Երկու տարվա ընթացքում, մարտի 23-ին, Իսրայելում տեղի են ունեցել խորհրդարանական 4-րդ ընտրությունները, որոնք պետք է երկիրը դուրս բերեին քաղաքական երկամյա փակուղուց: Ընտրությունների արդյունքում 13 տարբեր կուսակցություններ կարողացել են հատել անցումային շեմը եւ ընդգրկվել խորհրդարանի կազմում: Թեեւ վարչապետ Բենիամին Նաթանյահուն, արտաքին ու ներքին քաղաքականության ոլորտներում լուրջ հաջողություններ արձանագրելով, այդ թվում՝ համավարակի դեմ արդյունավետ պայքար ծավալելով եւ արաբական 4 երկրի հետ դիվանագիտական փոխհարաբերություններ հաստատելով, հույս ուներ, որ այս անգամ իր գլխավորած ծայրահեղ աջ «Լիկուտ» կուսակցությունը որոշիչ հաջողություններ կարձանագրի, դա տեղի չունեցավ:
Ընտրությունների արդյունքում վերջինս Իսրայելի 120 անդամ ունեցող Քնեսետում 30 ձայնով առաջին տեղը զբաղեցնելով՝ իր ավանդական դաշնակից, աջ ծայրահեղական ՇԱՍ կուսակցության հետ 52 ձայն ունի, այնինչ կառավարություն կազմելու համար հարկավոր է 61 ձայն: Բնականաբար, երկրի նախագահ Ռուվեն Ռիվլինը կրկին Նաթանյահուին էր հանձնարարել ձեւավորելու նոր կառավարություն, ինչի համար օրենքը նախատեսում է 28+14 օր: Սակայն Նաթանյահուին դա չհաջողվեց: Ուստի կառավարության ձեւավորման գործը հանձնարարվեց ընդդիմադիր ուժերին, այն է՝ 17 ձայնով երկրորդ տեղն զբաղեցրած լիբերալիստական «Յեշ Ատիդ» (Ապագա կա) կուսակցության առաջնորդ Յաիր Լապիտին: Վերջինիս հաջողվել է, մեկտեղելով 8 կուսակցություն ու դաշինք, ձեւավորել «փոփոխությունների կառավարություն»: Բայց, ըստ երեւույթին, դա շատ փխրուն է՝ հաշվի առնելով նրանց գաղափարախոսությունների խիստ հակասականությունը եւ «Լիկուտի» ու Նաթանյահուի բուռն ջանքերը՝ այն փլուզելու ուղղությամբ: Նշենք, որ 7 ձայնով Նաֆտալի Բեննեթի գլխավորած «Հրեական տուն» ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը կողմնակից է գրավյալ տարածքներից արաբներին հեռացնելու միջոցով բնակարանաշինությանը եւ Հորդանանի արեւմտյան ափն Իսրայելին միացնելուն: Բացի այդ, նա հայտարարել էր, թե երբեք Իսրայելի արաբների իսլամամետ կուսակցության հետ կոալիցիա չի կազմի: Իսկ այժմ շեշտել է, որ այդ քայլին գնացել է Նաթանյահուին իշխանությունից հեռացնելու նպատակով: Մինչդեռ «Միացյալ արաբների ցուցակ» իսլամամետ դաշինքը դեմ է Արեւելյան Երուսաղեմում եւ պաղեստինյան այլ տարածքներում բնակարանաշինությանը: Հատկանշական է, որ Իսրայելի պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ արաբական քաղաքական մի կազմակերպություն՝ իր 4 հույժ կարեւոր ձայնով, անդամակցում է կառավարությանը: Իսրայելի աջակողմյան կուսակցությունները խիստ զայրացած են Բենեթի այդ որոշման առնչությամբ, նրա հասցեին հնչեցվում են սպառնալիքներ: Նաթանյահուն նոր կառավարության ձեւավորումը գնահատել է որպես «դարի խաբեություն» եւ «անվտանգության սպառնալիք»:
Խորհրդարանի խոսնակ, «Լիկուտի» անդամ Յարյու Լեւինը կոալիցիայի ղեկավարներ Լապիդից ու Բենեթից պահաջել էր Քնեսետին ներկայացնել կոալիցիայի համաձայնության փաստաթուղթը: Հատկանշական է, որ կոալիցիայի կողմնակիցները մտահոգություն են հայտնել խոսնակի՝ «Լիկուտի» անդամ լինելու առնչությամբ՝ նշելով, որ կառավարության կազմի հաստատման հարցում նա կարող է խոչընդոտներ հարուցել, ինչն անհիմն չէ, եթե հաշվի առնենք, որ Նաթանյահուն նման կոչով դիմել է խորհրդարանին: Նույնիսկ բացառված չէ, որ Արեւելյան Երուսաղեմի դեպքերը, մասնավորապես՝ արաբներին իրենց տներից հեռացնելը, ինչը նաեւ Համասի ու Իսրայելի միջեւ 11-օրյա պատերազմի պատճառ դարձավ, հենց նման կոալիցիայի ձեւավորումը խոչընդոտելու նպատակ էր հետապնդել: Ահավասիկ, 11-օրյա պատերազմի ընթացքում արաբական նշյալ դաշինքի ղեկավար Մանսուր Աբբասը դադարեցրել էր կոալիցիային միանալու բանակցությունները: Նշենք նաեւ, որ նախագահ Ռիվլինը եւ Լապիտը խոսնակին կոչ են արել գործել՝ զերծ մնալով կուսակցական պատկանելությունից ու ըստ օրենքի: Բացի այդ, խորհրդարանի 60 անդամ, դիմելով նախագահություն, պահանջել են ընտրել նոր խոսնակ՝ կոալիցիայի անդամ կուսակցությունների պատգամավորներից, ինչը, թերեւս, լուրջ հարված կլինի Նաթանյահուին: Ըստ հունիսի 7-ին հրապարակված՝ 30 կետից կազմված կոալիցիայի համաձայնության փաստաթղթի՝ ղեկավարները պատրաստվում են օրինագիծ ներկայացնել Քնեսետ՝ վարչապետի կառավարման ժամկետը դարձնելու 8 տարի, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը մեկ ժամկետով լինի երկրի վարչապետ: Փաստաթղթում շարադրված են 8 կուսակցությունների մասնակցության չափը եւ իշխանությունից ստանալիքը: Կառավարությունն ունենալու է 28 նախարար եւ 6 փոխնախարար, իսկ անվտանգության կառավարությունը՝ 12 անդամ:
Մանսուր Աբբասը, որ ստորագրել է կոալիցիոն համաձայնությունը, ինչպես գնահատվում է, պատմական այդ համաձայնությունը ստորագրողը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամ է: Նա կոալիցիային միանալը պատճառաբանել է Իսրայելում բնակչության 21 տոկոսը կազմող արաբների վիճակը բարելավելու, իշխանությունների անտարբերությունն ու խտրական վերաբերմունքը փոխելու նպատակով: Համաձայնությունն ստորագրելուց հետո նա հայտարարել է, որ ինքն ու իրեն սատարող ուժերը կառավարության մեջ մտնելով՝ ձգտում են փոփոխություն առաջացնել քաղաքական ուժերի հավասարակշռության մեջ: Աբբասը նշել է, թե այդ որոշումով է, որ կառավարությունը 16 միլիարդ դոլար է հատկացնելու Իսրայելի արաբաբնակ քաղաքների ու շրջանների ենթակառուցվածքների վերակառուցման, ծայրահեղականության դեմ պայքարի համար:
Արաբ վերլուծաբանները, նշելով, որ քանի դեռ Գազայի գոտին շրջափակման մեջ է, իսկ Արեւմտյան ափը՝ գրավված, Աբբասի այդ քայլն անըմբռնելի է ու չարդարացված: Քնեսետում արաբ պատգամավոր Սամի Աբու Շահադեն եւս ծայրահեղ աջ կառավարությանն անդամակցելը համարել է պատեհապաշտություն, անհասկանալի եւ դավաճանություն 1948 թ. արաբների նպատակներին, ինչը նշանակում է հավանություն տալ աջ ծայրահեղականների ծրագրերին: Մինչդեռ Իսրայելի Ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուդենցկին իսլամամետների կառավարությանն անդամակցելը գնահատել է որպես ռազմավարական քայլ, որին արաբները սպասել են 70 տարի: