Տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները միջազգային հանրությանը մոլորեցնելու եւ իրական պատկերը կեղծ ներկայացնելու, սեփական հանցավոր գործողությունները թաքցնելու եւս մեկ ապացույց են: Իսկ նման դրսեւորումները, որքան էլ որ փորձ արվի քողարկել, չեն կարող հավատ ներշնչել խաղաղության նկատմամբ, ինչը, դատելով ադրբեջանական կողմի հռետորաբանությունից, խիստ վտանգված է:
Արդյոք անկե՞ղծ է իր խոստումներում եւ ձեռնարկումներում նախագահ Ի. Ալիեւը, երբ Արցախի բնակչությանը համարելով իր երկրի քաղաքացիներ` նրանց հասցեին շարունակ սպառնալիքներ է հնչեցնում, վարկաբեկում երկրի պաշտոնատար անձանց, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին: Չնայած 2020 թ. նոյեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ համաձայնագրի պահանջներին, նրանում ամրագրված շատ կետեր Բաքվի կողմից անտեսվում են: Այդ տեսակետից բացառություն չէ եւ հոկտեմբերի 31-ին Սոչիում՝ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշված է, թե «կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից»:
Փաստաթղթում շեշտվել է նաեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ դրական մթնոլորտի ձեւավորման կարեւորությունը: Բայց հիշենք, թե ընդունված վերջին հայտարարությունից հետո Ադրբեջանի պաշտպանության բանակի կողմից քանի անգամ է խախտվել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանում եւ ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում:
Վերջին շրջանում հակառակորդի կողմից ավելի հաճախակի են դարձել կրակոցներն ու ահաբեկչական սպառնալիքները Արցախի սահմանամերձ բնակավայրերի վրա: Պաշտոնական կեղծ հաղորդագրություններ տարածելով այն մասին, թե իբր արցախյան կողմից կրակոցներ են արձակվում սահմանում հերթապահություն իրականացնող ադրբեջանցի զինվորականների ուղղությամբ, ադրբեջանցիները սադրիչ գործողություններով ավելի են լարում իրավիճակը տարածաշրջանում՝ փորձելով սեփական հանցավոր քայլերը բարդել հայերի վրա: Նախապես ծրագրած սցենարով են նրանք առաջնորդվել օրերս Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի սահմանամերձ տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ՝ խոցելով տրակտորիստին, ով ծանր վիրավորում է ստացել եւ հանրապետական հիվանդանոցում է: Գրեթե նույն ձեռագիրն է իրագործվել Մարտունու շրջանի Կարմիր շուկայի եւ Հացի համայնքներին պատկանող հողատարածքներում, որտեղ ադրբեջանցիների կողմից ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել աշնանացան կատարող հացագործները: Ինչպես ասում են, երջանիկ պատահականությամբ տուժել են միայն գյուղատնտեսական մեքենաները: Վտանգից խուսափելու համար սահմանամերձ գյուղերում, որտեղ թշնամու նշանառության տակ են մարդիկ, գյուղնախարարության պատասխանատուները ստիպված են եղել դադարեցնել աշնանացանը:
Սադրիչ գործողությունները չեն դադարում խաղաղ բնակչության նկատմամբ: Ադրբեջանցի զինծառայողներն ահաբեկելու նպատակով հայերեն եւ ռուսերեն լեզուներով սպառնալիքներ են հնչեցնում բարձրախոսներով, ազգայնամոլական գռեհիկ երգեր «շրջանառում», որոնցում վիրավորվում է հայ ժողովրդի արժանապատվությունը: Ուժային կառույցների կողմից, ինչ խոսք, այս ամենի մասին տեղյակ է պահվում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությանը, որը, իր հերթին, համապատասխան տեղեկատվություն է հրապարակում պաշտոնական «խողովակներով»: Ցավոք, հասցեագրված կոչերն ու հորդորները չեն սթափեցնում ահաբեկիչներին, եւ հայատյաց քարոզչությունը շարունակվում է, իսկ հանցագործները մնում են անպատիժ:
Հավաստի տեղեկությունների համաձայն` ընթացիկ տարում ադրբեջանցիների հանցավոր գործողությունների հետեւանքով 5 զոհ եւ մեկ տասնյակից ավելի վիրավորներ են գրանցվել խաղաղ բնակչության շրջանում, գնդակոծություններից վնասվել բազմաթիվ տներ եւ շենք-շինություններ: Ահա այսպես են «խաղաղություն» պարտադրում հարեւանները արցախցիներին, ովքեր բազմիցս են համոզվել այն ճշմարտության մեջ, որ բռնությունների եւ սպառնալիքների միջոցով հնարավոր չէ հպատակեցնել մի ժողովրդի, որ դարեր շարունակ ապրել ու արարել է իր պատմական հայրենիքում եւ ինչպիսի ծանր փորձությունների էլ ենթարկվի, նա հող հայրենին, Արցախ աշխարհը երբեք լքողը չէ:
Ադրբեջանը շարունակում է «խաղաղասիրական» իր կեղծ քարոզչությունը, իսկ Արցախի երկնքում նորից սեւ ամպեր են կուտակվել, եւ խաղաղության աղավնիները դեռ չեն նշմարվում…