում, ականատես լինելով օտար ազգերի՝ հատկապես քրիստոնյաների, եւ, մասնավորապես, հայերի հանդեպ թուրքական իշխանությունների բռնություններին ու ճնշումներին, անձամբ կրելով դրանց հետեւանքները` Սրվանձտյանցը քաջ գիտակցում էր ազգապահպանության կարեւոր խնդիրը եւ հստակ պատկերացնում այն իրագործելու ճանապարհները։ Անհրաժեշտ էր ժողովրդի ծոցից քաղել նրա հոգեւոր արժեքները եւ այն վերածել գրական նյութի ու դրանով կրթել նրան, այլապես հայ ժողովուրդը ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեւոր ոչնչացման վտանգի տակ էր. Սրվանձտյանցն առաջինը հանձն առավ այդ գործը՝ կոչ անելով մյուսներին եւս հետեւել իր օրինակին, քանզի օտար լեզուների մուտքը հայկական դպրոցներ` աշակերտներին ընտելացնում էր այդ լեզուներին ու դրանց բերած մշակույթին՝ աստիճանաբար նրանցից դուրս մղելով մայրենին։
«Կը խօսին այդ պարոններն ու օրիորդները քաջ-քաջ եւրոպական լեզու մը, իսկ հայերէնն խօսելու ժամանակը կը հանգռին ու կը կանգռին, օժանդակ կը խնդրեն ու կը կոչեն գաղղիերէն մը, ռուսերէն մը, տաճկերէն մը՝ միեւնոյն րոպէին մեղադրանք մÿ ալ ձգելով հայկականին վրայ, թէ. «Է՜հ, սա մեր հայերէն լեզուն ո՜րքան պակաս եւ կրճատ է»»,- հանդիմանանքով արձանագրում է Սրվանձտյանցն իր «Գրոց ու բրոց»-ում եւ գյուղից գյուղ, գավառից գավառ թափառումներով ու ասացողներից քաղած պատումներով, պատմություններով, հեքիաթներով ու բառուբանով ապացուցում ոչ միայն հայ ժողովրդի մտքի ու հոգու, այլեւ լեզվի ճոխությունն ու հարստությունը։ Մեծ բանասերի ու բանահավաքի հայտնաբերած ու գրառած առաջին պատումը «Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ» էպոսի տարբերակն է, որը 150 տպագիր ու անտիպ տարբերակների մեջ համարվում է լավագույններից մեկը։ Սրվանձտյանցը կարեւորում էր դասագրքերի ու տպագիր միջոցների, այդ թվում եւ լրագրերի դերը լեզվի ուսուցման ու պահպանման, այն գրագետ ու նպատակային կիրառելու հարցում։ Հատկապես մանուկների համար անհրաժեշտ է համարում լեզվի պարզ մատուցումն ու ծանոթ, սիրելի բառերով ու հարազատ միջավայրով ուսուցումը՝ ընդգծելով գյուղական ու քաղաքային բնակավայրերի առանձնահատկությունները` ուշադրությունը բեւեռելով նաեւ տառի ու հնչյունի ճշգրիտ արտասանությանը։
Խնդիրներ, որ այսօր, ցավոք, կրկին ծառացած են մեր առջեւ. հայոց լեզվի բարձիթողի, արխայիկ, քաոսային վիճակը մտահոգության ու խորհրդածությունների առիթ է տալիս։ Եթե խորհրդային ժամանակներում խիստ վերահսկողություն կար լեզվի հանդեպ, եւ անգամ մի տառի կոպիտ վրիպակը կարող էր պատճառ դառնալ խիստ նկատողության, աշխատանքից զրկելուն, նույնիսկ Սիբիր աքսորելուն, ներկայումս արհամարհվում է, ես կասեի՝ ցանկացած ոտնձգություն լեզվի ու լեզվական մշակույթի հանդեպ, որն էլ հակառակ ծայրահեղությունն է, եւ միայն անհատներն են, որ մեր ժամանակներում սեփական արժանապատվությամբ են վերաբերվում լեզվին՝ որպես իրենց անձին։
Գարեգին Սրվանձտյանցը կարեւորում էր ոչ միայն բանահավաքությունն ու մայրենի լեզվի պահպանության խնդիրները, այլեւ սեփական միջավայրի, աշխարհագրության ու պատմության ճանաչողությունն ու իմացությունը, առանց որի որեւէ մեկը պատկերացում չի կարող ունենալ հայրենիքի մասին, հետեւաբար` չի էլ կարող գնահատել, սիրել ու կապվել նրան հարազատորեն, ինչն ապացուցվում է մեր օրերում հայրենիքը լքող այն մարդկանց հոսքով, ովքեր լիարժեք պատկերացում չունեն իրենց ունեցածի ու լքածի մասին եւ այն դատում են սոսկ անձնական, այսրոպեական շահի տեսանկյունից։
Այսօր, քան երբեւէ, մեր ժողովուրդը կարիք ունի Սրվանձտյանցների, Թլկատինցիների, Կոմիտասների, իր այն մեծերի, որոնց համար միեւնույն չեն ժողովրդի հոգսն ու խնդիրները, արժանապատվության ու հոգեւոր հարստության պահպանումն ու փոխանցումը հաջորդ սերունդներին։