Արցախյան առաջին պատերազմի մեկնարկն ուներ մեկ պատճառ՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, երբ հանրաքվեի միջոցով Արցախի Հանրապետության քաղաքացիների կայացրած ինքնորոշմանը Բաքուն պատասխանեց ռազմական ագրեսիայով: Վերջինիս զինված ստորաբաժանումները հարձակվեցին Արցախի խաղաղ բնակավայրերի վրա, օկուպացրին նրա տարածքի գերթե 30 տոկոսը, ինչին հետեւեց Արցախի ժողովրդի հակահարվածը: Վերջին 27 տարիներին ձեւավորելով զոհի իր կերպարը՝ այդ երկիրը փորձում էր խնամքով քողարկել այն իրողությունը, որ 7 շրջանների կորուստը սեփական նախաձեռնությամբ հրահրված ագրեսիայի հետեւանք է եղել: Կարելի էր ենթադրել, որ արցախյան երրորդ պատերազմից հետո գոնե այս հարցում Ադրբեջանը կհրաժարվի պատմության կեղծման իրեն բնորոշ վարքագծից: Բայց սպասումները, ինչպես միշտ, սին էին:
Հայ ռազմագերիների դեմ այս երկրում մեկնարկած դատավարությունը փաստում է, որ Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ շարունակում է կեղծել պատմությունը, եւ սա բնական է, քանի որ այլ կերպ չի կարող բացատրել պատմական հայկական տարածքների վրա իր արհեստածին գոյությունը: Նա դա կարող է անել միայն գողանալով մեր պատմության էջերը, ինչն անում է պետական քաղաքականության միակ գծին համապատասխան: Հայ գերիների պահման եւ նրանց դեմ հարուցված շինծու քրեական գործերով Բաքուն լուծում է առնվազն երեք խնդիր՝ կեղծել Արցախի Հանրապետության կայացման պատմությունը, հետ վերադարձնել ՀՀ արդարադատության կողմից օրինական հիմքերով դատապարտված երկու սիրիացի ջիհադիստ ծայրահեղականներին եւ առաջիկա բանակցային գործընթացում ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա:
Բաքվում մեկնարկած դատական գործընթացները փաստում են, որ թիրախավորվում են 50 եւ ավելի տարիք ունեցող հայ ռազմագերիները: Այս պահին քննվում է ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի քրեական գործը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ադրբեջանական քրեական օրենսդրության այնպիսի հոդվածներով, որոնք պատիժ են նախատեսում կտտանքների, պատերազմի օրենքների խախտման, զինվորական կազմավորումներին մասնակցության, պետական սահմանի անօրինական հատման համար։
Բաքուն դրանով փորձում է վերահաստատել նախորդ դարի 90-ական թվականներին իր իսկ սանձազերծած պատերազմում «զոհ» լինելու սեփական կարգավիճակը եւ կատարած պատերազմական հանցագործությունները վերագրում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին: Այդ երկրի ուժային կառույցները դա անում են ռազմագերիներին վախեցնելու, շանտաժի ենթարկելու ու այլ մեթոդների գործադրմամբ: Դրանով փորձում են սրբագրել սեփական պատմության հերթական սեւ էջերը՝ ռազմագերիներին մեղսագրելով արցախյան առաջին պատերազմին մասնակցությունը, ադրբեջանցի զինվորների սպանությունը, նրանց կտտանքների ենթարկելը։ Ստեղծվում է այն տպավորությունը, թե արցախյան առաջին պատերազմը Արցախի ժողովուրդն է սկսել:
Բաքվում ընթացող դատական-թատերական մեկ այլ գործընթացի շրջանակներում դատախազը 20 տարվա ազատազրկում է պահանջել լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի համար, որին ադրբեջանցիները Մարալ Նաջարյանի հետ գերեվարել էին հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրման հենց հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, երբ վերջիններս գնացել էին Շուշի՝ իրենց իրերի հետեւից։ Մինչ դատավարությունը՝ տաքսու վարորդ Էուլջեքչյանին Ադրբեջանը ներկայացրել էր որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան՝ մոռանալով, որ նրա հետ գերեվարված Մարալ Նաջարյանին ազատ էր արձակել առանց որեւէ մեղադրանքի: Այս դատավարությամբ Ալիեւը փորձում է պատասխանել Հայաստանում երկու սիրիացի ահաբեկիչների քրեական գործին:
Պաշտոնական Բաքվի նման վարքը բավականին պարզունակ է, եւ միանշանակ է, որ դա շատ թույլ միջոց է արցախյան խնդրի քաղաքական կարգավորման գործընթացի վրա ազդելու համար: Ադրբեջանը դրանում շատ շուտ կհամոզվի եւ ստիպված է լինելու վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին: Պատմությունը կեղծելու Բաքվի նման էժանագին քայլերը նույնպես հեռու են արդյունավետությունից, քանի որ Արցախի Հանրապետության շուրջ շուտով մեկնարկելիք քաղաքական բանակցություններում առաջնային են լինելու փաստագրված իրավական հիմնավորումները, որոնք Ադրբեջանն ի զորու չի լինի վերացական ստերով կեղծել: