ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից տերությունների՝ Թուրքիայի ու Հունաստանի հարաբերությունները կրկին սրվել են: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է հունական կործանիչներ որսալու մասին, որոնք ներխուժել են այն ջրային շրջանի օդային տարածք, որն Անկարան իրենն է համարում: Իսկ հունական ԶԼՄ-ները հայտնել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է միակողմանի քայլի՝ իր բացառիկ տնտեսական գոտու սահմանների հռչակմանը, այդ թվում՝ Էգեյան ծովում, եթե Հունաստանը չգնա զիջումների եւ իր զորքերը դուրս չբերի մի շարք կղզիներից:
Հունական ինքնաթիռների գրավման միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը: «Հունաստանի ռազմաօդային ուժերը փորձում էին որսալ մեր ինքնաթիռները, որոնք միջազգային օդային տարածությունում խնդիրներ էին լուծում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում: ՆԱՏՕ-ի առաքելությունը հաջողությամբ կատարված է»,- նշված է թուրքական պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Գործնականում հունական ու թուրքական ինքնաթիռները հայտնվել են նույն վայրում՝ Էգեյան ծովի կղզիների շուրջ 10 մղոնանոց գոտում: Անկարայում կարծում են, որ Հունաստանի օդային տարածքը պետք է տարածվի միայն 6 մղոնի վրա:
Սա նման կարգի առաջին միջադեպը չէ այս տարվա ընթացքում: Օրինակ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն օգոստոսին հայտարարել է, որ հունական կործանիչներն արգելափակել են թուրքական ռազմական ինքնաթիռների ռադարները: Այս երկու երկրների հակամարտությունը, որը շատ հին պատմություն ունի, սրվել է սեպտեմբերին, երբ հունական բանակը զրահատեխնիկա մտցրեց Սամոս ու Լեսբոս կղզիներ: Թուրքիայում հենվում են 1923 թ. Լոզանի եւ 1947 թ. Փարիզի պայմանագրերի վրա: Համաձայն այդ փաստաթղթերի թուրքական մեկնաբանության՝ Հունաստանն իրավունք չունի ծանր տեխնիկա տեղակայել այդ կղզիներում: Եղան թուրք քաղաքական գործիչներ, ովքեր խոստանում էին ուժ կիրառել: «Թուրքիան չի անտեսի իր դեմ ուղղված սպառնալիքները: Ով քամի է ցանում, փոթորիկ կհնձի: Կամ Հունաստանը հետքայլ կկատարի եւ կհետեւի համաձայնագրերին, կամ Թուրքիան անհրաժեշտ քայլեր կկատարի: Մի անգամ գիշերով եւ հանկարծակի»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ ամենեւին չանհանգստանալով, որ «մի անգամ գիշերով եւ հանկարծակի» արտահայտությունը հնչում է միանգամայն այլ կերպ՝ «մի անգամ նենգաբար ու գաղտագողի»: Իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ թուրքական «Թայֆուն» հրթիռները, «իհարկե, մի օր կհարվածեն» Աթենքին:
Որոշակի լռությունից հետո, ինչպես տեսնում ենք, իրավիճակը կրկին սրվել է։ Օրերս հունական լրատվամիջոցները հայտնել են, որ Բրյուսելում փակ ձեւաչափով հանդիպում է կայացել Հունաստանի վարչապետի դիվանագիտական գրասենյակի տնօրեն Աննա-Մարիա Բուրի եւ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի միջեւ։ Ինչպես հայտնել է «Newsbreak» պորտալը, զրույցը կայացել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական խորհրդական Յենս Պլյոտների ներկայությամբ։ Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին, սակայն լրատվամիջոցներն այդ մասին միայն հիմա են տեղեկություններ հաղորդում:
Անհրաժեշտ է հասկանալ, որ կողմերի միջեւ լիարժեք բարիդրացիական հարաբերությունների մասին, անկասկած, խոսք լինել չի կարող: Թուրք-հունական հակամարտությունը էքզիստենցիալ է, որի արմատները տանում են դեպի դարերի խորքը, երբ աճող Օսմանյան կայսրությունը սկսեց հույներին դուրս մղել Փոքր Ասիայից: Դիմակայությունը շարունակվեց նույնիսկ այն բանից հետո, երբ երկու երկրները 20-րդ դարում դարձան ՆԱՏՕ-ի անդամներ: Եվ չնայած այն հանգամանքին, որ այդ փաստն ինքնին բացառում է նրանց միջեւ բախման հավանականությունը, կողմերը բազմիցս հայտնվել են ռազմական հակամարտության շեմին՝ կապված տարածքի ու էներգակիրների շուրջ վեճերի հետ:
Առաջին անգամ Թուրքիան անուղղակի, բայց հստակ նախազգուշացրել է Հունաստանին, որ ձեռնամուխ է լինում Էգեյան ծովում ու Արեւելյան Միջերկրածովյանում իր բացառիկ տնտեսական գոտու սահմանների հռչակմանը։ Նրա պահանջն այն է, որ հույները դուրս բերեն իրենց զորքերը Էգեյան ծովի արեւելյան եւ Դոդեկանեսի կղզիներից:
Այս դեպքում խոսքն ավելիի մասին է, քան երկու երկրների միջեւ տարածքային վեճը: Արեւելյան Միջերկրածովյանի թուրքական բացառիկ տնտեսական գոտու սահմանների հռչակումը կհանգեցնի բարդ իրավիճակի. Թուրքիայի հարաբերությունները կսրվեն նաեւ Կիպրոսի ու Եգիպտոսի հետ: Իսկ դա երկու երկրների դիմակայությունը կբարձրացնի նոր մակարդակի:
Էրդողանի համար, ի դեպ, դա ճիշտ ժամանակին կատարված քայլ կլինի արտաքին քաղաքական պատճառներով: Երկրում գործնականում սկսվել է նախընտրական քարոզարշավը: 2023 թ. ամռանը Թուրքիան նոր նախագահ պետք է ընտրի: Միեւնույն ժամանակ, ըստ հարցումների, Էրդողանը գործնականում նկատելիորեն հետ է մնում ընդդիմադիր ցանկացած գործչից: Անփոխարինելի ղեկավարի երկարատեւ կառավարումից թուրքերն ակնհայտորեն հոգնել են: Էրդողանի օգտին չէ նաեւ երկրում առկա տնտեսական իրավիճակը: Արժեզրկման բարձր տեմպի պատճառով շատ թուրքեր իշխանափոխություն են պահանջում: Թուրքիայի գործող նախագահի հույսն ակնհայտորեն արտաքին քաղաքական միավորներն են: Նա փորձում է որպես միջնորդ հանդես գալ ռուս-ուկրաինական հակամարտությունում, օգնում է «հացահատիկային գործարք» կնքել: Հավանաբար, այդ ջանքերի մի մասը, որոնք կոչված են ազդեցություն գործել հայրենասիրաբար տրամադրված ընտրողների վրա, Հունաստանի հետ հարաբերությունների սրումն է: Այլ հարց է, որ հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Բայց, ինչպես երեւում է, դա Էրդողանին չի անհանգստացնում:
Նշենք նաեւ, որ բանակցություններն ընթացել են բաց օրակարգով, ինչը նշանակում է, որ քննարկվող թեմաների քանակը կարող է փոխվել՝ կախված իրավիճակից: Ամենայն հավանականությամբ, խոսվել է ռազմական ընդհարումներից խուսափելու մասին: Կարող էին քննարկվել նաեւ ընդհանուր տնտեսական նախագծերի հետ կապված հարցեր, որոնք կնվազեցնեն լարվածությունը: Բայց տարաձայնություններն այսօր անհնար է լուծել: Առաջիկայում ընտրություններ կանցկացվեն նաեւ Հունաստանում, եւ Էդողանն ու Միցոտակիսը չեն կարող իրենց ընտրողներին բացատրել սեփական զիջումները:
Թուրքիայի ու Հունաստանի հակամարտությունը հավերժական է թվում: Հույների համար Ստամբուլն ու Իզմիրը միշտ կմնան որպես Կոստանդնուպոլիս եւ Զմյուռնիա: Այս երկու երկրները ՆԱՏՕ-ի կազմում նույն ժամանակ ընդգրկվեցին՝ նաեւ այն բանի համար, որպեսզի նրանց դիմակայությունը լինի վերահսկողության տակ: Բայց հակամարտությունների պատմության փորձը վկայում է, որ վերահսկողությունը հավերժական կյանք չունի…