Մի խումբ ադրբեջանցիներ` իբր թե «բնապահպանակներ», իբր թե «բնապահպանական» պատճառաբանություններով դեկտեմբերի 12-ից կրկին փակել էին Ստեփանակերտ-Գորիս՝ Արցախ-Հայաստան մայրուղու Շուշի-Քարինտակ հատվածը՝ այդպիսով կրկին շրջափակելով Արցախը: Այս անգամ նրանք անգամ վրան են տեղադրել ու իրենք էլ տեղակայվել ներսում:
Ակնհայտ է, որ, ինչպես բազմիցս նշվեց վերջին օրերին ու տարբեր մակարդակներով, խնդիրը բնավ էլ բնապահպանական չէ, եւ ադրբեջանցիների մեջ հաստատ ոչ մի նորահայտ Գրետա Թունբերգ էլ չկա: Ադրբեջանը ձգտում է իրացնել հայասպանության իր քաղաքականությունը տարբեր մեթոդներով, այս անգամ՝ Արցախում, այնուհետեւ… Այնուհետեւ -ը հնարավոր է, եթե միջազգային մակարդակով Ադրբեջանի դաստիարակություն չլինի, ընդ որում՝ ամենակոշտ միջոցներով:
Ադրբեջանցի «բնապահպանների» «ներկայությունը» մի հին ու չարչրկված անեկդոտ է հիշեցնում: Խորհրդային Միությունում նկարիչների մրցույթ է հայտարարվում «Լենինը Լեհաստանում» խորագրով: Ժյուրիի անդամները դիտում են ներկայացված նկարները եւ դրանցից մեկի մոտ երկար կանգ առնում: Նկարում պատկերված է լինում վրան, որից երեւում են չորս ոտքեր՝ երկու կանացի եւ երկու տղամարդու: «Սա ո՞վ է»,- հարցնում է ժյուրիի անդամներից մեկը՝ ցույց տալով կանացի ոտքերը: «Նադեժդա Կոնստանտինովնան (Կրուպսկայան՝ 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխության, այնուհետեւ՝ ԽՄ առաջնորդ Վլադիմիր Լենինի կինը): «Իսկ մյո՞ւսը»,- շարունակվում է հարցադրումը: «Ֆելիքս Էդմունդովիչը (Ձերժինսկին՝ Խորհրդային Միությունում ձեւավորված պետանվտանգության առաջին երկու կառույցների՝ ՉԵԿԱ-ի եւ ՆԿԳԲ-ի ղեկավարը, որը, ըստ լուրերի, եղել է Կրուպսկայայի սիրեկանը): «Իսկ որտե՞ղ է Լենինը»,- հնչում է ճակատագրական հարցը: «Լենինը Լեհաստանում է»,- այս պատասխանով էլ կանխորոշվում է մրցույթի արդյունքը. հենց այդ նկարն էլ հաղթող է ճանաչվում:
Հիմա դառնանք, ինչպես ասում են, մեր ոչխարներին՝ այդ բառի ուղղակի եւ անուղղակի իմաստներով: Ադրբեջանցիները վրան են տեղադրել ու կույտավորվել ներսում՝ «բնապահպանական» հարցադրմամբ: Վրանի ներսում եւ դրսում զինվորականներ են՝ ներկա զինվորական, նախկին զինվորական, հատուկ ծառայությունների աշխատակիցներ՝ քողարկված ու բացահայտ: Եվ ծագում է նույն հարցը՝ իսկ որտե՞ղ է Լենինը, ներողություն՝ «բնապահպանները»…
Ժյուրին՝ միջազգային հանրությունը, պետք է, նաեւ այս հարցի պատասխանը գտնելով, ի վերջո, հասկանա, որ ադրբեջանական իրական նպատակները, որոնք, ինչպես վերը նշեցի, որեւէ կապ չունեն բնապահպանության հետ, ուղղակիորեն կապ ունեն հայկական Արցախը հայաթափելու, ազգությամբ հայերին ոչնչացնելու՝ Ադրբեջանի անթաքույց նպատակների հետ: Այլեւս ժամկետանց են հորդորակ-հայտարարությունները, անտեղի՝ հավասարության նշանները, անարդյունք՝ տեսական գործողությունները: Վաղուց արդեն իրական քայլերի, իրատեսական միջոցառումների եւ հաստատակամության ժամանակն է, կամակորին սանձահարելու ժամանակը:
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ