Բարոկկո ճարտարապետությունը ծնունդ է առել 16-րդ դարի վերջին եւ 17-րդ դարի սկզբին իր արտահայտությունը գտնելով Հռոմի եկեղեցական ճարտարապետության մեջ` որպես բողոքական եկեղեցու բարեփոխումներին դիմակայելու միջոց։ Այս ոճը արձագանքն էր եկեղեցական ավելի վաղ ձեւավորված խիստ, դասական ոճին եւ նպատակ ուներ հասարակ մարդկանց զարմացնել, հիացնել, ինչպես նաեւ վախ ներշնչել։ Այդ պատճառով օգտագործվում էր հակադրությունների, շարժման, խաբկանքի եւ այլ դրամատիկ ու թատերական հնարների համադրություն. օրինակ` ներկված, նկարներով պատված առաստաղները այնպիսի պատրանք էին ստեղծում, կարծես ուղղակիորեն նայում էիր երկնքին։ Նոր ոճի ձեւավորմանը հատկապես նպաստում էին կրոնական պատվերները, թատրոնները, ինչպես նաեւ ճիզվիտները, որոնք ժողովրդական լայն լսարանի համար նախատեսված նոր եկեղեցիներ էին կառուցում։
Վաղ բարոկկոն (1584–1625) հիմնականում ակնհայտ էր իտալացի ճարտարապետների աշխատանքներում, ինչպես, օրինակ, ճարտարապետ Ջակոմո դելա Պորտայի նախագծած Ջեզու եկեղեցին, Կառլո Մադերնայի կառուցած Սուրբ Պետրոսի բազիլիկի ճակատը եւ գմբեթը (1612) եւ Սանտա Սուսաննան (1603)։ Ֆրանսիայում այս ոճի վաղ շրջանի օրինակ էր Սալոմոն դե Բրոսի` Մարիա Մեդիչի համար կառուցված Լյուքսեմբուրգի պալատը (1615–1645):