Լիարժեք համատեղ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններ կսկսեն Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Եվրասիական տնտեսական միությունը։
«Tehran Times»-ը հաղորդում է, որ բանակցություններն առաջիկայում կլինեն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությանը հղում անելով։ Լրատվամիջոցը հունիսի 6-ին հաղորդել է նաեւ, որ բանակցություններն սկսելու որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի եւ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանի հանդիպումից հետո:
«ԵԱՏՄ-ն համապատասխան որոշումներ է կայացրել բանակցությունների մեկնարկի վերաբերյալ 2020 թ. դեկտեմբերին: ԵԱՏՄ անդամ երկրները ներկայումս ավարտին են հասցնում բանակցությունների մանդատը»,- ասել է Մ. Մյասնիկովիչը՝ հավելելով, թե ակնկալում են ավարտել անհրաժեշտ ընթացակարգերը եւ պատրաստվել բանակցություններին մինչեւ 2021 թ. հունիսի վերջ։ Իսկ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի միջանկյալ համաձայնագիրն արդեն արդյունավետ գործիք է դարձել համագործակցության զարգացման համար։ Ըստ այդմ, ինչպես նշել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը, 2020 թ. Իրան-ԵԱՏՄ առեւտուրը կազմել է 2.9 միլիարդ դոլար՝ 2019-ի համեմատ աճելով 18.5 տոկոսով. «Դա հնարավոր է դարձել մեր համատեղ աշխատանքի շնորհիվ»:
«Tehran Times»-ը նշում է նաեւ, որ կողմերը մանրամասն խոսել են նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի ամենախոստումնալից ենթակառուցվածքային նախագծերի, այդ թվում ՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ու այլ համատեղ նախաձեռնությունների մասին:
Այստեղ ուշադրություն դարձնենք մի քանի հանգամանքի. ա). Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, բ). 2019 թ. հունվարից կառույցի մարմիններում նախագահությունը Ռուսաստանից անցավ Հայաստանին, եւ նույն տարվա հոկտեմբերին ուժի մեջ մտան նաեւ Իրանի հետ ԱԱԳ-ի ստեղծման մասին ժամանակավոր եւ Չինաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերը։ Իրանի հետ բանակցություններն էլ վստահվեցին հենց Հայաստանին՝ հասկանալի պատճառներով՝ Իրանի հետ ընդհանուր սահման, հայ-իրանական տնտեսական փոխգործակցության լավ փորձ եւն, գ) մարտի սկզբին էլ միջազգային զլմ-ները տարածեցին, որ Իրանում Հնդկաստանի դեսպանը նշել է, թե իր երկիրը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-հարավ» միջանցքը, կամ՝ «իրենք ծրագրում են միացնել Չաբահարի արեւմտյան մասը եւ Հնդկական օվկիանոսը Եվրասիայի եւ Հելսինկիի հետ՝ Հայաստանի տարածքով»։ Այլ կերպ՝ սա աշխարհատնտեսական մեծ ծրագիր է, որ քաղաքական բազում պայմաններ է թելադրելու եւ լիովին տեղավորվում է Մեծ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: Չաբահարը պետք է կապվի հնդկական Մումբայի նավահանգստի հետ: Փակագծերում նշենք, որ այստեղ պլանավորվում է նաեւ իրանա-հնդկական ազատ տնտեսական գոտի ստեղծել:
Հիմա՝ ինչու այս բոլոր փաստերը մեկտեղեցինք: Բացատրելու, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի «Հյուսիս-հարավից» չուշանալու եւ ենթակառուցվածքային այս խոշոր լոգիստիկ ծրագրից դուրս չմնալու համար: Բանն այն է, որ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ձեւավորման մասին պայմանագրի կողմեր են ոչ միայն Հնդկաստանն ու Իրանը, այլեւ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Սիրիան, Հայաստանը եւ, այո, նաեւ Ադրբեջանը: Միջանցքի աշխարհագրությունը որոշվում է կոլեգիալ կերպով: Խոշոր հաշվով նախագծի շրջանակներում նպատակ է դրվում կապել Հյուսիսային Եվրոպան Հնդկական օվկիանոսի հետ: Իսկ թե որ երթուղով կապահովվի այդ կապը, որոշում են պայմանագրի կողմ երկրները: Հաշվի առնելով դրանց շարքում Ադրբեջանի, ինչու ոչ, նաեւ Ղազախստանի առկայությունը՝ դժվար չէ եզրակացնել, որ նաեւ կարող է լինել ոչ հայանպաստ որոշում: Մյուս կողմից, սակայն, կարեւոր է «Հյուսիս-հարավի» առանցքային դերակատար Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը: Ուստի, մեզ մնում է ճիշտ դիրքավորվել: Այսինքն՝ եթե իսկապես նպատակ ունենք «Հյուսիս-հարավ» լոգիստիկ ծրագրի (երկաթգծային ենթակառուցվածքներ, ավտոմայրուղիներ…) մաս ու կարեւոր նշանակության տարանցման գոտի դառնալ, ապա պետք է մեծ լիցք հաղորդենք մեր Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությանը:
Սրան հավելյալ՝ հունիսին «Ռուսական երկաթուղիները» պլանավորում է առաջին բեռնատար գնացքն ուղարկել Սանկտ Պետերբուրգից Հնդկաստանի Մումբայ նավահանգիստ՝ փաստացի տալով «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մեկնարկը: Ռուսական զլմ-ները հաղորդում են, որ «2021-ի հունիսին «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը՝ «Russian Railways Logistics»-ը (RZDL) նախատեսում է գործարկել կանոնավոր բեռնատար (բեռնարկղային) գնացքը, իսկ դրա ուղին, ի թիվս այլ երկրների, կանցնի Ադրբեջանով»: Ընդ որում՝ այս մասին խոսվել է դարձյալ սանկտպետերբուրգյան համաժողովում: Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի միջազգային «Հյուսիս-հարավից» դուրս չմնալու համար: Դուրս մնալը մեր երկրի տրանսպորտային շահերին մեծ հարված կլինի:
Եվ, ի դեպ, մենք ունենք դուրս չմնալու բոլոր հնարավորությունները. եւ՛ Նյու Դելին, եւ՛ Թեհրանը հայտնում են իրենց պատրաստակամությունը եւ շեշտադրում Հայաստանի՝ «Հյուսիս-հարավին» ինտեգրվելու անհրաժեշտության մասին: Հայաստանին մնում է վճռական գործել: