2021-2022 թթ. Հայկական ատոմային էլեկտրակայանում իրականացվել եւ դեռ նախատեսվում են լայնածավալ արդիականացման աշխատանքներ: Աշխատանքների մեծ մասն իրականացվում է «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի» (հաստատված է դեռ կառավարության 2014 թ. մարտի 27-ի թիվ 12 արձանագրային որոշմամբ) շրջանակներում: Ծրագրի հիմնական մասի ֆինանսավորումն արվել է 2015 թ. փետրվարի 5-ի «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացումը ֆինանսավորելու համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրով տրված վարկային միջոցների հաշվին, որը գործում էր մինչեւ 2019 թ. դեկտեմբերի 31-ը: Նշված ժամկետում չավարտված միջոցառումների անխափան ընթացքն ապահովելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2020 թ. հունիսի 11-ի թիվ 953-Ն որոշումը՝ ՀՀ պետբյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին։
Արդիականացման կարեւորագույն միջոցառումներից է Հայկական ԱԷԿ-ի նոր դիզել-գեներատորային կայանի կառուցումը (ԴԳԿ): Ընդհանրապես որպես ատոմային էլեկտրակայանների վթարային էլեկտրամատակարարման համակարգ՝ դիզել-գեներատորային կայանների անվտանգային բարձր մակարդակը շատ կարեւոր է։ Դիզել-գեներատորային կայանը երկու ֆիզիկապես առանձնացված համակարգեր են, որոնք իրենցից ներկայացնում են համակարգերի նախագծում՝ սեյսմիկ անվտանգության հիմնավորումներով, շինության՝ դրանում տեղադրված դիզել-գեներատորային ագրեգատների, դրանց օժանդակ սարքավորումների եւ դիզել-գեներատորային կայանի օժանդակ համակարգերի ամբողջություն: Դրանցից որեւէ մեկի առանձնացումն ամբողջական համակարգից կարող է առաջացնել նախագծային շեղումներ, որոշակի օժանդակ սարքավորումների թերմատակարարում եւ այլ խնդիրներ:
Այս ամենը թույլ չտալու նպատակով ԴԳԿ-ի մատակարարման համար մրցութային պահանջներ ձեւավորելու եւ պատահական մասնակիցներին բացառելու նպատակով անհրաժեշտ է դիտարկել կազմվող մրցութային փաստաթղթերում որոշ պահանջներ ներառելու հնարավորությունը։ Համապատասխան որոշումը կառավարությունը երեկվա նիստում կայացրեց (նախագիծը մշակել են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը)։
Ի՞նչ պահանջների մասին է խոսքը։ Եթե հակիրճ, ապա հաշվի է առնվելու ոչ միայն մրցութային մասնակցի ֆինանսական, այլեւ որակական, այն է՝ ոլորտում փորձառության հանգամանքը։ Այս ամենը մեզ հետ զրույցում երեկ պարզաբանեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը (այսինքն՝ կարող են մասնակցել ռուսական, չեխական, սլովակիական, բելգիական, ուկրաինական, ավստրիական ընկերություններ, շատերը մեզ հետ համատեղ աշխատել են հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներում,- Ա.Մ.)։
Ըստ այդմ՝ 1. մասնակիցը պետք է ներկայացնի հայտի ներկայացմանը նախորդող 10 տարիների ընթացքում իրականացված՝ ԱԷԿ-ների միջուկային անվտանգության տեսանկյունից կարեւոր սարքավորումների մատակարարման փորձ՝ ոչ պակաս, քան 10 000 000.00 ԱՄՆ դոլար (մեկ դիզել-գեներատորի մոտավոր արժեք) ընդհանուր արժեքով (հաշվի է առնվում միայն մասնակցի փորձառությունը, մասնակցի կողմից պայմանագրի կատարման համար ներգրավվող այլ իրավաբանական անձանց փորձը հաշվի չի առնվում):
2. Մասնակիցը պետք է ներկայացնի գնման ընթացակարգի շրջանակներում մատակարարման համար իր կողմից նախատեսվող դիզել-գեներատորների արտադրողների հետ պայմանագրային հարաբերությունների առկայության փաստաթղթային հիմնավորում, եթե մատակարարը չի հանդիսանում տվյալ դիզել-գեներատորների արտադրողը:
3. Մասնակիցը պետք է ներկայացնի հայտի ներկայացմանը նախորդող 10 տարիների ընթացքում ավարտված՝ ԱԷԿ-ի միջուկային անվտանգության տեսանկյունից կարեւոր օբյեկտների նախագծման իր կամ ներգրավվող գործընկերոջ (կցելով գործընկերության պայմանագիրը) փորձառությունը հավաստող փաստաթղթային հիմնավորում:
4. Մասնակիցը պարտավոր է ներկայացնել իր դրական ֆինանսական վիճակը հավաստող փաստաթուղթ (վերջին 5 տարիների տարեկան շրջանառություն) եւ սակարկությունների անցկացման պահի դրությամբ բոլոր մակարդակի հարկերի գծով վճարման պարտավորությունների բացակայության վերաբերյալ փաստաթուղթ:
5. Մասնակիցը պարտավոր է ներկայացնել աուդիտ անցած հաշվապահական հաշվեկշիռը կամ, եթե դա չի պահանջվում մրցույթի մասնակցի երկրի օրենսդրությամբ, այլ ֆինանսական հաշվետվություններ, որոնք ընդունելի են գործատուի համար։
6. Մասնակիցը պարտավոր է ներկայացնել 28 միլիոն ԱՄՆ դոլարի նվազագույն միջին տարեկան շրջանառություն՝ հաշվարկված որպես վերջին 5 տարվա ընթացքում իրականացվող կամ ավարտված պայմանագրերի համար ստացված հավաստագրված վճարումների հանրագումար:
7. Մասնակիցը պետք է ցույց տա ֆինանսական ռեսուրսների հասանելիություն կամ առկայություն, ինչպիսիք են իրացվելի ակտիվները, չգրավադրված իրական ակտիվները, վարկային գծերը եւ այլ ֆինանսական միջոցները՝ բացառությամբ պայմանագրային կանխավճարները, որոնք բավարարում են դրամական միջոցների հոսքի հետեւյալ պահանջը՝ 14 մլն ԱՄՆ դոլար:
ՏԿԵՆ-ից տեղեկանում ենք, որ որակավորման չափանիշներում ֆինանսական փորձառության վերաբերյալ պահանջները սահմանելիս հիմք է ընդունվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի փորձը, եւ ներկայացված մեծությունները հաշվարկվել են Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի գնահատման հաշվիչի կիրառմամբ։
Մի խոսքով՝ ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքելու նպատակով հայտարարված մրցույթի հրավերով պարտադիր սահմանվում են մասնակիցների որակավորման, մասնավորապես՝ ֆինանսական եւ փորձառության չափանիշներ: Որակավորման չափանիշների սահմանումը հնարավորություն է ընձեռում զերծ մնալ ֆինանսապես անկայուն, ցածր պատասխանատվությամբ եւ երբեւէ նմանատիպ առաջադրանք չիրականացրած ընկերությանը երկրի ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերակառուցման առաջադրանքի պատվիրման ռիսկից: