Առակ (առ ակն՝ աչքի առաջ)՝ բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն, որում այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում եւ քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։
Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսեւորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական եւ բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ եւ այլն։ Անտիկ շրջանում եւ միջնադարում առակներն արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին գրվել չափածո։ Առակի վարպետներ են Եզոպոսը, Ֆեդրոսը, Ժան դը Լաֆոնտենը, Իվան Կռիլովը, հայ հեղինակներից՝ Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, Խնկո Ապերը։
Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից եւ բարոյախոսությունից։ Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության հոռի եւ բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում եւ խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը եւ, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։ Հնում «առակ» բառը նշանակել է նաեւ խրատ, իմաստություն։ Այդպիսիք են Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակները, որոնք մեծ ազդեցություն են թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա։ Առակների առաջին հայտնի հեղինակը հույն Եզոպոսն է։ Առակներով հարուստ է նաեւ հին հնդկական գրականությունը։ Արեւելյան ժողովուրդների մեջ տարածված են եղել Խիկար Իմաստունի եւ Մոլլա Նասրեդինի առակները։ Հայ գրականության մեջ առակագրությունն սկզբնավորվել է թարգմանությունների միջոցով. դրանք ամփոփվել են «Բարվախոս» («Բարոյախոս») եւ «Ոլիմպիանի (Ողոմպիանի) առակները» ժողովածուներում, որոնք հունարենից թարգմանվել են 5-6-րդ դարերում, այլ տվյալով՝ 7-րդ դարում։ 11-13-րդ դարերում ձեւավորվել է հայ ինքնուրույն առակագրությունը։ Մեծ ժողովրդականություն են վայելել Մխիթար Գոշի եւ Վարդան Այգեկցու առակները։ Վարդան Այգեկցու անունով պահպանվել են առակների ժողովածուներ, որոնցից ամենահայտնին «Աղվեսագիրքն» է: