«Եւ ամեն ստեղծուած, որ երկնքումն է, եւ երկրի վերայ, եւ երկրի տակ, եւ ծովումը. եւ նորանք ամենը որ նորա մէջ են, լսեցի որ ասում էին. Աթոռի վերայ նստողին եւ Գառին լինի օրհնութիւնը, եւ փառքը, եւ կարողութիւնը յաւիտեանս յաւիտենից։ Եւ չորս կենդանիներն ասում էին՝ Ամէն. եւ քսանեւչորս երէցները ընկան եւ երկրպագութիւն արին նորան, որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից»։ Հայտնություն 5։13-14
«Ամեն»-ը յուրահատուկ արքայական կնիք է խոսքից կամ աղոթքից հետո։ Եթե մեկին ցանկանում ենք օրհնության խոսքեր ասել կամ բարի մաղթանքներ հղել, վերջում, որպես վավերացում, ասում ենք՝ «Ամեն»։ Այս խոսքը կարելի է լիարժեքորեն ներմուծել մեր լեզվամշակույթի մեջ եւ դրանով ամրապնդել այն ամենը, ինչ համարում ենք, որ բխում է Աստծո կամքից, Աստծո խոսքից։
«Ամեն»-ը հնչում է յոթ կնիքներից յուրաքանչյուրը բացելուց հետո։ «Ամեն»-ը ճիշտն է, ճշմարիտն է։ Պատահական չէ, որ Տերունական աղոթքի վերջում, երբ ասում ենք Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն սրբո, արտաբերում ենք «Ամեն»։
Ճշմարիտ մարդու աչքերը կտեսնեն բավականաչափ ոչ ակնահաճո բաներ. «Միայն քո աչքերովը կնայիս եւ ամբարիշտների հատուցումը կտեսնես»։ Սաղմոս 91։8
Արդարներն ապրում են սպասումներով։ Նա լսում է, բայց չի տեսնում. աչքերի ու ականջների միջեւ մի ափ տարածություն է, սակայն սպասումների մեջ անցնում է մի ամբողջ կյանք։ Եվ գալիս է այն պահը, երբ Տերն ասում է՝ ե՛կ եւ տե՛ս։ Հայտնության գրքի վեցերորդ գլխում այս արտահայտությունը կրկնվում է բազմաթիվ անգամ։
Տերն այս գլխից սկսում է բացել յոթ կնիքները, եւ յուրաքանչյուր կնիքը բացելուց ասվում է՝ ե՛կ եւ տե՛ս. «Եւ տեսայ երբոր Գառը այն կնիքներից մէկը բացաւ, եւ այն չորս կենդանիների մէկիցը լսեցի, որ որոտմունքի ձայնի պէս ասում էր. Եկ եւ տես»։ Հայտնություն 6։1
Սա նշանակում է, որ եթե նախկինում լսելու ժամանակն էր, ապա այժմ հասել է տեսնելո՛ւ ժամանակը՝ ե՛կ եւ տե՛ս. այսինքն աչքի եւ ականջի միջեւ տարածությունը վերացավ։ Այս մասին ասվում է նաեւ Սաղմոսաց գրքում. «Ինչպէս որ լսեցինք, այնպէս էլ տեսանք Զօրաց Տիրոջք քաղաքումը՝ մեր Աստուծոյ քաղաքումը. Աստուած հաստատում է նորան մինչեւ յաւիտեան»։ Սաղմոս 48։8
Ճշմարտությունը լսողության շրջանից տեղափոխվում է տեսողության շրջան. «Եւ տեսայ, եւ ահա մի սպիտակ ձի, եւ նորա վերայ նստողը մի աղեղ ունէր. եւ մի պսակ տրուեցաւ նորան, եւ նա դուրս եկաւ յաղթելով եւ յաղթելու համար»։ Հայտնություն 6։2
Հայտնության գրքում կա չորս ձիավոր, նրանցից միայն առաջինն է, որ սպիտակ ձիու վրա է եւ եկավ հաղթելով ու հաղթելու համար։ Հաջորդ ձիավորները աղետաբեր ձիավորներ են. ենթադրելի է, որ առաջին ձիավորն ասոցացվում է Տիրոջ հետ։ Որոշ աստվածաբանների մեկնաբանությամբ՝ սպիտակ ձին խորհրդանշում է հաղթանակը հեթանոսության նկատմամբ, որովհետեւ հեթանոսությունը մշուշ է ու խավար։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ