Ուկրաինայի նախագահը պաշտոնական այցով ԱՄՆ-ում է։ Ամենեւին պատահական չէր, որ այցն իրականացավ հենց այս օրերին. 118-րդ Կոնգրեսի աշխատանքները մեկնարկում են հունվարի 3-ին, եւ շուտով կլրանա ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին: Զելենսկին իր այցի ընթացքումերկու բանի հույս ուներ՝ հաջորդ Կոնգրեսում կրկին ապահովել ռազմական եւ ֆինանսական աջակցությունն Ուկրաինային, եւ համոզել Բայդենի վարչակազմին ուղարկել ավելի հզոր սպառազինություն՝ ներառյալ բանակի մարտավարական հրթիռային համակարգը (ATACMS):
Իր այցի ընթացքում Բայդենի վարչակազմը պաշտոնապես հայտարարեց «Պատրիոտ» հակահրթիռային պաշտպանության համակարգն Ուկրաինային տալու մասին։ Դրան էին ձգտում ուկրաինացիները վերջին մի քանի ամիսների ընթացքում: Բայց Միացյալ Նահանգների նպատակն, իրականումն աջակցելն է Ուկրաինային՝ միաժամանակ ձգտելով, որ Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չներքաշվեն պատերազմի մեջ։ Դա նշանակում է, որ Բայդենի վարչակազմը դեռեւս Զելենսկիին չի հանձնի այն զինամթերքները, որ նա իսկապես ցանկանում է:
Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում Ուկրաինայի մասով Բայդենը հայտարարել է. «Ես երբեք չեմ տեսել, որ ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն ավելի միասնական լինեն որեւէ բանի շուրջ»: Այնուամենայնիվ, երբ հարցրին բանակի մարտավարական հրթիռային համակարգի (ATACMS) մասին, Բայդենը շեշտեց, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ, եւ որ այդ հատուկ սպառազինությունը կարող է խաթարել ՆԱՏՕ-ի ներքին միասնությունը: Ըստ էության՝ աջակցության ձեւաչափն էապես չի փոխվի մոտ ապագայում։