«Եւ տեսայ, եւ ահա այն աթոռի մէջ եւ չորս կենդանիների մէջ եւ երէցների մէջ մի Գառն կանգնած մորթուածի նման, որ եօթը եղջիւր ունէր եւ եօթն աչք…»:
Յոթ եղջյուրները, ըստ քրիստոնեական վերլուծաբան-մեկնաբանների, Քրիստոսի վերքերն են, այն տանջանքների ամբողջությունը, որ Նա կրել է, զի, ինչպես նշել ենք, յոթը ամբողջականության խորհրդանիշն է։
Նա ուներ ե՛ւ յոթ աչք. այս մասին Հովհաննես ավետարանիչից մոտ վեց հարյուր տարի առաջ գրել էր Զաքարիա մարգարեն. «Որովհետեւ ահա այն քարը, որ դրել եմ Յեսուի առաջին. մէկ քարի վերայ եօթը աչքը կայ, ահա ես փորագրում եմ նորա փորագիրը, ասում է Զօրաց Տէրը, եւ այն երկրի անօրէնութիւնը պիտի մէկ օրում վեր առնեմ»։ Զաքարիա 3։9
Բազմաչքությունը, հայացքի անթարթությունը խորհրդանշում են ամենուրեքությունը, ակնդետությունը, երբեք չննջող տեսանելիությունն ու հայացքի տակ ունենալը ամբողջականության մեջ, ինչպես եւ խորհրդանշում է յոթ թիվը։
Եվ Գառն անում է այն, ինչը որեւէ այլ մեկին տրված չէր անելու. «Եւ նա եկաւ եւ գիրքն առաւ աթոռի վերայ նստողի աջ ձեռքիցը։ Եւ երբոր գիրքն առաւ չորս կենդանիները եւ քսանչորս երէցները ընկնում էին Գառի առաջին. ամեն մէկը ունէին քնարներ եւ ոսկի բուրվառներ խնկով լիքը, որ սուրբերի աղօթքն է»։ Հայտնություն 5։7-8
Ինչո՞ւ է խունկը զուգահեռվում աղոթքի հետ։ Խնկաբույրով Աստված ըմբոշխնում է սրբերի աղոթքը։ Աստված «հոտոտելիքով» կամ ընդունում է զոհաբերությունը, կամ չի ընդունում։ Տերը Աբելի զոհաբերությունն ընդունեց, բայց Կայենինը չընդունեց, որովհետեւ իրեն տհաճ էր, նրա սրտից եկածը մաքուր չէր։ Զոհաբերությունից կամ հաճելի բույր է տարածվում, կամ տհաճ հոտ։ Չար ուժերից, ընդհանրապես, գարշահոտություն է տարածվում։
Աստծո աթոռի կերպարը կարելի է ասել առանցքային կերպարներից է. Աստված՝ իր աթոռին աշխարհի տիրակալի կերպարն է, Աստծո աթոռը կապված է աշխարհի դատաստանի հետ, Աստված է որոշում ի՞նչն է ճշմարիտը եւ ի՞նչն է սուտը, ո՞րն է լույսը եւ ո՞րը՝ խավարը։
Այնուհետեւ այդ աթոռի մոտ ուրախություն է տիրում. բոլոր սրբերը, բոլոր երեցները ցնծում են. «Եւ նոր երգ են երգում եւ ասում. Արժանի ես առնելու այդ գիրքը եւ դորա կնիքները բանալու, որովհետեւ մորթուեցար, եւ քո արիւնովը մեզ գնեցիր Աստուծոյ համար ամեն ցեղից եւ լեզուից եւ ժողովրդից եւ ազգից»: Հայտնություն 5։9
Ուշադրություն դարձնենք, որ երեցներն ու սրբերը ուրախությունից եգում են. երգը հավանաբար միակ մշակույթն է, որ մարդիկ իրենց հետ երկինք են տանում։ Շատ կարեւոր է իմանալ, երգել հոգեւոր երգեր կամ գոնե ձայնակցել։ Ինչո՞ւ են ուրախանում երեցները, չէ՞ որ այն գրքում կամ հրովարտակում գրված են մեծ աղետների ու դժբախտությունների մասին։ Բայց այդ գիրքը կնքված էր ներսից եւ դրսից յոթ կնիքներով ու այն, ինչ գրված էր այնտեղ, հայտնի չէր ոչ ոքի։ Երեցների ու սրբերի համար գաղտնի էր անգամ, որ Գառը պիտի գար ու բացեր այդ կնիքները. «… Արժանի ես առնելու այդ գիրքը եւ դորա կնիքները բանալու»:
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ