Թուրքիայի զինված ուժերը (ԹԶՈՒ) լայնածավալ արդիականացման եւ վերափոխման գործընթացում են, որը ներառում է սպառազինության ու ռազմատեխնիկայի թարմացում, ինչպես նաեւ կառուցվածքային, ինստիտուցիոնալ եւ օրենսդրական փոփոխություններ։ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման օրոք ԶՈՒ-ի արդիականացման եւ սպառազինման ծրագրերը դրվեցին նոր հիմքերի եւ մասշտաբների վրա։ Միեւնույն ժամանակ բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ուժեղացումն աննախադեպ էր Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ։ Արդյունքում բանակը զրկվել է իր ավանդական գերիշխող դիրքերից եւ հասարակական-քաղաքական լծակներից։ ԱԶԿ-ի կառավարությունն աստիճանաբար կարողացել է չեզոքացնել բանակի հզոր դերը երկրի սոցիալ-քաղաքական ոլորտներում։ 2016 թ. հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձը եւ դրան հաջորդած զարգացումները մի շարք հարցեր են առաջացրել՝ կապված ԶՈՒ-ի ինստիտուցիոնալ փոփոխության եւ համակարգային վերափոխման միտումների ու հեռանկարների հետ։
ԹԶՈՒ-ի ինքնավարությունը պայմանավորված է երկու գործոններով՝ ինստիտուցիոնալ եւ քաղաքական: Առաջինը վերաբերում է բանակի մասնագիտական ոլորտի պաշտպանությանն արտաքին անցանկալի միջամտություններից, իսկ երկրորդը՝ վերջինիս գաղափարական եւ վարքագծային դերին, ինչը հնարավորություն է տալիս ԶՈՒ-ին զերծ մնալ քաղաքացիական վերահսկողությունից: Գաղափարական ինքնավարությունն ու վարքագիծը բանակին շնորհել էին «պահապանի» դեր։ ԹԶՈՒ-ի ինստիտուցիոնալ ինքնավարությունը եւ ազգային պետականության վարչակարգի նկատմամբ հավատը՝ որպես քեմալիզմի արժեհամակարգի պաշտպան եւ երաշխավոր, ձեւավորվել են Մուստաֆա Քեմալի Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) երկարամյա միակուսակցական ռեժիմի կողմից (1923-1950 թթ.) եւ ռազմական հեղաշրջումներից հետո։
ԹԶՈՒ-ի ինստիտուցիոնալ ինքնության փոխակերպումն ուղղակիորեն կապված է պետական համակարգում նրա ուժեղ ինքնավարության թուլացման հետ։ Ինքնավարության թուլացմանը զուգահեռ լուրջ մարտահրավեր է բանակում միասնական արժեհամակարգի պահպանումը։ Երկրում գաղափարական եւ արժեքային վերափոխումը չի շրջանցում բանակը, քանի որ այն արդեն կորցրել է նախկին լծակները, եւ իշխող քաղաքական ուժը փորձում է իր արժեքները պարտադրել բանակին։ Թուրքիայում զգալի քայլեր են ձեռնարկվել քաղաքացիական-ռազմական հարաբերությունների վերանայման եւ ժողովրդավարական վերահսկողություն հաստատելու ուղղությամբ։ Սակայն ժամանակակից միտումները ցույց են տալիս, որ բանակի դերի թուլացմանը զուգահեռ՝ վերջինիս վրա քաղաքական ազդեցություն հաստատելու գործընթաց է իրականացվում։ Սա ուղեկցվում է նաեւ նրա փոխակերպմամբ։ Այսպիսով՝ բանակը ծառայում է իշխանությանը, ոչ թե պետությանը։
Ռ. Էրդողանը նախագահ է վերընտրվել 2018 թ. հունիսի 24-ին կայացած արտահերթ ընտրություններում։ Քանի որ ԱԶԿ-ն չկարողացավ ապահովել խորհրդարանի մեծամասնությունը, որն անհրաժեշտ էր միայնակ կառավարություն ձեւավորելու համար, անցումը նախագահական համակարգի վճռորոշ նշանակություն է ստացել այդ ուժի քաղաքական կենսունակության համար։ Հետեւաբար, սա նշանակում է, որ 2023-ի նախագահական ընտրություններում Էրդողանի՝ կրկին հաղթելու դեպքում շարունակվելու են երկրի սոցիալական եւ քաղաքական ոլորտների շարունակական փոխակերպումները, այդ թվում՝ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում։ Թուրքիայում ավտորիտար միտումները բանակը դարձրել են սեփական ռեժիմի սպասարկուն։
1999 թ. Հելսինկյան գործընթացով մեկնարկած օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք սահմանափակում են զինված ուժերի քաղաքական դերը, նաեւ «բարենպաստ» պայմաններ են ստեղծել ԱԶԿ-ի համար՝ վերանայելու բանակի հավաքական արժեքները: Գլխավոր շտաբը, որը զրկվել է օրինական լծակներից եւ կորցրել ինքնավար դերը, ունի գաղափարապես քայքայված, չհամախմբված անձնակազմ։ Բանակի դերի մասին հանրային փոփոխված ընկալումները ճանապարհ են հարթում վերջինիս արժեքային կողմնորոշումների վերանախագծման համար։ ԶՈՒ-ն, որպես կառույց, չունի գաղափարական արտաքին ներթափանցումներին դիմակայելու կարողություններ։
Բանակը Թուրքիայում այլեւս համակարգային ինստիտուտ չէ եւ կորցրել է կարեւորագույն ինքնավար ինստիտուտի իր դերը։ Հատկապես ձախողված հեղաշրջումից հետո ռազմական եւ պաշտպանական ոլորտներում ձեռնարկված օրենսդրական, կառուցվածքային փոփոխությունները ոչ միայն լուրջ հարված էին բանակի ինստիտուցիոնալ ինքնավարությանը, այլեւ նոր ճանապարհ են բացել նրա հավաքական ինքնության եւ արժեքային վերափոխման համար։ Նախկինում դրա համակարգող առաքելության իրականացմանը ծառայում էին միասնական բանակի արժեքային բազան, իսկ այժմ համակարգային գործառույթները բաշխվել են պետական, քաղաքական եւ սոցիալական դերակատարների միջեւ։ Վերոնշյալի վառ ապացույցն էր ԶՈՒ երեք հիմնական հրամանատարությունների (ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժեր) տեղափոխումը Գլխավոր շտաբից Ազգային անվտանգության ծառայության վերահսկողության տակ։
Նախագահական կառավարման համակարգի անցման գործընթացը, ավտորիտարիզմի միտումները եւ արժեհամակարգի խոր փոխակերպումները ոչ միայն զրկում են բանակին իր ավանդական բնույթից, այլեւ պարտադրում են նոր «կերպար»։ 2016-ի հեղաշրջման փորձը նոր հնարավորության ազատություն տվեց Էրդողանի ձեռքերին՝ վերափոխելու պետական համակարգը եւ ԶՈՒ-ն։ Կարելի է պնդել, որ Էրդողանը սպառնալիքը վերածեց հնարավորության եւ սկսեց իր սեփական «հեղաշրջումը» բանակում։ Այս համատեքստում բանակի բարձրագույն հրամանատարության հավատարմությունը երկրի գործող իշխանություններին հնարավորություն է տալիս ավելի սահուն կերպով առաջնորդել բանակի հավաքական վերափոխումը։ Նման միտումների պայմաններում կարող է տեղի ունենալ բանակի եւ իշխանության սերտաճում։ Այսպիսով՝ բանակը, ըստ երեւույթին, ԱԶԿ-ի լիակատար քաղաքական վերահսկողության ներքո է։
Բանակի դերի թուլացման ինստիտուցիոնալ, օրենսդրական մեխանիզմները եւ հասարակական-քաղաքական գործընթացները, անկասկած, ճանապարհ են հարթում բանակի հավաքական ինքնության եւ արժեհամակարգի փոփոխության համար։ Սակայն վերջին տասնամյակում բանակը ֆորմալ եւ ոչ ֆորմալ ազդեցությունների պատճառով հայտնվել է ներկայիս իշխանությունների ինստիտուցիոնալ վերափոխման, արժեքային եւ գաղափարական պարտադրման տիրույթում։ Չնայած Թուրքիայում քաղաքացիական-ռազմական հարաբերություններում տեղի ունեցող փոփոխություններին, որտեղ սլաքն ուղղված է դեպի իշխանությունները, դա չի ենթադրում բանակի քաղաքացիական եւ ժողովրդավարական վերահսկողություն, քանի որ դրանք չեն ապահովում պետական եւ քաղաքացիական ինստիտուտների ներգրավվածությունը քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներում։ Տվյալ դեպքում տեղի է ունենում բանակի նկատմամբ վերահսկողության մենաշնորհ, որտեղ բացառիկ իրավասությունը տրվում է նախագահի ինստիտուտին։ Սա, իր հերթին, ենթադրում է ԹԶՈՒ-ի քաղաքականացում, ինչը մեծ ազդեցություն կունենա տվյալ երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական գործընթացների վրա։