Դեկտեմբերի 5-ին կայացած՝ աշխարհի առաջնության Խորվաթիա-Ճապոնիա հանդիպումից հետո, երբ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Ճապոնիան զիջել է խորվաթներին, այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչը մոտեցել է ճապոնացի երկրպագուների տրիբունային եւ խոնարհվել՝ շնորհակալ լինելով աջակցության համար։ Սա ճապոնական ներքին հարստության հերթական դրսեւորումն էր: Հիշեցնենք, որ ընդամենն օրեր առաջ ճապոնացի ֆուտբոլիստներն աշխարհի առաջնության հերթական խաղից հետո մաքրել են իրենց հանդերձարանը, աղբը դասավորել կույտերով եւ նույնիսկ պատուհանները բաց թողել օդափոխության համար: Ի լրումն՝ հավաքականի խաղացողներն ու անձնակազմը սեղանին թողել են օրիգամի կարապներ եւ շնորհակալական նամակ ճապոներեն ու արաբերեն:
Մինչ աշխարհի այս առաջնությունը ճապոնական ֆուտբոլի մասին հավաքականի իմաստով այնքան էլ հնչեղ բաներ չկային, բացառությամբ այն ներկայացնող մի քանի ֆուտբոլիստների: Այս հավաքականը յուրովի ապացուցեց, որ արդարացված է Ճապոնիայի «Նիպպոն» կամ «Նիհոն» անվանումը (երկրի անվանումը մայրենի լեզվով), որը նշանակում է «արեւածագ», յուրովի, որովհետեւ մինչ այդ ճապոնացի ժողովուրդը բազմիցս է դա ապացուցել իր կենսունակությամբ ու ստեղծելու հզորությամբ: Սա այն Ճապոնիան է, որն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, որոնցից ամենամեծը թերեւս Հիրոսիմայի ու Նագասակիի ատոմային ռմբակոծություններն ու Երկրորդ համաշխարհային պատերազմում կապիտուլյացիայի պայմանագրի ստորագրումն են:
Այսօր դեկտեմբերի 7-ն է, եւ հայերս ու մեր բարեկամները ոգեկոչում ենք 1988 թ. երկրաշարժի զոհերին, ոգեկոչում ենք՝ նրանց հիշատակի առաջ խոնարհվելով, սգալով, ցավով ու ափսոսանքով, նրանց հետ մտովի հաղորդակցվելով ու հերթական տարում արձանագրելով, որ դեռեւս կան երկրաշարժից տնազուրկ մնացած քաղաքացիներ: Սա նշանակում է, որ ավելի քան 30 տարի կառուցում ու այդպես էլ չենք կարողանում ձերբազատվել աղետի գոտի հասկացությունից, որն ինչ-որ ժամանակ նույնիսկ փորձեցին զարգացման գոտի վերանվանել: Չենք կարողանում թե՛ ֆիզիկապես եւ թե՛ հոգեպես, այսինքն՝ չի փոխվում դրա թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական ըմբռնումը:
Այս կամ այն չափով կառուցվում են բնակարաններ, որոնք դեռեւս ամբողջապես չեն տեղավորել 34 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի պատճառով տնազուրկ դարձած բոլոր կարիքավորներին: Սակայն այդպես էլ չի կառուցվում մեր ներսի շենքը: Ի հետեւանս՝ աղետի գոտին որեւէ կերպ չի ազատվում այդ անվանումից, եւ պատճառը ո՛չ ցեմենտի կամ ավազի ու քարի, ո՛չ էլ ֆինանսական միջոցների պակասն է: Ճապոնիայում թերեւս այնքան քար ու ավազ չկա, որքան մենք ունենք…
Ճապոնացիները ոչ միայն կառուցել են իրենց ներսի շենքը, որի հիմքերն իրենց մեջ կրում էին ի սկզբանե, այլեւ խորին հարգանքով, սիրով, գորովանքով ու խնամքով են վերաբերվում դրան: Մեր ներսում մենք նույնպես ունենք այն շենքի հիմքերը, որի կառուցմամբ կկարողանանք ոչ միայն աղետի գոտին վերականգնել ու վերաշնչավորել, այլեւ մեջքներս ուղղել բոլոր հարցերում: Բայց մենք ավելի շատ չնկատելու ենք տալիս այդ հիմքերը, քան թե չենք նկատում՝ հանիրավի մոռանալով դրանք ու մտածելով նախ եւ առաջ քարե՛ շենք կառուցելու մասին…
Նույնպես հանիրավի մոռացված մեր գրողներից մեկը՝ Վրթանես Փափազյանը, մի գեղեցիկ խորապես մարդկային ստեղծագործություն ունի: Դրա հերոսը մտածում է, թե՝ «արդյոք չէ՞ր կարելի կշռել մարդկային զգացմունքների աստիճանը մի գործիքով, ինչպես որ չափվում է տաքության աստիճանը»։ Եվ նա որոշում է ստեղծել մի գործիք՝ անվանելով այն զգայնաչափ, ընդ որում, դրա հիմքում դնում է… որբի արտասուքից մի քանի կաթիլ: Պարզվում է՝ մարդիկ դրա կարիքն ունեին. «Հանճարեղ գյուտի հռչակը տարածվում էր ամեն կողմ։ Հարուստ եւ աղքատ, խելոք կամ հիմար գալիս էին Բրահմինի մոտ։ Ամեն ոք կամենում էր իմանալ իր զգացմունքների աստիճանը»։ Սակայն վերջաբանը ցավալի է. «Բարեպաշտները գրգռվեցին, «սուրբ» կրակով վառված հարձակում գործեցին Բրահմինի տան վրա եւ փշրեցին գործիքը։ Զգայնաչափը այլեւս չկար։ Եվ հենց այդ օրվանից է, որ այլեւս չկա մի կշիռ մարդկային առաքինությունների եւ զգացմունքների համար»…
Մենք գիտենք, որ զգացմունքային ժողովուրդ ենք եւ, այդ տեսանկյունից, փափազյանական զգայնաչափի կարիքը չունենք: Ինչ վերաբերում է զգայնաչափի մյուս գործառույթին, այն հայտնի կդառնա, երբ կարողանանք մեր ներսի շենքն ավարտին հասցնել: Մենք ունենք, կրկնեմ, թե՛ դրա հիմքերը, թե՛ անհրաժեշտ նյութերը: Գոնե ա՛յս դեկտեմբերի 7-ին, խնկարկելով աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը, կարողանա՛նք տեղից շարժել նաեւ մեր ներսի տան կառուցումը: Այդ դեպքում չի լինի աղետի գոտի ո՛չ դրսում, ո՛չ ներսում…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ