Իրանը շարունակում է համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ նրա տեխնիկական խմբերին թույլատրելով այցելել թեհրանյան օբյեկտներ՝ չլուծված հարցերի պատասխանները տալու եւ, ի վերջո, դրանք լուծելու համար: ՄԱԳԱՏԷ-ի կառավարման խորհրդի բանաձեւի ընդունումից մեկ ամիս անց գործակալության տեսուչներն ուղեւորվել են Իրան՝ հետազոտելու Իսլամական Հանրապետության միջուկային գործունեության մասին բանաձեւում հնչեցված հարցերը:
Ավելի վաղ Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Էսլամին հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական խումբը շուտով կայցելի Թեհրան, որպեսզի օգնի՝ չեզոքացնելու առկա խոչընդոտները եւ «առաջընթաց քայլ կատարելու»՝ երաշխիքների հետ կապված մնացած հարցերը լուծելու համար: Իսկ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչը, իր հերթին, նշել էր, որ գործակալության տեխնիկական խումբը դեկտեմբերի 18-ին երկրի իշխանությունների պաշտոնական հրավերով կայցելի Իրան:
Իսլամական Հանրապետության եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ համագործակցության բարձր մակարդակը նշվել է գործակալության կողմից հրապարակված բոլոր զեկույցներում։ Սակայն այդ դրական ուղերձները աստիճանաբար մարել են «գործակալության վրա սիոնիստական ռեժիմի ազդեցության» պատճառով։ ՄԱԳԱՏԷ-ն Իրանին մեղադրում է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։
ՄԱԳԱՏԷ-ի կառավարման խորհրդի նոր մեղադրանքն այն է, որ Իրանի որոշ չհայտարարված վայրերում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել։ Գործակալության նշած օբյեկտները հենց նրանք են, որոնք 2018 թ. հրապարակել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, այդ թվում՝ Թորգուզաբադը, Շիանը եւ Մարիվանը։ Իրանական իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ այդ վայրերում միջուկային գործունեություն չի իրականացվել։ Իրանը նաեւ բազմիցս հայտարարել է, որ երբեք ուրանի հարստացման գաղտնի ծրագրեր չի վարել։
ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական խմբի այցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները շարունակում են մեղադրել Իրանին կազմակերպության հետ համագործակցությունից հրաժարվելու մեջ։ Սակայն այն փաստը, որ ուղեւորությունն արտոնվել է Իրանի կողմից, վկայում է ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի պրակտիկ համագործակցության մասին։
Իրանը բարձրացրել է ուրանի հարստացման մակարդակը՝ հասցնելով այն իր միջուկային արդյունաբերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին։ Մուհամեդ Էսլամին հայտարարել է. «Այսօր Իրանի ուրանի հարստացման կարողությունները հասել են երկրի միջուկային արդյունաբերության պատմության մեջ ամենաբարձր մակարդակին՝ ավելի քան կրկնապատկելով նախորդ մակարդակը»: Բայց այն փաստը, որ ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական խմբի այցը տեղի է ունենում Իրանի պաշտոնական հրավերով, վկայում է այն մասին, որ այդ երկիրը ցանկանում է վերջ տալ «Միջուկային գործարքի» վերականգնման հետ կապված դժվարություններին ու նորմալ հարաբերություններ հաստատել թե Եվրոպայի, թե ԱՄՆ-ի հետ: Հասկանալի է՝ Ռուսաստանը ցանկանում է եւ գուցե նաեւ կնպաստի, որպեսզի Իրանի ու միասնական Արեւմուտքի միջեւ խնդիրները շարունակվեն ու նույնիսկ խորանան՝ նկատի առնելով, որ Մոսկվան ու Եվրոպան այժմ լիարժեք տարանջատված են՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ: Արեւմուտքի հետ առճակատումն Իրանին ավտոմատ կերպով դարձնում է ՌԴ-ի գործընկերներից մեկը, եւ արեւմտյան ցանկացած քայլ, որը միտված կլինի հարաբերությունների վեականգնմանը, Մոսկվայի կողմից կարող է դիտվել որպես Ռուսաստանի ու Իրանի միջեւ սեպ խրելու փորձ: Իրանը հակամարտող մեծ տերությունների կենտրոնում է այժմ, եւ այսօրվա միջազգային քաղաքական իրավիճակի պայմաններում նրա համար կարեւոր է թույլ չտալ, որ իր վրա ճնշում գործադրվի: Իսկ դրան ձգտում են միջազգային ասպարեզում Իրանի հակառակորդները: Բնական է նաեւ վաղուց Արեւմուտքի պատժամիջոցների տակ հայտնված Իրանի ձգտումը դեպի Ռուսաստան, որը, սակայն, չի վերանայում իր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները: Դաշնակցելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ակտիվացնելով հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ՝ Մոսկվային դժվար կլինի համոզել Թեհրանին, որ երկկողմ շահերն իրենց թելադրում են մնալ միեւնույն հարթության մեջ: Այստեղ, ընդհակառակը, երկկողմ շահերը տանում են դեպի հակադիր բեւեռներ, մանավանդ եթե Ռուսաստանը որոշի բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ, ինչի նախադրյալներն արդեն կան:
Կիեւում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկին «Washington Post»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հրեական պետության կապերն անվտանգային առումով ավելի կարեւոր են, քան Ուկրաինայի հետաքրքրությունները: Դեսպանը նշել է, որ Ուկրաինայում բնակվող որոշ հրեաներ դժգոհ են ուկրաինական հակամարտության հարցում Իսրայելի որդեգրած դիրքորոշումից, սակայն անվտանգության ոլորտում ՌԴ-ի հետ կապերը ստեղծում են սահմանափակումներ, որոնք հնարավոր չէ հաղթահարել: Մասնավորապես՝ Կրեմլը իսրայելական ինքնաթիռներին թույլատրում է հարվածներ հասցնել Ռուսաստանի կողմից վերահսկվող Սիրիայի օդային տարածքում իրանական զենքի մատակարարման երթուղիներին: Թել Ավիվը դա ծայրահեղ կարեւոր է համարում իր ազգային պաշտպանության համար:
«Իսրայելի ոչ մի կառավարություն չի վտանգի իր շահերը հանուն ինչ-որ մեկի, այդ թվում՝ ուկրաինացիների»,- Բրոդսկու խոսքերը մեջբերել է «Washington Post»-ը: Նա «փխրուն» է անվանել իրավիճակը, որում հայտնվել է Իսրայելը: Որովհետեւ, ըստ նրա, ի տարբերություն ԱՄՆ-ի ու Եվրոպայի, Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ:
Թերթի տեղեկություններով՝ Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենետը զգուշացրել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն բացասական հետեւանքների մասին, եթե Կիեւը փորձի ճնշում գործադրել իր վրա: Ինքը՝ Զելենսկին, դժգոհել է Իսրայելի դիրքորոշումից: Մինչեւ այդ հրեական պետության պաշտպանության նախարար Բենի Գանցն իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովին ասել է, որ Թել Ավիվը գործառնական սահմանափակումներ ունի, որոնց պատճառով չի կարողանում Ուկրաինային զենք մատակարարել:
Հայտնի է, որ ԱՄՆ-ի իշխանությունները դիմել են իրենց բոլոր դաշնակիցներին, այդ թվում՝ Իսրայելին, խնդրանքով՝ աջակցելու Ուկրաինային: Մասնավորապես՝ ռազմական օգնություն ցուցաբերել, ինչպես նաեւ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Ի սկզբանե Թել Ավիվից շատ բան չէր էլ ակնկալվում, ինչպես նշել են ամերիկյան վարչակազմի մի շարք աշխատակիցներ: Սակայն Վաշինգտոնում հիասթափված են Իսրայելի վերջնական դիրքորոշումից:
Եվ ահա հայտնի է դարձել, որ Իսրայելի իշխանությունները մտադիր են կանխել Սիրիայի ու Իրանի միջեւ օդային հաղորդակցության լիարժեք վերականգնումը, քանի որ այս երթուղին, նրանց կարծիքով, օգտագործվում է զենքի տեղափոխման համար: Կիսապաշտոնական զրույցներում հրեական պետության ներկայացուցիչները նշում են, որ տարբերակներ են ուսումնասիրում: Քննարկվում է նաեւ սիրիական օդանավակայաններին հարվածներ հասցնելու հնարավորության հարցը: Ի դեպ, այս տարի Դամասկոսի օդանավակայանին հասցված հարվածները ոչ միայն խաթարեցին ավիահաղորդակցությունը, այլեւ դժգոհություններ առաջացրեցին Իրանի պաշտոնյաների շրջանում ռուսական կողմի նկատմամբ: Թեհրանն ու նրան հավատարիմ խմբավորումներն ակնկալում էին, որ ՌԴ-ն կփորձի կանխել հարձակումներն օդանավակայանի վրա: Իրանցիները պնդում են, որ հենց դա է իրենց, Ռուսաստանի ու սիրիական ղեկավարության միջեւ պայմանավորվածությունների առարկան: Վերջին շաբաթներին լուրեր են տարածվում, որ Իսրայելը վախենում է հարվածներ հասցնել Դամասկոսի օդանավակայանի շրջանում, իբր, այնտեղ հայտնված իրանական հակաօդային պաշտպանության միջոցների պատճառով: Հակամարտության մասնակիցներից եւ ոչ մեկը պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկատվությունը:
Սաուդյան Արաբիայի «Աշարք ալ Աուսատ» թերթի աղբյուրները, իրենց հերթին, հայտնել են, որ Իսրայելը դեմ չէ հարվածել նաեւ Բեյրութի օդանավակայանին, եթե իրանական զենքը «հայտնվի նաեւ այնտեղ»: Մինչ այդ հրեական պետությունը զերծ էր մնում նման բացահայտ սպառնալիքներից:
Արդյոք Միխայիլ Բրոդսկու հայտարարությունը, որ Ռուսաստանի հետ հրեական պետության կապերն անվտանգային առումով ավելի կարեւոր են, քան Ուկրաինայի հետաքրքրությունները, որքանո՞վ է կապված Մոսկվայի ու Թել Ավիվի միջեւ հնարավոր ինչ-ինչ պայմանավորվածությունների հետ: Այն, որ ռուսական շրջանակներուն ՄԱԳԱՏԷ-ի խմբի թեհրանյան այցից «ոչ ոք բեկում չի ակնկալում», ավելի շատ ցանկության արտահայտություն է թվում, քան իրավիճակի արձանագրում։ Եթե ռուս-իսրայելական համագործակցություն կա Սիրիայում, ռուս-իրանական հարաբերությունների հեռանկարները, ըստ էության, մշուշոտ են դառնում: