Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի եռահարկ շենքի երկրորդ հարկն օրերս ամբողջովին «նվաճեց» լոռեցի գեղանկարիչ Վարդան Մերջանյանը՝ իր կես դարից ավելի ժամանակում արարած 113 լավագույն կտավներով: Ոչ միայն Հայաստանին, այլեւ ցանկացած երկրի պատիվ բերող, հոգու, մտքի, ձեռքի զորեղության արգասիք ցուցահանդեսը, որ սիրով նվիրված է նկարչի 75-ամյա հոբելյանին, հնարավոր դարձավ եւ թանգարանի հանրույթի, եւ գրող, հրատարակիչ, մշակութաբան, «Վան Արյան» հրատարակչության տնօրեն Վիլյամ Պողոսյան ընկերոջ ջանքերի շնորհիվ: Ցուցահանդեսի բացման օրը Վ. Պողոսյանը մի անակնկալ էլ արեց. նա իր հետ բերել էր նկարչի եւ հրատարակչի պատանեկան տարիներին սկսված եւ մինչեւ օրս շարունակվող մտերմության արդյունքում ծնված գողտրիկ մի գրքույկի ազդօրինակներից՝ «Վարդան Մերջանյան» վերտառությամբ, որտեղ ներկայացված են գեղանկարչի մի շարք ստեղծագործությունների գունավոր վերատպությունները, արվեստաբան Արմեն Գասպարյանի գնահատանքի խոսքը, կարծիքներ գեղանկարիչի մասին:
Ցուցահանդեսի բացմանը թանգարանի տնօրեն Հայկուհի Ավագյանը ներկայացրեց նկարչի կենսագրությունը. ծնվել է 1947 թ. Երուսաղեմում: Նույն թվականին ընտանիքով տեղափոխվել են Հայաստան եւ հաստատվել Կիրովականում: Սովորել է տեղի նկարչական դպրոցում, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում ու գեղարվեստատեխնիկական ուսումնարանում: Մասնակցել է քաղաքային, հանրապետական, միջազգային ցուցահանդեսների՝ Փարիզ (2005 թ., 2006 թ.), Մոնտե Կարլո (2006 թ.), Երեւան (2009 թ.), Գյումրի (2009 թ.), Վանաձոր` տարբեր տարիների: Հայրենի քաղաքում անհատական ցուցահանդես բացում է առաջին անգամ: Նրա ստեղծագործություններից տեղ են գտել անհատական հավաքածուներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Պարսկաստանում, Հունաստանում, Հայաստանում:
Գնահատանքի պարզ ու անպաճույճ խոսքեր ասացին գեղանկարիչ Փափագ Ալոյանը, Վիլյամ Պողոսյանը, սպորտի եւ արվեստի ոլորտի ներկայացուցիչ Վազգեն Բադալյանը, գյումրեցի քանդակագործ Արթուր Պապոյանը: Վ. Բադալյանը ընկերոջը նվիրեց նկարչի ծննդյան տարում թողարկված խորհրդային 75 տարեկան 100 ռուբլիանոց:
Կազմակերպիչներին, արվեստագետ ընկերներին, ներկաներին շնորհակալական խոսք ասաց Վ. Մերջանյանը՝ խոսքն ավարտելով հետաքրքիր հորդորով. «Սիրեք իրար եւ արվեստը, երկուսն էլ ուժ ու զորություն են տալիս մարդուն: Անտարբերությունը մահ է…»:
Նկարչի արվեստի երկրպագուները շրջեցին դահլիճում, կանգ առան նրա ստեղծագործությունների առջեւ, խորհեցին, զմայլվեցին ու զգացին, որ իրենք արվեստի մի ուրույն, զարմանահրաշ աշխարհում են հայտնվել:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի