Թուրքիայի իշխող վերնախավը նախատեսում է հանդես գալ համընդհանուր ընտրությունների՝ ժամկետից շուտ անցկացման նախաձեռնությամբ։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները, ովքեր ներկայացնում են նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ենթադրում են, որ վաղաժամկետ քվեարկությունը 2023 թ. գարնանը հնարավորություն կտա գոնե մասամբ փոխհատուցել իշխանության վարկանիշի անկման շուրջ ստեղծված իրավիճակը եւ անակնկալի բերել ընդդիմության առաջնորդներին: Հասարակական կարծիքի հարցումները ցուցադրում են, որ ազգայնականների հետ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կոալիցիան սկսել է նկատելիորեն զիջել հակադիր ճամբարին։
Այն, որ Անկարան աշխատում է արտահերթ համընդհանուր ընտրությունների անցկացման պլանի վրա, «Ալ Քուդս ալ Արաբիին» հայտնել են «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած պաշտոնյաները: Նրանց խոսքերով՝ Էրդողանի կողմնակիցներն «Ազգայնական շարժում» գործընկեր կուսակցության հետ համակարգմամբ փորձում են հնարավորինս հարմար ժամանակ ընտրել՝ պայքարելու նախագահական աթոռի եւ պատգամավորական մանդատների համար։ Պաշտոնատար դեմքերը պնդում են, որ երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնց հավանությունը բավարար կլինի՝ նախաձեռնությունը Ազգային մեծ ժողովով անցկացնելու համար, առայժմ համակարծիք են, որ համեմատաբար հարմարավետ սցենարը քվեարկությունը 2023 թ. գարնանը, բայց ոչ սուրբ ռամադան ամսին (մարտի 22-ապրիլի 21) կազմակերպելն է:
Քաղաքական շրջանակները կարծում են, որ նախապես սահմանված ժամկետը` 2023 թ. հունիսը, պարտվողական է եւ կարող է ազդել ընտրողների մասնակցության վրա. դա Թուրքիայի քաղաքացիների ամառային արձակուրդների, երկրի ներսում ու արտասահմանում ճամփորդությունների ժամանակն է: Տեղի սոցիոլոգները պնդում են, որ յուրաքանչյուր ձայն կարեւոր դեր կունենա առաջիկա ընտրություններում։ Կարծիք կա, որ Էրդողանն անգամ երկրորդ փուլում չի կարողանա հաղթել։ Ժամկետների հնարավոր փոփոխությունը, ըստ հեղինակների մտադրության, կօգնի ապակողմնորոշել վեց ընդդիմադիր կուսակցությունների դաշինքին, որը մինչեւ հիմա չի հստակեցրել իր ռազմավարությունը եւ նախագահի միասնական թեկնածու չի առաջադրել, որը եւ կդառնա երկրի գործող ղեկավարի հիմնական հակառակորդը։
Կառավարության վարկանիշը տագնապալի անկում է ապրում, եւ թվում է, թե նոյեմբերին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը չի շրջել երկարաժամկետ այս միտումը։ «Ալ Մոնիտոր/Պրեմիսեի» հարցման արդյունքները, որոնք օրերս են հրապարակվել, ցույց են տալիս, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը շարունակում է մնալ ամենահայտնի ուժը. հարցվածների 28 տոկոսը, եթե ընտրությունները կայանային հենց վաղը, կքվեարկեր այդ ուժի օգտին: Երկրորդ տեղը 24 տոկոսով բաժին է հասել Ազգային մեծ ժողովի ամենամեծ ընդդիմադիր հարթակին՝ Ժողովրդահանրապետական կուսակցությանը: Այդուհանդերձ, ուժերի դասավորվածության մասին կարելի է դատել միայն դաշինքների պրիզմայով։ «Ալ Մոնիտոր/Պրեմիսեի» ուսումնասիրության համաձայն՝ իշխանությունների հակառակորդների՝ վեց կուսակցությունների դաշինքը չորս տոկոսային կետով առաջ է անցել «Արդարություն եւ զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների դաշինքից. առաջինն այսօր կստանար ընտրողների 36 տոկոսի, իսկ երկրորդը՝ 32 տոկոսի ձայները:
Թվում է, թե արտաքին քաղաքական մարտահրավերները, որոնց ընկալումը հասարակության շրջանում պետք է լարվածություն առաջացներ գոնե ստամբուլյան ահաբեկչության ժամանակ, եւ որը սկիզբ դրեց Սիրիայում եւ Իրաքում «Սուր-ճանկ» օդային գործողությանը, առաջվա պես վերջին հերթին է հուզում լսարանին: Ըստ «Ալ Մոնիտոր/Պրեմիսեի» ուսումնասիրության՝ արագ աճող արժեզրկումը եւ գների աճը առաջին պլան են մղվում որպես Էրդողանի վերընտրման ճանապարհը բարդացնող հիմնական երեւույթներ: Այսպես՝ հարցվածների 67 տոկոսը հայտարարել է, որ ժողովրդական տնտեսության մեջ առկա իրավիճակը ներկայացնում է այն առանցքային խնդիրը, որի հետ այսօր բախվում է երկիրը։ Դրան հաջորդում են Թուրքիայում փախստականների (10), արդարադատության համակարգի աշխատանքի (9) եւ գործազրկության (7 տոկոս) խնդիրները։
Թուրքական իշխանամետ փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ արտահերթ ընտրությունների անցկացումը հավանական տարբերակ է: Սակայն շատ բան կախված կլինի մի շարք հանգամանքներից. մինչեւ ընտրությունները Էրդողանը կպնդի ցամաքային գործողություն իրականացնել Սիրիայում, որովհետեւ Թուրքիայում դա սովորաբար միշտ օգնում է նախագահի վարկանիշին: Այդ դեպքում ազգայնականությունը կաճի, եւ ազգայնական ձայները բաժին կհասնեն Էրդողանին:
Կա եւս մեկ գործոն, որը պետք է նկատի ունենալ. Թուրքիայի ընդդիմադիր դաշինքում է «Լավ կուսակցությունը», որը ժամանակին դուրս է եկել «Ազգայնական շարժում» կուսակցությունից եւ իրեն քաղաքական համակարգում դրսեւորում է որպես ազգայնական երկրորդ կուսակցություն: Ամեն դեպքում՝ եթե սկսվի «Սուր–ճանկ» գործողության երկրորդ փուլը, բացառված չէ, որ «Լավ կուսակցությունը» սատարի Էրդողանին: Էրդողանի կողմնակից վերլուծաբանները վստահ են, որ այսպես հեռանկար կբացվի ընդդիմադիր բլոկում պառակտում մտցնելու համար: Ցամաքային գործողություններն Էրդողանին հնարավորություն կտան քրդամետ ժողովրդադեմոկրատական ուժերին որպես հրեշ ներկայացնել, մինչեւ այն աստիճան, որ դադարեն հարել ընդդիմադիր ճամբարին:
Էրդողանի նպատակն այն է, որ մարդիկ ավելի շատ խոսեն ոչ թե տնտեսական խնդիրների, այլ ազգային անվտանգության մասին։ Հարցումների համաձայն՝ իշխող կուսակցության վարկանիշի վրա ռազմական գործողությունների ազդեցության տեւողությունը 3-4 ամիս է։ Դրանից հետո միտումը նվազում է։ Դա նշանակում է, որ Էրդողանը ընտրություններից մի քանի ամիս առաջ կարող է գործողություն իրականացնել Սիրիայում:
Ընտրություններից առաջ Թուրքիան նոր թափ է հաղորդել արաբական աշխարհի հետ հաշտեցման գործընթացին՝ տնտեսական շահաբաժիններ ստանալու համար: Այդ գումարները, ինչպես նշում են թուրք տնտեսագետները, իրենց զգացնել կտան արդեն 2023 թ. գարնանը, ուստի այդ հանգամանքը նույնպես կարող է արտահերթ ընտրությունների անցկացման պատճառ լինել:
Թուրքիան վերջերս Ադրբեջանի հետ միասին զորավարժություններ անցկացրեց Իրանի հետ վերջինիս սահմանին: Այնպիսի տպավորություն էր, որ Անկարան ու Բաքուն «Եղբայրական բռունցք» անվանումը ստացած համատեղ զորավարժություններն անում են ի պատասխան Ադրբեջանի սահմանին Իրանի անցկացրած վերջին զորավարժությունների: Սակայն Հունաստանում կարծում են, որ թուրքերն ու ադրբեջանցիները տարբերակներ են մշակում Աթենքի դեմ հնարավոր ռազմական գործողությունների համար: Հունական կողմի կարծիքով՝ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են աչք տնկել Էգեյան ծովի վիճելի տարածքների վրա, ինչի ապացույցը այն է, որ զորավարժությունների ընթացքում մշակվել է ծովից կղզու տարածք զորք նստեցնելու հնարավորությունը: Նաեւ մշակվել է ջրային խոչընդոտների հաղթահարումը: Աթենքում վստահ են, որ եթե զորավարժությունները ցամաքային բնույթ ունենային, այդ բաղադրիչի մշակումն անիմաստ կլիներ:
Այդ դեպքում մեկ այլ հարց է առաջանում, թե ինչու է Անկարան Իրանի հետ սահմանին մշակում Հունաստանի վրա հարձակվելու տարբերակները: Չէ՞ որ ցանկացած ռազմական գործողության ժամանակ կարեւոր դեր են կատարում տեղանքային առաձնահատկությունները: Բացառված չէ, որ Էրդողանը ոչ մի ռազմագործողության մասին էլ չի մտածում: Ընտրությունների նախօրեին նրան աղմուկ էր անհրաժեշտ, ինչն ապահովվեց, եւ պարտադիր չէ հարձակվել, երբ չգիտես, թե ինչ ավարտ կունենա հարձակումդ: Ավելին՝ թե իրանա-հայկական եւ թե հունական երկու ուղղություններում Էրդողանը կարող է պարտություն կրել, ինչը կզրոյացնի ընտրություններում նրա հաղթելու հավանականությունը: Թուրքիայի նախագահը արկածախնդրության չի դիմի: Այն, որ միասնական Արեւմուտքը շահագրգռված է Էրդողանի կուսակցության պարտությամբ եւ Անկարայի ագրեսիվ հարձակումների դեպքում կարող է սատարել նրա հակառակորդներին, Թուրքիայի առաջնորդին կստիպի ռազմագործողության իմիտացիան վեր դասել իրական ներխուժումներից: Իսկ այդ իմիտացիան օդ ու ջրի պես անհրաժեշտ է ընտրությունների, այլ ոչ թե ազգային անվտանգության խնդիրների լուծման համար:
Բայց եթե Թուրքիան, այնուամենայնիվ, որոշի հարձակվել, նրան պատժելու լավագույն միջոցը կլինի գործողության իրականացումը հենց նրա տարածքում: Անկախ արդյունքից՝ նման օպերացիան կարագացնի արժեզրկման տեմպերը երկրում եւ կհանգեցնի ընտրություններում Էրդողանի պարտությանը: Հաշվի առնելով այն, թե այդ գործիչը որքան թշնամիներ ունի Արեւմուտքում ու երկրի ներսում, իրադարձությունների նման ընթացքն ամենեւին էլ անտրամաբանական չի թվում: