Ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը Եվրոպական միությանն ստիպեց դիվերսիֆիկացնել էներգակիրների աղբյուրները եւ անկախանալ ռուսական նավթից ու գազից։ Կարճաժամկետ հեռանկարում միության որոշ խոշոր անդամ երկրներ ձգտում են ապահովել այլընտրանքային մատակարարումներ՝ հիմնականում Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանից, Միացյալ Նահանգներից, Ադրբեջանից՝ ավելացնելով գազի մատակարարումները գործող խողովակաշարերով: Այնուամենայնիվ, ԵՄ-ն բախվում է էներգետիկ անվտանգության նոր մոդելի ստեղծման մարտահրավերին։
Նույնիսկ մինչեւ քովիդի համավարակը եւ ուկրաինական ճգնաժամը արդեն մշակվում էր ԵՄ-ի եւ Հյուսիսային Աֆրիկայի միջեւ էներգետիկ համագործակցության նոր մոդելի ստեղծման գաղափարը, որով վերջինս նպատակահարմար կլիներ վերականգնվող էներգիայի արտադրության եւ արտահանման համար: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը մշտապես նման տեսլականի ջատագովն է եղել: Իրենց հերթին, Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսյին Աֆրիկայի մի քանի երկրներ վերջին տարիների ընթացքում աջակցել են վերականգնվող էներգիայի մշակմանն ու արտահանմանը:
ԵՄ-ի, Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի էներգետիկ համագործակցության հետագա ամրապնդման մեկ այլ ռազմավարություն էլ հիմնված է վերականգնվող էլեկտրաէներգիայի մշակման ու արտահանման վրա: Եգիպտոսը, Կիպրոսը եւ Հունաստանը որոշ ժամանակ աշխատել են նման նախագծի վրա, վերջերս էլ՝ Իտալիան եւ Թունիսը: Նման մոդելները միմյանց բացառող չեն, քանի որ դրանց դիվերսիֆիկացիան կուժեղացնի էներգետիկ անվտանգությունը: Այնուամենայնիվ, կան խոչընդոտներ` փոխհամագործակցության նոր օրինաչափություն մշակելու հետ կապված։
Ի վերջո, Հյուսիսային Աֆրիկայի երկրները շատ օգուտներ կքաղեն Եվրոպայի հետ էներգետիկ նոր փոխգործակցությունից։ Ակնհայտ է, որ ԵՄ երկրներն սկսել են ավելի ընդգծված շահագրգռվածություն ցուցաբերել Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ փոխհամագործակցության պլանում՝ ձեւավորելով համապատասխան կարգավորող դաշտ, օպտիմալացնելով պետական եւ մասնավոր ռեսուրսները, նախագծելով էներգետիկ համագործակցության երկարաժամկետ ռազմավարություն։ Եվրոպայում գիտակցում են, որ էներգետիկ անվտանգության կարելի է հասնել միայն հստակ կանոնակարգված ներդրումային ծրագրերի շնորհիվ, որոնք պետք է իրականացվեն որքան հնարավոր է շուտ: