Արցախի Հանրապետության նախագահի առաջարկությամբ երեկ ԱՀ խորհրդարանը արտահերթ նիստ էր հրավիրել՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Մինչեւ օրակարգին անցնելը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման օրվա առիթով հրապարակել է ԱՀ ԱԺ առաջարկությունը. «Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, աշխարհի բոլոր պետություններին եւ նրանց խորհրդարաններին ԱՀ Ազգային ժողովն առաջարկում է՝ դատապարտել Ադրբեջանի ներկայիս սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի նկատմամբ եւ որակել այն որպես 21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն»: Պատգամավորները լռության րոպեով հարգել են բոլոր պետություններում ցեղասպանության ենթարկված անմեղ զոհերի հիշատակը:
Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց: Պատգամավորները քննության առան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նախօրեին արժանացել էր ԱԺ պաշտպանության, օրինապահպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը:
Օրինագիծը խորհրդարանականներին է ներկայացրել պաշտպանության նախարարի տեղակալ Սերգեյ Առստամյանը: Համաձայն նախագծի՝ առաջարկվում է գործող օրենքը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության օրենքի հետ՝ ապահովելով զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների եւ նրանց հավասարեցված անձանց իրավունքները եւ սոցիալական երաշխիքները՝ միաժամանակ պատշաճ կազմակերպելով զորակոչի գործընթացը: Հնչեցված հարցերի վերաբերյալ փոխնախարարը հանդես է եկել պարզաբանումներով:
Քննարկման արդյունքում խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել օրինագծին: