Հրանտ Մաթեւոսյանի անվան կենտրոնացված համակարգի գրադարանում կայացավ հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ: Գրողի եւ նրա ստեղծագործությունների նկատմամբ նաեւ լոռեցիների անհագ հետաքրքրասիրությունը պարզ ու շիտակ ներկայացրեց հանդիպման մասնակից, հայտնի երգահան, արվեստագետ Գագիկ Աղաբաբյանը՝ պատմելով, որ գրադարանի աշխատակիցները եւ իր ընտանիքի անդամները անհամբերությամբ հերթի են կանգնել, թե երբ իրենց կհասնեն գրողի գրքերը, որոնք կարդացվում են մեկ շնչով, անհագ հետաքրքրությամբ: Եվ այժմ ուրախ են, որ գրողից նվեր են ստանում իր իսկ ստեղծագործություններից:
Այո, գրողը իր գրքերից մեկական օրինակ նվիրեց ընթերցասեր լոռեցիներիս: Ներկաները ծափողջույններով ընդունեցին գրադարանի տնօրենի պաշտոնակատար Տաթեւ Աղաբաբյանի հայտնած լուրն այն մասին, որ Աշոտ Աղաբաբյանը «Վերջին անգամ ենք ապրում» գրքի համար «Բուկինիստ-2022 թ.» մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշմամբ արժանացել է տարվա հայ լավագույն գրողի համար սահմանված մրցանակին: Տաթեւ Աղաբաբյանը ներկայացրեց գրողի կյանքն ու ստեղծագործությունը: Մեծ տպավորություն թողեց անվանի լրագրող, գրող Հրաչյա Մաթեւոսյանի կարծիքը, որով գրողը ներկայանում է որպես «լրագրողի, հրապարակախոսի, խմբագրի տարբեր աստիճաններով խորացած-բարձրացած, դեռ մանկությունից իր Կողբի բնությունն ու մարդու ներդաշնությունն իր մեջ առած, Զիկատարի աչք-ականջը մտած, գրողի մենակությանը ձուլված անձնավորություն»:
Նրա ստեղծագործության մասին խոսք ասաց Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը։ Աշոտ Աղաբաբյանի վեպերից հատվածների կոմպոզիցիոն ընթերցմամբ հանդես եկան Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Սարգիս Ավետիսյանը եւ Վանաձորի պոեզիայի թատրոնի սան Մանե Սոֆյանը, դաշնակահարուհի Գայանե Անդրեասյանը կատարեց երգահան Գագիկ Աղաբաբյանի «Աշնանային մեղեդի» ստեղծագործությունը։ Հարց ու պատասխան ձեւաչափով հետաքրքիր զրույց ծավալվեց գրողի եւ ներկաների միջեւ։ Գրողը խոսեց վեպերում ներկայացված դեպքերի ու դեմքերի, առանցքային թեմաների, փաստերի ու դրանց ուսումնասիրման ընթացքի մասին։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի