Հայաստանի եւ Արցախի համար դժվարին այս օրերին Ֆրանսիան անում է այն, ինչ պետք է աներ բարեկամ երկիրը: Այդ հարցում Փարիզը գործում է այն հնարավորությունների շրջանակներում, ինչը գծված է մի շարք առարկայական գործոններով, որոնք այնքան էլ քիչ չեն: Հատկանշականն այն է, որ հանուն հայկական պետությունների Ֆրանսիան չի խորշում փչացնել հարաբերություններն Ադրբեջանի, հետեւաբար՝ նաեւ Թուրքիայի հետ: Եվրոպայում ծառացած էներգետիկ ճգնաժամի պայմաններում այս երկրի խորհրդարանը նախորդ շաբաթ արգելանք դրեց ադրբեջանական նավթի եւ գազի ներմուծման վրա:
Ֆրանսիայի նախաձեռնությամբ են ԵՄ դիտորդները կարճ ժամանակահատվածում հասել ՀՀ-Ադրբեջան սահմանային գոտի, իսկ դեկտեմբերի 16-ին հայկական կողմից մոտեցել Բերձորի միջանցքին՝ դիտարկումներ անելու համար: Վերջին դեպքում լիովին օրինաչափ էր ՌԴ խաղաղապահների հանգիստ արձագանքն այդ քայլին, քանի որ, ըստ էության, երկու կողմն էլ նույն առաքելությունն են կատարում տարածաշրջանում, այն է՝ կայունության ապահովումը սահմաններին եւ շփման գծերում:
Ֆրանսիան՝ ի տարբերություն մյուս միջնորդ բարեկամ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Իրանի եւ Վրաստանի, կաշկանդված չէ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու անհրաժեշտության խնդրով: Ստեղծված իրավիճակում նա չի խորշում նույնիսկ կորցնել միջնորդի առաքելությունը՝ առաջնային համարելով մարդու իրավունքները եւ հումանիտար արժեքները, այս դեպքում՝ կանգնելով հայ ժողովրդի կողքին:
Փարիզի ակտիվացումը պետք է, իհարկե, դիտարկել նաեւ ուկրաինական ճգնաժամի ֆոնին ձեւավորված աշխարհաքաղաքական գոծոնով, բայց ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է արձանագրել, որ այս երկիրը միշտ էլ եղել է հայ ժողովրդի կողքին: 30 տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո միջնորդի չեզոք կարգավիճակում Ֆրանսիան փորձում էր նպաստել արցախյան հիմնահարցի կարգավորմանը, բայց 44-օրյա պատերազմից հետո ակնբախ էր, որ Ադրբեջանն իրականում երբեք էլ չէր ցանկանում արցախյան հարցը խաղաղ եղանակով կարգավորել, այլ ժամանակ էր շահում սպառազինվելու եւ ագրեսիա սկսելու համար, իսկ դրանից հետո էլ հայտարարեց, թե Մինսկի խումբն անելիք չունի: Բաքվի այս կեցվածքը Փարիզին ստիպեց արդեն իրերն իրենց անուններով կոչել եւ հանուն միջնորդի կարգավիճակի չեզեքության դիրքերից աչք չփակել Ադրբեջանի աննախադեպ ագրեսիաների, անօրինությունների եւ բռնությունների առաջ:
Ադրբեջանն իր վարքով արդեն ոչ միան Ֆրանսիային, այլեւ ԱՄՆ-ին ստիպում է հրաժարվել միջնորդի չեզոք կեցվածքից: Մեծ ցանկության դեպքում էլ վերջիններս չեն կարողանում աչք փակել Բաքվից իրականացվող ագրեսիայի եւ ապակառուցողական քայլերի առաջ: Քաղաքացիական հագուստով ադրբեջանական ուժային կառույցների ներկայացուցիչների միջոցով Բերձորի միջանցքի փակումն արդեն չի կարող դիտարկվել որպես քաղաքացիական ակտ, այն լրիվ տեղավորվում է ռազմականի համատեքստում, քանի որ մի ողջ ժողովուրդ լիակատար շրջափակման մեջ է հայտնվել: Միաժամանակ Ադրբեջանը դրանով խախտում է 2020 թ. նոյեմբրի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական պահանջը՝ չխոչընդոտել Արցախի ժողովրդի կապն արտաքին աշխարհի հետ:
Վերեւում շարադրվածի համատեքստում լիովին օրինաչափ էր, որ հենց Ֆրանսիայի նախաձեռնությամբ Արցախը շրջափակելու հարցով հրավիրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ: Այն փակ ձեւաչափով է անցկացվել: ՄԱԿ-ն իր կանոնադրությամբ պարտավորված է մեխանիզմներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե վերջինս չդադարեցնի իր ակնհայտ ռազմական գործողությունն Արցախի ժողովրդի դեմ: Այստեղ բարեկամ Ֆրանսիան օգտագործում է ունեցած հնարավոր բոլոր միջոցները՝ արցախահայությանը հումանիտար աղետից զերծ պահելու եւ հերթական ցեղասպանական գործողությունները կանխարգելելու ուղղությամբ:
Չնայած Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ շարունակում է կատարել իր միջնորդական առաքելությունը հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ, բայց բոլորի համար այլեւս ակնհայտ է, որ Բաքուն մերժում է իր առավելապաշտական նկրտումները չբավարարող բոլոր առաջարկներն ու միջնորդությունները, ինչը խոչընդոտում է բանակցային գործընթացում էական դրական տեղաշարժեր ապահովելուն, իսկ միջնորդ պետություններին ստիպում է օգտագործել կարգավորման այլ գործիքակազմ՝ վտանգելով միջնորդի սեփական կարգավիճակը: