Ինչ է կատարվում այսօր աշխարհում, աշխարհաքաղաքական ինչ գլոբալ խաղեր են բեմադրվում ու գործարկվում, այդ խաղերը փաթեթավորելու տնտեսական հզորագույն ինչ գործիքներ են կիրառվում, ի վերջո, ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը։ Ինչպես ընդունված է ձեւակերպել՝ «միջին վիճակագրական շարքային քաղաքացին» այս ամենը խորքային հասկանալ չի կարող։ Սա վերաբերում է ոչ միայն մեր, այլ ընդհանրապես տարբեր երկրների հասարակություններին՝ մի քիչ ավել կամ մի քիչ պակաս ծավալով։ Հայտարարը զավեշտալիորեն նույնն է՝ հասարակությունները տեղեկատվական այս դարում, բառի բուն իմաստով, զրկված են վերլուծելու կարողությունից, որովհետեւ «զինված» են կեղծ գաղափարներով, երկակին քիչ է ասված, բազմակի ստանդարտներով, շատ, բայց անորակ տեղեկույթով։
Համաշխարհային խնդիրը, սակայն, թողնենք մի կողմ։ Մեզ մեր ցավն է հետաքրքիր ու այդ ցավն ամոքելու եղանակը։ Ճանապարհներն, իհարկե, հայտնի են՝ նախակրթարանից սկսած, երկրի յուրաքանչյուր ոլորտում իրապես բարեփոխումներով ավարտած։ Երկար ճանապարհ է, բայց անհրաժեշտ՝ սերունդների ու հայրենիքի ապագայի համար։ Պետք է գտնել նաեւ կարճ ճանապարհը՝ ապրողների համար։ Ապրողներն են այսօր որոշելու պետության ուղին։ Ներկայիս հասարակությունն ինչքանո՞վ է ունակ երկրի համար բախտորոշ այս պահին ճիշտ որոշումներ կայացնելու։ Պատասխանը թողնենք ընթերցողին։ Բայց հասարակությանը ճիշտ կողմնորոշելու գործում էական դեր ունեն քաղաքական, տնտեսական, գիտության եւ այլ գործիչները, մասնագետները, փորձագետները, լրագրողները… մի խոսքով նրանք, ովքեր խոսք ունեն հանրությանը ուղղված՝ հենց ի շահ այդ հանրության եւ, ի վերջո, ի շահ մեր երկրի։ Շատ կարեւոր է անշուշտ, որ խոսողը, ուղի ցույց տվողը լինի առանց ազդեցության կողմնորոշումների։
Օրինակները բերենք քաղաքատնտեսական ոլորտից։ Այս տարեսկզբից ռուս-ուկրաինական ծավալումներին զուգընթաց տեսանք Արեւմուտքի կամ Ռուսաստանի հանդեպ հիացական կողմնորոշումներ, կանխատեսումներ եւ Հայաստանի հետ կապված ծավալումներ։ Բնականաբար, մեզ առնչվող մասը հենց այդ կողմնորոշումներից ելնելով էր եւ է ցայսօր (բացառությունների հանդեպ ամենայն հարգանքով), ընդ որում՝ փորձագիտականից մինչեւ պետական մակարդակներում։ Շարքային քաղաքացին էլ այս ամենը «մարսեց» դարձյալ ըստ իր կողմնորոշումների։ Մինչդեռ կարիք կա համահավաք, օբյեկտիվ վերլուծության. իրականում ինչ կտա ռուս-ուկրաինական թնջուկը միջազգային, տարածաշրջանային եւ մեր մասով։ Այս ամենը հասկանալու համար նաեւ պետք է հստակ պատկերացնել արեւմտյան ու ռուսական տնտեսությունների քաղաքականությունները, հնարավորությունները, մեր տնտեսության տրամաբանությունը, թնջուկից ազդվելու ծավալները, ռիսկերը եւ այդ ռիսկերը մեղմելու քայլերը։
Սա լուրջ աշխատանք է պահանջում, մասնագիտական գիտելիքներ, ինչի ոչ տրամադրությունը, ոչ էլ ժամանակը մեր կողմնորոշվածները չունեն։ Նրանց չի հետաքրքրում, թե ինչ ներուժ ունենք մեր տնտեսությանը հասցված ու հասցվելիք հնարավոր վնասները մեղմելու առումով, նրանց մի մասին պետք է, որ Արեւմուտքը հաղթի, մի մասին՝ Ռուսաստանը։ Հայաստանի շահերին առնչվող մտահոգությունն էլ «ձեռքի հետ» կտան ու մեր երկրին կտեղավորեն որեւէ կողմի թեւի տակ։
Որն է իրականում Հայաստանի շահը, ինչպես պետք է ճիշտ դիրքավորվի մեր երկիրը։ Սրա պատասխանը տալու համար նախ պետք է ըմբռնել որոշ հարցերի խորքային դրդապատճառները։ Օրինակ՝ 1. ռուսական կողմի հանդեպ արեւմտյան պատժամիջոցների ցանկերում ինչ է ներառվել եւ ինչու, 2. այդ պատժամիջոցներն ինչու դժվար կացության մեջ դրեցին նաեւ պատիժը սահմանող կողմին, 3. ինչի շնորհիվ է, որ ռուսական տնտեսությունը որոշակի «իմունիտետ» է ձեռք բերել պարբերաբար կիրառվող ֆինանսական ու առեւտրային տարաբնույթ պատժամիջոցների նկատմամբ, 4. գլոբալացված աշխարհում ինչու հանկարծ էներգետիկ, հումքային ու պարենային անկախության անհրաժեշտության հարց դրվեց, միասնական ու «մեծ ու սիրով» եվրոպական ընտանիքում ինչու հանկարծ խոշոր ընկերությունների ազգայնացման գործընթաց սկսվեց, 5. ինչու Ռուսաստանին անհնար եղավ լիակատար մեկուսացնել, դեպի ինչ նոր շուկաներ թեքվեց ռուսական կողմը, առեւտրային ինչ պայմանագրեր ունի Չինաստանի ու Հնդկաստանի հետ, 6. ինչու արժեզրկված ռուսական ռուբլին սկսեց արժեւորվել, երկարաժամկետ հատվածում ռուսական արժույթի ինչ տատանումներ են հնարավոր, 7. ինչպես հանկարծ ճիշտ դիրքավորվեց Թուրքիան ու սկսեց լարախաղացություն անել Արեւմուտք-Ռուսաստան գծի վրա, 8. ինչու է այս ծավալումներում օրակարգային այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, դրա շահառուների՝ թյուրքական կողմին օգնության ու մեր վճարած գինը, ընդհանրապես այդ «միջանցքի» շուրջ միջազգային ու տարածաշրջանային դիրքավորումներն ու պատճառները, 9. ինչու 44-օրյայի ժամանակ միջազգային հայտարարությունները հավասարության նշան դրեցին սեփական հողը պաշտպանող հայի եւ հայի հանդեպ ռազմական հանցագործություններ կատարողի միջեւ, 10. ինչու հանկարծ հիմա որոշեցին հայտարարությունները մի փոքր հասցեական անել, բայց կիրառականի չվերածել (գոնե ցայսօր) եւ այլն։
Անկեղծ լինելու համար ասենք՝ այնպես չէ, որ այս հարցերի պատասխանները չեն տրվել։ Տրվել են՝ առանձին-առանձին, արտաքին կողմնորոշումներով ու ազդեցությամբ, բայց ոչ մեկտեղ՝ համակողմանի եւ առանց կողմնորոշման։ Այս հատվածական տեղեկույթը կարող է հավաքել եւ հասկանալ հանրության մի փոքր՝ գիտակ հատվածը, ովքեր տիրապետում են տեղեկատվական առավել լայն հոսքերի, գիտեն այդ տեղեկույթից ճիշտ օգտվելու ձեւերը։ Բայց հարկ է այդ տեղեկույթը ճիշտ մատուցել հանրությանը, այն է՝ իրականության ստույգ ներկայացմամբ, առանց կեղծ միջազգային գաղափարների ու պատրանքների, առանց մեծ ու փոքր եղբայրների փնտրտուքների, սառը հաշվարկված։ Պետք է գտնել հանրությանը վտանգները ներկայացնելու ճիշտ մոտեցումը ու դա անել հնարավորինս կարճ ժամկետում՝ առանց սպասելու հանրության ինքնակրթման ապարդյուն ընթացքին։
Ի վերջո՝ առանց չափազանցության, դրված է մեր լինելիության հարցը։ Ասել, թե ելքեր չկան, անթույլատրելի հոռետեսություն է։ Պնդել, թե հենց վաղը լուսավոր ապագա ենք կերտելու, չարդարացված լավատեսություն է։ Մեզ պետք է առավելագույն իրատեսություն, որ թույլ է տալու շոշափելի տեսնել մեր ներուժը եւ այս իրավիճակից դուրս գալու կարճ ու առարկայական ճանապարհը։ Ներուժը տեսանք, փոփոխություններ կանենք բոլոր ոլորտներում՝ ֆինանսական, տնտեսական, գիտական, դիվանագիտական, քաղաքական՝ հետեւանքներով հանդերձ։ Այդ փոփոխություններն իրապես բարեփոխումներ կլինեն՝ շղթայական արդյունքով, ինչը մեր պաշտպանունակության ու պետականության ամրապնդման, մեր ազգային նպատակների իրագործման հնարավորություն կընձեռի։
Ի վերջո՝ եթե ուզում ենք լինել, հակառակը մեզ ոչ մի ուժ ու ոչ մի երկիր պարտադրել չի կարող։