Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հերոսները… իրենց դասասենյակում

Դեկտեմբերի 9, 2022
Սոցիում
Հերոսները… իրենց դասասենյակում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
252
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2 տարի եւ ավելի է, ինչ մեր երկրի բոլոր դպրոցներում դասարաններ են անվանակոչվում՝ ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված քաջորդիների։ Իհարկե, դպրոցներ ու դասարաններ անվանակոչվել են նաեւ արցախյան բոլոր պատերազմներում, ՀՀ սահմանը պաշտպանելիս նահատակված բազում անմահ հերոսների անուններով։

Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի շատ շրջանավարտներ մասնակից եղան նաեւ այդ պատերազմին, նրանցից 5 քաջորդի՝ Մովսես Կարենի Սարգսյանը՝ Մոսը, Արթուր Գագիկի Սարգսյանը, Սամվել Գեւորգի Խաչատրյանը, Ալեն Լեւոնի Մարգարյանը եւ Նարեկ Արթուրի Խաչատրյանը, մարտիրոսվեցին ռազմի ճամփաներին ու մնացին հավերժ զինվոր, հավերժ հայրենիքի պաշտպան, հավերժ՝ հազարավոր լուսեղեն քաջերի շարքերում։ Օրերս տղերքին նվիրված ցերեկույթին ներկա էին անմահ հերոսների ծնողներ, հարազատներ, մարտական ընկերներ, ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յունը՝ տիկնոջ հետ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, այլ զինվորականներ, Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամներ, հյուրեր։ Դպրոցի դասասենյակներից 12/2-ը, որտեղ ժամանակին սովորել են հերոս տղաները, կրթօջախի տնօրինության, ծնողական ու աշակերտական խորհուրդների որոշմամբ անվանակոչվել են «Մոս եւ ընկերներ»։ Դպրոցական այն նստարաններին, որտեղ նստել են տղերքը, նրանց անուններն են գրված, անձնական իրերն են, Հայոց բանակում ծառայելու, մարտական գործողությունների ժամանակ ստացած պարգեւներն են՝ պատվոգրեր, շնորհակալագրեր, մեդալներ, շքանշաններ։ Ներկայացված են նաեւ մինչ բանակ զորակոչվելը՝ մարզական, կրթական տարբեր մրցույթներում մասնակցության եւ հաջողությունների հասնելու մասին պարգեւները։ Մի պատը զարդարված է զինվորական ոճով, մեջտեղում տղերքի լուսանկարներն են՝ կենսագրական տվյալներով։

Դասասենյակի մուտքի կարմիր ժապավենը կտրելու, ցուցանակի բացման պատիվը տրվեց դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանին եւ Մոսի մորը՝ Աիդա Սարգսյանին։ Ցերեկույթի մասնակիցները ներս մտան դասասենյակ, ծանոթացան հերոսների ապրած տարիների պատմությանը, լսեցին ծնողների, ուսուցիչների պատմածը։ Տերունական աղոթքով հերոսների անվան դասասենյակն օրհնեց Տեղերի հովվության հոգեւոր հովիվ եւ Ա. Մարգարյանի անվ. թիվ 29 ավագ դպրոցի ուսուցիչ տեր Մխիթար քահանա Ահարոնյանը։ Ներկաները շրջեցին դասասենյակում, իմացան հերոսների մասին։ Դժվար է հատկապես հերոսածին մայրերի համար, որ պատմում են սիրասուն որդիների մասին՝ հուզմունքով, թաց աչքերով ու հպարտությամբ ցույց տալիս նրանց պարգեւները։

Մովսես Սարգսյանը ծնվել է 2001 թ. հունվարի 19-ին, Երեւանում։ Ավարտել է դպրոցը եւ 2019 թ. ընդունվել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ։ Մանկուց զբաղվել է պարով՝ ընդգրկվելով «Կովկաս» պարային համույթում։ Նաեւ լավ ֆուտբոլիստ էր, խաղացել է «Ալաշկերտ» թիմի կազմում, հրաշալի կիթառ է նվագել։ Համալսարան ընդունվելուց հետո՝ 2019 թ. հուլիսի 16-ին զորակոչվել է Հայոց բանակ՝ մտադիր զինվորական պարտքը կատարել հայրենիքի հանդեպ, տուն վերադառնալ եւ շարունակել ուսումը։ Մոր՝ Ա. Սարգսյանի հիշելով՝ որդին բանակ մեկնելիս ասել է. «Կծառայեմ, կվերադառնամ, ուսումս եւ պարը կշարունակեմ ու կճանապարհորդեմ…»։ Բայց պատերազմը խախտեց երազկոտ պատանու ճակատագիրը՝ դարձնելով հավերժի ճամփորդ։ Սկզբնական շրջանում ծառայել է Լուսակերտում եւ 6 ամսվա ընթացքում, օրինակելի եւ պարտաճանաչ զինվոր լինելու համար, արժանացել հրամանատարության խրախուսանքներին, ծնողները՝ շնորհակալագրի։ Կրտսեր-սերժանտի կոչումով, որպես հրթիռահրետանային համակարգի հաշվարկող, տեղափոխվել է Արցախ՝ Ներքին Հոռաթաղ։ Պատերազմի առաջին օրվանից մտել է մարտի մեջ եւ պայքարել թշնամու դեմ՝ հավատով հաղթելու։ Զինակից ընկերների ասելով՝ շատ համարձակ էր գործում, անվրեպ էին նրա հաշվարկով արձակված արկերը։ 41 օր մարտնչել է հերոսաբար, ծնողներին հավաստիացրել՝ տուն է գալու, սակայն 2020 թ. նոյեմբերի 6-ին նահատակվել թշնամու ԱԹՍ-ի հարվածից՝ Շուշի տեղափոխվելու ճանապարհին։ Հետմահու պարգեւատրվել է «Արիության» մեդալով։

Սամվել Խաչատրյանը ծնվել է 1999 թ. փետրվարի 28-ին, Երեւանում։ Սկզբնական կրթությունն ստացել է Երեւանի Լ. Տոլստոյի անվ. թիվ 128 հիմնական դպրոցում։ 2009-2013 թթ. զբաղվել է հունահռոմեական ըմբշամարտով Մուշեղյանի անվ. մարզադպրոցում։ 2013-2015 թթ. Արաբկիր համայնքի մարզադպրոցում զբաղվել է բասկետբոլով։ 2016-ին ավարտել է դպրոցը եւ ընդունվել Երեւանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի բասկետբոլի բաժին։ Մարզական բուհն ավարտելուց հետո՝ 2020 թ. օգոստոսի 13-ին զորակոչվել է Հայոց բանակ։ Ծառայում էր Մեղրիում եւ դեռ ուսումնական շրջանում էր, որ սկսվեց պատերազմը։ Հոկտեմբերի 3-ին արդեն ռազմադաշտում էր, բայց ծնողներին այդ մասին չէր ասում։ 8 օր անց նահատակվել է Ջրականի տարածքում՝ դարձյալ ԱԹՍ-ի հարվածից։ Հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Մայրը՝ Մարինա Խուրշուդյանը, պատմում է որդու մասին եւ ցույց տալիս նրա իրերը։ Մեծ նպատակ ուներ՝ շարունակելու մարզական կյանքը։

Նարեկ Խաչատրյանը ծնվել է 2001 թ. հուլիսի 8-ին, Երեւանում։ 2007-ին ընդունվել է Նիկոլ Աղբալյանի անվ. թիվ 19 հիմնական դպրոց։ 2014-ից հաճախել է Վլադիմիր Ենգիբարյանի անվ բռնցքամարտի դպրոց։ Մեկ տարի անց արդեն արժանացել է առաջին կարգի դիպլոմի։ 2016-ին ուսումը շարունակել է թիվ 29 դպրոցում՝ զուգահեռ շարունակելով մարզական կյանքը։ Մեծ երազանք ուներ՝ դառնալ հանրաճանաչ մարզիկ։ Մայրը՝ Արմինե Խաչատրյանը, հիշում է որդուն. «Մեծ երազանք էի կապում հրաշալի որդուս հետ, ով նաեւ հրաշալի եղբայր էր։ Օր ու գիշեր սովորում ու աշխատում էր։ Սպորտը նրա տարերքն էր…»։ Նարեկի անվան սեղանին նրա մարզական պարգեւներն էին։ 2020-ին «Կաշվե ձեռնոց» մրցաշարում ճանաչվել է լավագույն մարզիկ։ Նարեկին ճանաչել է Վիկ Դարչինյանը, վստահեցրել՝ հայտնի մարզիկ կդառնա։ Սակայն արցախյան վերջին կործանարար պատերազմը մեզանից հազարավոր քաջորդիների խլեց, ինչպես նրանց, այնպես էլ Նարեկի երազանքը մնաց անկատար։ 2020 թ. հունվարի 29-ին Նարեկն արդեն Հայոց բանակի զինվոր էր՝ հպարտ այդ կոչումով եւ պատրաստ՝ կատարելու զինվորի՝ հայրենիքի հանդեպ առաքելությունը։ 6 ամիս ծառայեց Լուսակերտում, այնուհետեւ՝ արդեն կրտսեր-սերժանտի կոչումով տեղափոխվեց Կապան։ Պատերազմի սկսվելոց 20 օր առաջ նրանց վաշտը զորավարժությունների է մեկնել Ջրական։ Պատերազմի առաջին օրվանից մարտադաշտում հերոսանում էր՝ իր ջոկի հետ։ Հոկտեմբերի 10-ին մարտական կարեւոր գործողություն կատարելիս ընկավ թշնամու անօդաչուի հարվածից։ Հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի։

Արթուր Սարգսյանը նահատակվեց, երբ 20 տարեկան 11 օրական էր։ Ծնվել է 2000 թ. հոկտեմբերի 2-ին, Երեւանում։ Հիմնական կրթություն ստացել է Երեւանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում։ 2013-ից արդեն Ա. Մարգարյանի անվ. ավագ դպրոցի սան էր։ Հաճախում էր նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ զուգահեռ անգլերենի դասընթացների մասնակցելով Ամերիկյան համալսարանում։ Ավարտել է Տարաս Շեւչենկոյի անվ. թիվ 42 ավագ դպրոցը 2015-ին եւ ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ Նույն թվականին զորակոչվել է Հայոց բանակ՝ ծառայության անցնելով Արմավիրի ուսումնական զորամասում։ 6 ամիս անց տեղափոխվել է Արցախ։ 2020 թ. սեպտեմբերի 27-ից մարտադաշտում էր՝ Հադրութ, Մարտունու շրջանի Կարմիր շուկա եւ այլ վայրեր։ Հոկտեմբերի 13-ին Կարմիր շուկայի պաշտպանության մարտում անմահացավ Արթուրը։ Հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։

Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, հպարտությամբ է բարձրանում դպրոցի աստիճաններով, որտեղ իրենց հերոս զավակների անվան դասարան-սրբավայրը բացվեց։ Որդին եղել է գիտության ծարավ, եւ մայրը հավատում է՝ իր որդու եւ նրա ընկերների անվան դասասենյակում սերունդները կսովորեն նաեւ ոգեղեն դասեր, հայրենասիրություն։ 2016-ին Ալենն ու իր ընկերները ոգեկոչել էին Ապրիլյան քառօրյայի անմահ հերոսներին եւ նրանց սխրանքն աչքերի առաջ են մեկնել բանակ, մարտնչել թշնամու դեմ, հերոսացել։ Ծնվել է 1999 թ. Երեւանում։ 2005-2013 թթ. սովորել է Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում՝ զուգահեռ մասնակցել պարի, թատերական, լողի խմբակների։ Պարի ասպարեզում մասնակցել է միջազգային մրցույթների։ Գրել է մանկական պատմվածքներ, հեքիաթներ, որոնք բեմականացվել են Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում։ 2013-ին գերազանց ավարտել է հիմնական կրթությունը եւ ուսումը շարունակել թիվ 29 ավագ դպրոցում՝ ավարտելով կարմիր վկայականով։ «Tumo News (Teen) ստարտափի համահիմնադիրներից է։ 16 տարեկանից ընդգրկվել էր «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի կազմում։ Տարբեր աշխատանքների ընթացքում ստանձնել է չորս փաստագրական ֆիլմի ռեժիսորի դեր։ Դրանցից երկուսը՝ «Greens» եւ «Taraz» ֆիլմերը, նկարահանվել են Սմիթսոնյան ինստիտուտի համար՝ հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելու նպատակով։ 2016 թ. ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժին։ Գիտական եւ մշակութային փոխանակման ծրագրի շրջանակներում մեկնել է Լիտվայի կրթական գիտությունների համալսարան։ Երեւանի «Թումոյում» աշխատել է որպես «Ֆիլմերի ստեղծման» դասընթացավար՝ դասընթաց վարելով նաեւ Գյումրիի եւ Դիլիջանի «Թումո» կենտրոններում։ 2020 թ. կարմիր դիպլոմով ավարտել է բակալավրիատը եւ ընդունվել Բոստոնի համալսարան՝ «Սոցիալական աշխատանք եւ կրթության կառավարում» կրկնակի մագիստրոսական ծրագրով։ Սակայն առաջնային է համարել հայրենիքի պաշտպանությունը եւ մեկնել բանակ։ Կապի վաշտի զինվոր Ալեն Մարգարյանն ընդամենը մեկ ու կես ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Առաջին օրվանից Թալիշի եւ Մատաղիսի առաջնագծում զենք-զինամթերք, սնունդ է հասցրել զինվորներին։ Մատաղիսում մարտական առաջադրանքը կատարելիս նահատակվել է 2020 թ. սեպտեմբերի 30-ին։ 2021 թ. հունիսի 29-ին Արցախի նախագահի հրամանագրով Ալեն Մարգարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման եւ պարգեւատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով։ Արցախի հերոս Ալեն Մարգարյանի անվան լսարան կա Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Ընտանիքի եւ ընկերների նախաձեռնությամբ տպագրվել է «Բոլորիս Ալենը» գիրքը, որտեղ հավաքված են նրա ընկերների, մտերիմների, ուսանողների եւ դասախոսների հուշերը։ Ոգեշնչված Ալենի կերպարով՝ Արման Վարդանյանը գեղարվեստական գիրք է գրել՝ վերնագրելով այն «Ալեն Մոլորակը մեր մոլորակում»։ Հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ 2022 թ. հոկտեմբերի 1-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել «Դետեկտիվ Ալեն» ինտերակտիվ տիկնիկային ներկայացման պրեմիերան Ալեն Մարգարյանի հեքիաթների հիման վրա։ ՀՊՄՀ 100-ամյակի առթիվ Արցախի հերոսն արժանացել է նաեւ «Մանկավարժական համալսարան» ոսկե մեդալի։ Նրան նվիրված սեղանին ցուցադրված են նաեւ այլ պարգեւներ՝ «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» եւ այլն։

Այնուհետեւ դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ համերգային մաս։ Դպրոցի սաները ոգեկոչեցին նաեւ իրենց ավագ ընկերների հիշատակը։ Իր ելույթում գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասաց. «Եկել ենք հանդիպելու մեր շարունակությանը, որը, դժբախտաբար, այստեղ չէ։ Նա գնում է՝ կերտելու մեր նոր պատմությունը, որը երբեմն աղավաղվում է, բայց պահպանվում հենց այդ հավերժի ճամփորդների շնորհիվ։ Մեր զինվորների արի կամքի մասին գրվել է դեռեւս 100 տարի առաջ Ավետիս Ահարոնյանի կողմից, եւ մեկ դար հետո պատմությունը շարունակվում է, եւ կյանքը կրկնվում է գրեթե նույն կերպ, գրեթե նույն գույների մեջ… Եվ մնում է մի արժեք միայն՝ Մոսը, Ալենը, Նարեկը, Սամվելը, Արթուրը, ընկերները… Եվ նրանք են մնում, ինչի շնորհիվ կա այս երկիրը, կանք նաեւ մենք եւ շարունակելու ենք լինել։ Մեր խոնարհումն ենք բերում նրանց եւ ծնկի ենք գալիս նրանց առաջ, որ ապրենք նրանց հերոսության ազնիվ արյան, արտասավոր նվիրումի շնորհիվ։ Եվ գլխահակ ծնողները պիտի ունենան երկաթի զգացողություն։ Սիրելի ծնողներ, դուք միայն հպարտանալու իրավունք ունեք, եւ այն Այբուբենը, որ ներկայացվեց, արդեն 1600 տարվա պատմություն ունի, եւ որը դարեր շարունակ պահում է մեզ եւ կերտում է «Մոս ու Ընկերներ»…»։

Տեր Մխիթար քահանա Ահարոնյանը պատմեց իր նահատակ սաների մասին, դիմեց նրանց ծնողներին, հարազատներին. «Թանկագին հերոսածին մայրեր, այսօր այն օրերից մեկն է, որ մտովի տեղափոխվում եմ դասարանական կյանք։ Ես այս տղաներին դասավանդել եմ եւ նրանց մեջ տեսել արեւի լույս։ Մենք այս արեւներին տեսել ենք մանկուց, զրուցել ենք նրանց հետ, գիտելիք ենք ամբարել նրանց հոգիներում ու մտքերում։ Այս Արեւները կան այստեղ եւ մեր բոլորիս հոգիներում են։ Արեւները չեն խամրել, ուղղակի մարդկանց միտքն է խամրել։ Ամեն մի բարի լույսի օր արթնանում ես քնից ու քո ընտանիքի անդամներին ասում «Բարի լույս…»։ Ամեն «Բարի լույս»-ով այդ Արեւներն ապրում են մեզ հետ… Հավերժ փառք մեր Արեւներին, եւ Աստված նրանց հոգիները լուսավորի…»։

Թեգեր: Արցախդասարանդպրոցհերոսպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

«Կգա ժամանակ, երբ ինքնաթիռը կլինի առանց թեւերի…»

«Կգա ժամանակ, երբ ինքնաթիռը կլինի առանց թեւերի…»

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist