Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ…
Հովհ. Թումանյան
Վերջերս երկրորդ անգամ եղա Ջավախք աշխարհում։ Մշտապես ցանկանում էի տեսնել հատկապես Փարվանա լիճը եւ Թմկաբերդը, որոնք ժամանակին գերել էին Հովհ. Թումանյանին, եւ Ամենայն հայոց բանաստեղծն ստեղծել է իր 2 հրաշալի գործերը՝ «Թմկաբերդի առումը» եւ «Փարվանա»-ն։
Տեսա Թմկաբերդն ու նրանից ոչ շատ հեռու գտնվող Վարձիա-Վարձունիք քարանձավային վանական համալիրը, Խերթվիսի բերդը, Կուռ գետի այն հատվածը, որտեղ թափվում է Փարվանան։ Այցելեցի նաեւ Ախալքալաքի ամրոց։ Կորխ գյուղի բնակիչներ Գեւորգ Բասենցյանի, Յուրա Խորշիկյանի հետ Խաչիկ Թարզյանի մեքենայով սկսեցինք մեր ուղեւորությունը։ Կորխից հասանք Ախալքալաք քաղաքի տակ եւ Փարվանա կամ Թափարվան գետի հովտով շարունակեցինք ճանապարհը։ Քիչ ներքեւում Փարվանային է միանում Արագվի գետը։ Այս հատվածում հիդրոէլեկտրակայանի ջրահավաք ավազանն է, որտեղից ջրի մի մասն արդեն անցնում է խողովակաշարով ու հասնում Խերթվիսի, որտեղ է հէկ-ը։ Կորխեցի ընկերներս հպարտորեն են պատմում իրենց գեղանի երկրամասի մասին, ներկայացնում ամեն քար ու թուփ, սրբատեղի, աղբյուր, կամուրջ, իրենց մանկության վայրերը, գետի այն հատվածը, որտեղ լողացել են։ Փարվանայի ձորում՝ գետի աջ ափին է Շերեփ կոչվող աղբյուրը։ Կանգնում ենք, ըմպում սառնորակ ջրից։ Գետի ձախափնյա լանջից կանաչապատ հունով 10-ից ավելի առվակներ են ցած իջնում՝ ստեղծելով գեղեցիկ ջրվեժ-տեսարաններ։ Նման տեսարան կա նաեւ Քաշաթաղի շրջանում՝ Միրիկ-Բերդիկ գյուղերի տարածքում, Աղավնո գետի աջափնյա լանջում։ Իհարկե՝ Աղավնոյի հովտում ավելի բարձր լանջի բազալտ քարափներից են ծնվում ու ցած իջնում գետակ-ջրվեժները եւ ավելի շատ են, ջրառատ։ Փարվանայի ափամերձ այս հատվածում շատ են լքված բնակատեղիները։ Կուր գետի աջ վտակ Փարվանան Ջավախքի բարձրավանդակի հյուսիսում է՝ ծովի մակարդակից 2000 եւ ավելի մետր բարձրության վրա։ Սկիզբ է առնում համանուն լճից եւ հոսում դեպի հարավ, այնուհետեւ թեքվում հյուսիս, Ախալքալաքը բաժանում 2 մասի եւ հոսում դեպի Խերթվիս գյուղ, որտեղ էլ միանում է մայր գետ Կուրին՝ մինչ այդ իր մեջ առնելով Արագվի գետը եւ նշված առու-ջրվեժները։ Ունի 47 կմ երկարություն, ջրահավաք ավազանը՝ մոտ 2300 ք/կմ։
Խերթվիս գյուղում է համանուն հզոր ամրոցը, որի պարիսպներն ու աշտարակները, ներսի շինությունները բավականին լավ են պահպանված։ Սա խոսում է այն մասին, որ ամրոցը մշտապես գործել է՝ տարբեր ժամանակներում, հատկապես միջնադարում ու դրանից հետո՝ ունենալով տարբեր տերեր։ Վրացիներով բնակեցված Խերթվիս գյուղը Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ասպինձայի շրջանում է՝ ծովի մակերեւույթից միջին 1170 մ բարձրության վրա, շրջկենտրոնից 14 կմ, Ախալքալաք քաղաքից 19 կմ հեռու։ Ունի 200-ից քիչ ավելի բնակիչ։ Սամվել Կարապետյանը «Ջավախք» գրքում նշում է. «Համաձայն 1595 թ. կազմած հարկացուցակի՝ գյուղն ունեցել է 127 տուն…։ 1-2 տուն թուրքերից բացի, ովքեր հավանաբար կալվածատերեր էին, մնացած տնատերեր բնակիչների անձնանունները (օրինակ՝ Տեր Գրիգոր, Տեր Մովսես քահանա, Ամիրանի որդի Սարգիս…) եւ այլն։ Սա վկայում է, որ հիշյալ թվականին Խերթվիսը եթե ոչ ամբողջությամբ, ապա գերազանցապես հայաբնակ էր»: Ս. Կարապետյանը, վկայակոչելով վրացական աղբյուրներ, հավելում է նաեւ. «Հայտնի է, որ 1625 թ. Ախալցխայի Սաֆար փաշան գյուղի բնակչությանը բռնությամբ մահմեդականություն է պարտադրել։ Ժամանակի ընթացքում, թրքական ճնշումներին տեղի տալով, հայերի ազգային ինքնագիտակցությունն իսպառ մարել է: «Վրաստանի աշխարհագրություն»-ի համաձայն՝ Խերթվիսի բերդում տեղակայված էր ենիչերների կայազորը»։ Ըստ «Մշակ» թերթի (1879 թ., հ 157, էջ 1)՝ անունը նշանակում է. «…Խերթվիս առաջ է գալիս էրթվիս բառից, որ վրացերէն նշանակում է միութիւն, վասն զի կիրճի մէջ միաւորվելով երկու գետակներ սկսում են Թիֆլիսի ծծմայր Կուր գետը»։ Գեղեցիկ բնակավայր է՝ Կուրի ափին։ Սակայն առավել գեղեցիկ ու հրապուրիչ է դառնում պատմական հուշարձանով՝ 13-րդ դարում վերակառուցված ամրոցով։
Ըստ պատմական աղբյուրների՝ այս բերդն ավելի հին պատմություն ունի, հիմնադրվել է Ք. ա. 6-րդ դարում՝ հավանաբար պարսից Կյուրոս արքայի կողմից, նրա կյանքի վերջում։ Վրացի պատմիչ-եպիսկոպոս Լեոնտի Մրովելլին՝ Ղեւոնդ Ռուիսեցին, ով ապրել է 11-րդ դարում եւ տարբեր երկերի շարքում գրել է «Վրաց թագավորների եւ նախահայրեր ու տոհմերի պատմությունը» պատմական երկը, Խերթվիսը հիշատակում է որպես պատմական Մեսխեթիի կենտրոն-քաղաք։ Վրացական այլ պատմական աղբյուրներում հիշատակվում է, որ Ալեքսանդր Մակեդոնացին իր արշավանքի ժամանակ դեմ է առել Խերթվիս ամրոցի դիմակայությանը։ Այս ամրոցի պարիսպների տակ է կանգ առել նաեւ հռոմեացի զորավար Պոմպեոսը Ք. ա. առաջին դարում։ Ամրոցում կա նաեւ եկեղեցի, որը կառուցվել է 985 թ.։ Բազմաշերտ ամրոցը կազմված է վերնամասում գտնվող միջնաբերդից եւ ներքին ամրոցից։ Մոնղոլներն այս ամրոցը նույնպես գրավել են 13-րդ դարում, ավերել։ Նույն դարում՝ 1283 թ. տեղի ունեցած հզոր երկրաշարժն էլ իր ավերածությունն է թողել։ 1354-56 թթ. ամրոցը վերականգնվել է։ Ըստ ավանդության` վրաց ազգային հերոս Գեորգի Սահակաձեն 1624 թ. պարսիկներից ազատագրել է Խերթվիսի ամրոցը։ 1 դար անց արդեն թուրքերն են տիրել ամրոցին, եւ այդ ժամանակ էլ տեղի հայ բնակիչները հեռացել են։ 1828 թ. ռուսներն են գրավել բերդը։ Այնուհետեւ այն որպես ամրոց դադարել է գոյատեւել։ Այսօր այն արդեն զբոսաշրջիկներին է հետաքրքրում։
Խերթվիսից մոտ 5 կմ հարավ-արեւմուտք է Թումանյանի երգած հերոս Թաթուլ իշխանի հզոր Թմկաբերդը, որը հայտնի է եղել նաեւ Թմուկ կամ Թմբուկ, Թմոգվի անուններով։ Միջնադարյան այս բերդը Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Վերին Ջավախք գավառում է՝ Կուր գետի ձախ ափին, ներկայումս Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ասպինձայի (Ասպնջակ) շրջանում։ Ազգագրագետ Երվանդ Լալայանը Թմկաբերդը կամ Թմոկ ամրոցը նկարագրում է. «Պարիսպը, որի լայնությունը 1,5 արշին է, կրով-տեղ-տեղ սրբատաշ քարերով շինված, բոլորում է այս երեք լեռների շուրջը, յուրաքանչյուրի վրա մի-մի աշտարակ բարձրացնելով ու ձգվում գնում կողքի լեռները, ուր միանում է յուրաքանչյուրի վրա շինված մի աշտարակի։ Ամբողջ բերդն ունի երեք դուռ՝ հարավից, հյուսիսից եւ արեւելքից, որը տանում է դեպի բլուրը… Հարավային դռան մոտ մի ստորերկրյա անցք ժայռի միջով իջնում է մինչեւ Կուր ջուր բերելու համար…»։ Բարձր լեռան վրա են թառած ամրոցի երբեմնի պարիսպները, դղյակներն ու այլ շինություններ։ Կուր գետի աջափնյա ճանապարհից նայում ենք, հիանում ու հիշում Թումանյանին։ Ամբողջովին ժայռից կերտված բլրալանջին երեւում է միջնադարյան եկեղեցու դեղնավուն կիսավերակը՝ կառչած ու միաձուլված գրեթե ուղղաձիգ դիրքով տարածքին։ Քիչ հեռվում հզոր պարիսպն է, որ շարվել է բնական ամրության թույլ մասում։ Ամրոցը պահող հարավային ժայռակերտ եւ գրեթե ուղղաձիգ լանջն սկսվում է գետի ձախակողմյան ափից՝ հենց հունից։ Յուրայի հետ մոտենում ենք կիրճի ափին. լուսանկարում եմ։ Ժայռի երկայնքով պարիսպ է իջնում դեպի գետ։ Պարսպապատերին կից կան օժանդակ շինություններ եւ ժայռակերտ աստիճաններով մինչեւ Կուր գետի ափը ձգվող գետնուղի:
-Այս ժայռից են ցած գլորել Թմկա տիրուհուն,- ասում է Յուրան ու գանգատվում դավաճանության, մատնության համար։
Ակամայից հիշում եմ Թումանյանի տողերը.
Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր։
Պատմական առումով որեւէ տեղ չի հիշատակվում այս դավաճանության մասին։ ԹՄՈՔ (ԹՄԿԱԲԵՐԴ) անունը ծագում է «մոգ» բառից (Թ-մոգվ-ի)։ Թմբկաբերդն առաջին անգամ հիշատակվում է Ժ դարի աղբյուրներում։ Այն վերահսկում էր առեւտրական ուղիները, որոնք Ջավախք աշխարհը կապում էին Առաջավոր Ասիայի հետ։ 11-րդ դարի վրաց Անանուն պատմիչն արաբական արշավանքների հետ կապված գրել է. «…այնտեղից մտավ Սամցխե եւ ավերեց Սամցխեն ու Ջավախքը (Ջավախեթ), ապա մոտեցավ Թմոգվի բերդին. տեսնելով վերջինիս անառիկ եւ ամուր լինելը՝ այնտեղից հեռացավ…» (Մելիքսեթ Բեկ, «Վրաց աղբյուրները Հայաստանի եւ հայերի մասին», հատոր Ա, էջ 202)։ Այս շրջանի եւ հետագայի մասին կան տարբեր հիշատակություններ եւս այս հզոր ամրոցի մասին։
Ժամանակի ընթացքում բերդը տարբեր առիթներով փոխանցվել է Թորելի, Մխարգրձելի-Զաքարյան, Շալիկաշվիլի, Քուաբուլիսձե եւ Ջաղելի իշխանական տոհմերին։ 12-րդ դարի վերջերից, ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների, Ջավախքն իր Թմբկաբերդով ու Ախալքալաք (Նոր քաղաք) քաղաքով տրվել է հայ Զաքարյանների նախարարական տոհմին՝ որպես ժառանգական կալվածք։ Թամար թագուհին Թմբկաբերդը նվիրել է հայազգի ռազմական եւ քաղաքական գործիչ Սարգիս Թմոգվեցուն (Սարգիս Ա Վահրամյան), իսկ նրա եղբայր Զաքարիային` Գագը։ 1578 թ. բերդը զավթվել է Օսմանյան կայսրության կողմից։ 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո անցել է Ռուսաստանին։ Հայտնի է, որ բերդը խիստ տուժել է 1089, 1283 եւ 1319 թթ. տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից: Ամրոցի հարեւանությամբ է Թմբուկ (Թմոգվի) գյուղը, որի գերեզմանատանը եղել են հայերեն արձանագրություններով բազմաթիվ տապանաքարեր ու խաչարձաններ, որոնցից այժմ գրեթե ոչինչ չի մնացել։ Մեր հաջորդ կանգառը Թմկաբերդից ոչ շատ հեռու գտնվող մեկ այլ պատմական ու առեղծվածային հնավայր էր՝ Վարձիա-Վարձունիք քարանձավային համալիրը։