Ադրբեջանական գազի գործոնը տարածաշրջանում շատ բան է որոշում։ Բազմիցս ենք ասել՝ ընդհանրապես արտաքին քաղաքականության հզոր գործիքներից են էներգակիրները եւ հացահատիկը։ Այդ ամենի ականատեսը եղանք ռուս-ուկրաինական ծավալումների համապատկերում, երբ, չնայած Ռուսաստանի դեմ հաստատված եվրոպական պատժամիջոցների ինը փաթեթի, էներգետիկ եւ պարենային ճգնաժամ եղավ հենց Եվրոպայում։ Բնականաբար, եթե եվրոպական տիրույթում կա ճգնաժամ, թյուրքական տանդեմը զերծ չէր մնալու հարմար առիթից եւ խաղեր էր տալու հենց Ռուսաստանի թիկունքում, թեեւ բազմիցս այդ տանդեմը խոսում է ռուսական կողմի հետ բարիդրացիական հարաբերությունների մասին, ավելին՝ Ադրբեջանն էլ համարվում է Ռուսաստանի դաշնակից պետություն։
Բնականաբար, այս ամենը չի կարող չառնչվել մեզ՝ Հայաստանին եւ Արցախին։ Եվրոպան, որ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու քայլեր է ձեռնարկում, չի կարող չփայփայել թյուրքական կողմի հետ բարեկամությունը, եթե նույնիսկ այդ կողմի երկու պետությունների բռնապետ ղեկավարներն ամենօրյա գործնական սպառնալիքների են դիմում Հայաստանի եւ Արցախի ուղղությամբ։ Ինչ կա որ, եթե շահը պահանջում է, կարող են մի կողմ թողնել իրենց փայփայած ժողովրդավարական երկրին՝ ի դեմս մեզ, եւ սիրաշահել բռնապետերին։ Սա այն է, ինչ կոչվում է բազմակի ստանդարտների քաղաքականություն։ Այո, Եվրոպայում կգտնվեն ազնիվ քաղաքական գործիչներ, որոնք կբողոքեն սրա դեմ եւ կպաշտպանեն հայկական շահը, բայց իրենց երկրների պետական ընդհանուր քաղաքականությունում նրանք ոչինչ փոխել չեն կարող։ Եթե նույնիսկ պետությունների կառավարությունները գիտակցում են, որ, օրինակ, Ադրբեջանն իրենց, բառիս բուն իմաստով, հիմարեցնում է եւ ստիպում անտեսել սկզբունքները։ Այն է՝ Եվրոպան հանուն սկզբունքների հրաժարվում է ռուսական գազից, բայց ադրբեջանական կողմը Եվրոպային վաճառում է նաեւ ռուսական գազ։
Նավթի եվրոպական շուկայում Ադրբեջանը դեռ 2000-ականներից է ամրապնդվել. հիշենք հայտնի «դարի գործարքը»։ Բայց գազի շուկայում Եվրոպայում Ադրբեջանը նոր է հայտնվել, ավելի ստույգ՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, եւ այս մասին նաեւ «Լույս» հիմնադրամն է խոսում։ Ըստ որի՝ վերջին տարիներին Ադրբեջանում էներգակիրների արդյունահանման գործընթացում աստիճանաբար գազի դերակատարությունը մեծանում է նավթի արդյունահանման շարունակական անկման համատեքստում։ Նախորդ տարի Ադրբեջանը նավթի վաճառքից ստացել է 13.9 մլրդ դոլար, իսկ գազի վաճառքից՝ 6.5 մլրդ դոլար, սակայն այս տարի տարբերությունն ավելի է կրճատվել. 2022 թ. առաջին եռամսյակում Ադրբեջանը նավթի վաճառքից ստացել է 3.8 մլրդ դոլար, իսկ բնական գազի վաճառքից՝ 3.5 մլրդ դոլար։ Ըստ «Բրիթիշ Փեթրոլիումի»՝ 2021-ին Ադրբեջանում ինչպես նավթի, այնպես էլ գազի արդյունահանումը կազմել է համաշխարհային արդյունահանման 0.8 տոկոսը։ Ընդ որում՝ Ադրբեջանում նավթի արդյունահանումը 2021-ին կազմել է շուրջ 35 մլն տոննա (2011-ին այդ ցուցանիշը 46 մլն էր), իսկ 2011-2021 թթ. նավթի արդյունահանումը կրճատվել է տարեկան միջինը 2.7 տոկոսով (անկումը 10 տարում՝ շուրջ 24 տոկոս): Փոխարենը 2021 թ. 2011-ի համեմատ Ադրբեջանում գազի արդյունահանումը կրկնապատկվել է՝ կազմելով 31.8 մլրդ խմ: 2011-2021 թթ. Ադրբեջանում գազի արդյունահանման միջին տարեկան աճը կազմել է 7.21 տոկոս: 2020 թ. դրությամբ Ադրբեջանի բնական գազի հաստատված պաշարները կազմում են շուրջ 2.5 տրլն խմ կամ համաշխարհային հաստատված պաշարների 1.3 տոկոսը։ 2021-ին Ադրբեջանում բնական գազի սպառումը կազմել է 12.7 մլրդ խմ այս ցուցանիշը 2011-2021 թթ. աճել է տարեկան միջինը 3.6 տոկոսով։
Ըստ «Բրիթիշ փեթրոլիումի» զեկույցի՝ 2021-ին Ադրբեջանից բնական գազի արտահանումը խողովակաշարով կազմել է 19.5 մլրդ խմ, որից 8.2 մլրդ՝ դեպի ԵՄ, 11.3 մլրդ՝ դեպի Վրաստան եւ Թուրքիա։ Դեպի Եվրոպա արտահանվող ադրբեջանական էներգակիրների էական մասն ուղղվում է Իտալիա։ Բաքուն Իտալիայի նավթի ամենախոշոր մատակարարն է, իսկ բնական գազի՝ 3-րդ ամենախոշոր մատակարարը (հիմա հասկանալի են, չէ՞, մեր տարածաշրջանում թյուրքական կողմի հանդեպ իտալական քաղաքականության շեշտադրումները,- Ա. Մ.)։
2021-ին Հարավային գազային միջանցքի միջոցով դեպի ԵՄ մատակարարված ադրբեջանական գազը կազմել է ԵՄ սպառման ընդամենը 2 տոկոսը։ ԵՄ սպառման ցուցանիշը 400 մլրդ խմ է։ Այս տարի, հաշվի առնելով նշված միջանցքով մատակարարման ծավալների ավելացումը, պարզ է, որ ԵՄ սպառման մեջ ադրբեջանական գազի՝ բաժինն ավելի մեծ է լինելու։
Բայց այստեղ կա կարեւոր մի փաստ, որին կուզեինք ուշադրություն դարձնել։ Բանն այն է, որ ադրբեջանական գազի Եվրոպա արտահանման հնարավորությունները, այնուամենայնիվ, սահմանափակ են։ Տրանսանատոլիական գազատարը ամբողջությամբ ծանրաբեռնված է արդեն, եւ այս մասին դեռ այս տարեսկզբին գազատարի կոնսորցիումի տնօրենն էր նշել։ Մյուս գազատարը Հարավային գազային միջանցքն է, այո, ե՛ւ եվրոպական, ե՛ւ ադրբեջանական կողմերը ձգտում են դրա ընդլայնումն արագացնել, բայց դա էլ տարեկան մի քանի մլրդ խմ կկազմի։ Եվ այս մի քանի մլրդ-ի համար բարոյական սկզբունքներ ու արժեքներ քարոզող Եվրոպան գերադասում է անսկզբունքայինի ու անարժեհամակարգի «տիտղոսը»։
Զուր չէ, որ Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն մեղադրում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենին, «ով այցելել է Բաքու, «ծնկի է իջել», համբուրել է Ալիեւինը եւ նրան անվանել Եվրոպայի վստահելի դաշնակից»։ Ստորագրած փաստաթուղթը Բուայեն անվանել է «վրդովեցուցիչ փաստաթուղթ»։ «Մենք չենք խոսում Հայաստանի մասին, չենք խոսում Թուրքիայի հանցագործությունների մասին, Սիրիայի, Իրաքի, Լիբիայի մասին, որոնք Թուրքիայի սպառնալիքների տակ են: Հայերը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կարող են նորից ենթարկվել ցեղասպանության, եւ դա կարող է նախադեպ դառնալ մյուսների համար»,- զայրացել է Սենատի անդամը։ Նա մտահոգված է՝ տեսնելով, թե «ինչ աստիճանի է Հայաստանն անտեսվում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից»՝ դա համարելով ստորացում եւ ամոթ։
Բուայեն խոսում է նաեւ ադրբեջանական երկերեսանիությունից (այն, ինչ վերեւում նշեցինք)։ Այն է՝ նրա խոսքով «Ադրբեջանն արտահանում է ավելի շատ գազ, քան արտադրում է, այնտեղ կա նաեւ ռուսական գազ, որը Ռուսաստանից գնում են ու վաճառում ավելի թանկ գնով, եւ նրանք երկերեսանիությամբ են զբաղվում»:
Ինչեւէ, այս ամենը գալիս է մեկ անգամ եւս ապացուցելու. նախ մենք պետք է մեր իրավունքներին տեր կանգնենք։ Մեր փոխարեն դա ոչ ոք չի անի։ Եթե նաեւ հաշվի առնենք, որ ոչ ոք դա պարտավոր էլ չէ անել, ավելի շուտ կկարողանանք մտածել մեր քայլերի մասին։