Մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը որոշակիորեն նմանվել է հեքիաթի, որտեղ Ադրբեջանը չար վիշապի կերպարանքով անդադար, բերանը բացած, ուտելիք է ուզում…
Այդ վիշապը խնդիրներ ունի շուրջբոլորը գտնվողների հետ: Մի գլուխը թեքել է Հայաստանի եւ Արցախի կողմը: Հայկական տարածքներն օկուպացնելուց բացի մյուս գլուխն էլ կախել է Վրաստանի կողմը՝ տարածքային խնդիր ունի նրա հետ, մասնավորապես ի դեմս Դավիթ Գարեջիի վանքի տարածքի: Վիշապի երրորդ գլուխը ծռված է դեպի Իրան, որովհետեւ հավակնություններ ունի Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի հանդեպ, ինչի մասին մեկ անգամ չէ, որ ակնարկել է ու հայտարարել այս կամ այն գործչի բերանով: Հաշվի առնելով վիշապի անհագ ախորժակը՝ մի օր էլ կարող է աչքը Ռուսաստանի վրա տնկել՝ ի դեմս սահմանակից Դաղստանի տարածքի, եւ այդպես շարունակ:
Ի՞նչ է լինում հեքիաթներում վիշապի հետ. հեքիաթների հերոսը միշտ հաղթում է վիշապին՝ կտրելով նրա գլուխը կամ գլուխները, բայց հաղթանակը հեշտ չի տրվում, հատկապես մեկից ավելի գլուխների պարագայում: Ադրբեջան վիշապի պարագայում կա նաեւ նրա առերեւույթ ստվերային գլուխը՝ Թուրքիան, որն առավել ազդեցիկն է ու վիշապի շարժումները համակարգողը եւ որը ստեպ-ստեպ ի ցույց է դնում իրեն:
Ի՞նչ պետք է անել վիշապին հաղթելու համար՝ խելքը գլուխը հավաքել, ուժերը մեկտեղել, զենք ու ուժ ունենալ, հավատալ, մտածել ու գործել: Վիշապին պետք է հաղթի նախ եւ առաջ Վիշապաքաղ Վահագնը, ոչ թե, ասենք, Դոբրինյա Նիկիտիչը, Կոշկավոր կատուն կամ Սեւ Անձրեւանոցը…
Վահագնը դրա փորձն ունի, այն էլ՝ մեր օրերի փորձ, ոչ թե վաղնջական ժամանակների, այն էլ՝ իրականության մեջ, ոչ թե առասպելում կամ հեքիաթում…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հ. Գ. Հեքիաթներում լինում են նաեւ բարի վիշապներ, ժամանակակից մանկական խաղալիքների մեջ եւս բարի դեմքով վիշապներ կան: Կունգ-ֆուի մեծանուն վարպետ Բրյուս Լիին դեռ մանկուց ծնողներն անվանել էին Փոքրիկ Վիշապ…
Սակայն Ադրբեջանը հաստատ բարի վիշապի դեպքը չէ: